
«Լավ հովիվը իր կյանքն է դնում իր ոչխարների համար»
2025թ. սեպտեմբերի 26-ին լրացավ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի՝ որպես Հայաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց Առաջնորդ, գահակալության մեկ ամյակը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, այս կարևոր հոբելյանը զուգակցելով Սբ. Գևորգ Զորավարի տոնի հետ, որ Սրբազան Հոր անվանակից և հովանավոր սրբի տոնն է, Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարում, Առաջնորդ Հոր նախագահությամբ և Առաջնորդության Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Սրբազան Հոր և Առաջնորդության դիտավորությամբ՝ Տիրոջից հայցելով աստվածային շնորհներ և զորություն՝ այս հսկա առաջնորդական տարածքում սփռված հայ կաթողիկէ հավատացյալ ժողովրդին իմաստությամբ և սիրով դեպի սրբություն առաջնորդելու համար: Հայր Ներսեսին առընթերակայությամբ համապատարագում էին նաև Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը և Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը: Սուրբ Պատարագին մասնակցեցին նաև Անարատ Հղության հայ միաբան քույրերը, Հ. Անտոն Ծ. Վրդ. Թոթոնջյանը, Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը և Ամերիկայում երկար տարիներ ծառայած Վարդապետ Հ. Անտոն Ադամյանը: Անակնկալ այցելությամբ Սրբազան Հորը պատվեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ալեսսանդրո Ֆերրանտին՝ իր կնոջ հետ:
Հ. Ներսես Վրդ. Գալստյանը քարոզի ընթացքում ջերմորեն շնորհավորեց Սրբազան Հորը և բոլոր ներկաներին՝ Սրբազանի գահակալության մեկամյակի առթիվ՝ նրան մաղթելով աստվածառաք ամուր առողջություն և առաքելական ջերմեռանդություն՝ առաջնորդելու համար իրենց հանձնված հայ կաթողիկէ ժողովրդին այս դժվարին օրերում, երբ Հայաստանում և ամբողջ աշխարհում կա ընդհանուր անտարբերություն հոգևորի և սրբության կոչման նկատմամբ, երբ վտանգված է հայ հոգևորականի կերպարը և առանցքային դերակատարությունը՝ հայ ժողովրդի ազգային-քրիստոնեական ինքնության պահպանության և բարեզարդման աստվածադիր առաքելության մեջ: Անցած մեկ տարին լի էր բազում դժվարություններով և մարտահրավերներով, որոնք նորանշանակ Առաջնորդը հաղթահարեց իմաստությամբ և որպես գործակից ունենալով թեմի ողջ հոգևոր դասին՝ Առաջնորդության առջև բացելով առաջընթացի նոր հորիզոններ՝ լի աներկբա Հույսով, որ ինքնին Տերն է: Հ. Ներսեսը շեշտեց, որ այդ դժվարությունները Սրբազանը հաղթահարեց Սբ. Գևորգին բնորոշ արիությամբ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Սբ. Գևորգի քաջ կերպարի մասին խոսեց նաև Սրբազան Հայրը: Նա շեշտեց, որ ներշնչվում է իր անվանակից Սբ. Գևորգի քաջությամբ և բարեխոսությամբ և Սբ. Գևորգի կերպարով ոգեշնչված է արիաբար վերցրել իր եպիսկոպոսական ծառայության խաչը և աղոթում է, որպեսզի Աստված սրբի աղոթքներին ականջալուր լինելով մշտապես զորացնի իր սիրտը, միտքը և պայքարելու կամքը:
Հ. Ներսեսը նաև հիշեցրեց, որ հինգ տարի առաջ՝ այդ նույն օրը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, որին զոհ գնացին մեր արիասիրտ զավակները, որոնց հոգիների հանգստության համար Սբ. Պատարագից հետո կատարվեց նաև հոգեհանգստյան կարգ:
Սուրբ Պատարագից հետո Առաջանորդարանում տեղի ունեցավ ընթրիք և մտերմիկ զրույց՝ տոնելով Սրբազան Հոր գահակալության մեկամյակը:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
30 սեպտեմբերի, 2025թ.





