
Հավատում ենք, որ Ձեր առաջնորրդությունը զորացնում է մեր հավատքը, ամրապնդում մեր սիրո կապը և մեր եկեղեցին դարձնում ավելի լուսավոր
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը սեպտեմբերի 23-26-ը հովվական այցելությամբ գտնվում էր Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներում` Թբիլիսիում, ապա` Ջավախքում: Սեպտեմբերի 26-ին նա այցելեց նախ Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա գյուղ, որտեղ եկեղեցում օրհնեց և օծեց նոր տեղադրված խաչելության պատկեր, որը եկեղեցուն նվիրել են երեք բարերարներ:
Ջուլղա գյուղում Սրբազանն օծեց և նվիրագործեց մի նորակառույց մատուռ, որը ևս կառուցվել է բարերարի նվիրատվություններով: Օծման և օրհնության արարողությունների ժամանակ Սրբազան Հորն առենթարակայությամբ աղոթակցում էին տեղի ժողովրդապետ Տ. Սահակ Քհն. Աղեկյանը և Սալեզյան միաբան Հ. Պետրոս Ծ. Վրդ. Պետրոսյանը:
Առաջնորդն այցելեց նաև Նաոխրեբ գյուղը, որտեղ դա իր առաջին այցելությունն էր, քանի որ, ինչպես ինքն ասաց, նախորդ անգամներին չէր հասցնում լինել այդ գյուղում: Գյուղի հավատացյալները` հոգևոր հովիվ Տ. Պողոս Քհն. Գրիգորյանի առաջնորդությամբ սիրով և մեծ ջերմությամբ ընդունեցին Առաջնորդ Հորը: Երիտասարդները գեղեցիկ խոսքերով դիմավորեցին նրան` ասելով. «Այս տարին Հույսի Հոբելյանական տարի է, այդ խորհրդով մենք գոհաբանությամբ և աղոթքով դիմում ենք առ Աստված` խնդրելով Ձեզ համար առողջության և ծառայության շնորհներ: Հավատում ենք, որ Ձեր առաջնորրդությունը զորացնում է մեր հավատքը, ամրապնդում մեր սիրո կապը և մեր եկեղեցին դարձնում ավելի լուսավոր»:
Սրբազանը եկեղեցում հավատացյալներին դիմելով` խոսեց այն մասին, որ իր համար շատ կարևոր է հավասար սեր և ուշադրություն դրսևորել իր բոլոր հավատացյալ զավակների նկատմամբ: Երիտասարդներին խնդրեց գրի առնել և պահպանել մեծերի վկայությունները, հիշողությունները, որոնք հետագայում կդառնան պատմական վկայագրեր և կօգնեն պահել հավատքի ժառանգությունը, համայնքի հոգևոր ինքնությունը:
Տ. Հովսեփ Գալստյան
Դիվան Առաջնորդության կաթողիկէ հայոց
27 սեպտեմբերի, 2025թ.





