• Հոգևոր կրթություն. Սուրբ Հաղորդությունը՝ Մարիամի Լեգեոնի առաքելության առանցքը

    «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում է իմ արյունը, հավիտենական կյանքի ունի», Հվհ. 6


    2025թ. հոկտեմբերի 24-26-ը Ղազանչի գյուղի ժողովրդապետական կենտրոնում կազմակերպվեցին ամենամյա հոգևոր կրթության օրերը՝ Մարիամի Լեգեոնի Հայաստանի կառույցների համար՝ «Սուրբ Հաղորդությունը և Մարիամը` որպես Տապանակ Աստծո» ընդհանուր խորհրդածության թեմայով: Հոգևոր կրթությանը մասնակցեցին լեգեոնականներ Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Երևանի և Սպիտակի ժողովրդապետություններից: Հոգևոր կրթությունը ամբողջությամբ կենտրոնացած էր Սուրբ Հաղորդության առանցքային կարևորության և Աստվածածնի հետ անբաժանելի աստվածաբանական կապի վրա:

     

    Հոգևոր կրթության ամբողջ ընթացքը լի էր Սուրբ Հաղորդության երկրպագության և Վարդարանի հոգևորապես գերհարուստ, շատ գեղեցիկ աղոթքներով, լուռ աղոթական պահերով և բանախոսություններով, որոնք վարեցին Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը և Եղբ. Արմեն Ադամյանը՝ հետևյալ ենթաթեմաների շուրջ.

     

    – Սուրբ Հաղորդությունը` քրիստոնեական կյանքի առանցք,

    – Սուրբ Հաղորդությունը և Աստվածամայրը,

    – Ընդունել Սուրբ Հաղորդությունը Մարիամի ձեռքերով,

    – Իմ առաքելությունը` որպես քրիստոնյա և որպես լեգեոնական:

     

    Բանախոսություններին հաջորդում էին լուռ խորհրդածության պահեր և ընդհանուր քննարկումներ:

    Բանախոսներն իրենց խոսքը և մեկնաբանությունները կառուցել էին բազմաթիվ հղումներ կատարելով Սուրբ Գրքին, Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեական Վարդապետությանը, եկեղեցական հայրերին և Մարիամի Լեգեոնի ձեռնարկին: Լեգեոնի առաքելության նպատակն է՝ Աստվածամորը ծառայելով Աստծո ժողովրդին ի մի հավաքել Ամենասուրբ Հաղորդության շուրջ, Քրիստոսի Սուրբ Զոհի սեղանի շուրջ, ուղեկցել մարդկանց դեպի Սրբություն և սրբացում, դեպի Քրիստոսանմանություն՝ Աստվածամոր օգնությամբ և առաջնորդությամբ:

     

    Հոգևոր կրթության այս օրերը նաև միմյանց հետ ջերմորեն շփվելու գեղեցիկ առիթներ ընձեռեցին լեգեոնականներին:

     

    Հավելենք նաև, որ շուտով Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի արտոնությամբ լույս կտեսնի նաև Մարիամի Լեգեոնի ձեռնարկի հայերեն փորձնական հրատարակությունը:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    27 հոկտեմբերի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց