• Պատրաստության օրեր՝ Սբ. Խորանի սպասավորների համար

    «Բաժակ սրբութեան ընկալայց եւ զանուն Տեառն կարդացից», Սղմ. 115,13


    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի նախաձեռնությամբ 2025թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդության մեջ կազմակերպվեցին 4-օրյա դասընթացներ՝ համայնքների Սուրբ Խորանի սպասավորների համար՝ նրանց հոգևոր ձևավորման, Սուրբ Պատարագի և սպասավորության վերաբերյալ գիտելիքների հարստացման, ծիսական հմտությունների զարգացման նպատակով: Դասընթացին մասնակցեցին 10-17 տարեկան 34 պատանիներ՝ Հայաստանի և Վրաստանի համայնքներից:

     

    Դասընթացի օրակարգը հագեցած էր աղոթքով, տեսական բանախոսություններով և քննարկումներով, գործնական աշխատանքով և ճանաչողական, մշակութային այցելություններով:

     

    «Խորանի սպասավորությունը և ինչու՞ է այն կատարվում, ի՞նչ է Սուրբ Պատարագը» թեմայով բանախոսեց Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը՝ մանրամասն և մատչելի լեզվով բացատրելով Սուրբ Պատարագի վսեմ և անզուգական Խորհրդակատարության իմաստը, հայկական ծեսի յուրահատկությունները և սպասավորության դերակատարությունը՝ Եկեղեցու կյանքում:

     

    Սուրբ Պատարագի աղոթքների արտասանության և երգեցողության գործնական աշխատանքները երկու օրերի ընթացքում ամենայն բծախնդրությամբ վարեց Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը՝ բացատրելով յուրաքանչյուր աղոթքի իմաստը, երգեցողության ձևը, Սուրբ Պատարագի ծիսական պարագաները, հանդերձանքը, գործողությունների ձևը և իմաստը:

     

    Վերջին օրը Հ. Պետրոսը խոսեց քահանայական ծառայության, Աստծուն ծառայելու կոչումը հասկանալու և այդ կոչման հետևելու մասին՝ պատանի սպասավորների հետ կիսելով իր անձնական փորձառությունը և աստվածային կոչմանը հետևելու իր հիշողությունները: Սպասավորներից ոմանք հետաքրքրված են քահանայական ծառայությամբ և վարդապետի ու քահանաների խոսքերը ընդունեցին որպես հրավեր մտածելու իրենց հնարավոր քահանայական կոչման մասին, որը զատորոշելու համար հարկավոր է շարունակական աղոթք, կրոնական դաստիարակություն, լրջախոհություն, գիտելիքներ և սեր՝ Աստծո նկատմամբ:

     

    Հոկտեմբերի 31-ին պատանիները առիթն ունեցան նաև այցելելու Նորարար փորձառական արվեստի կենտրոն և դիտելու «Մժեղը» ներկայացումը (հեղինակ՝ Արա Արծրունի): Ներկայացումից հետո պատանիները հանդիպում ունեցան դերասանների հետ և նրանց հետ քննարկեցին ներկայացման բովանդակությունը, ստացան իրենց հարցերի պատասխանները:

     

    Նոյեմբերի 1-ին պատանիներն ուխտագնացություն կատարեցին դեպի Խոր Վիրապ սրբավայրը՝ Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի առաջնորդությամբ, աղոթեցին Սբ. Գրիգոր Լուսավորչին և խնդրեցին նրա բարեխոսությունը հայ ազգի սրբության և Հայ Կաթողիկէ Եկեղեցու պայծառության համար:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    3 նոյեմբերի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց