
Ով ուտում է իմ մարմինը և ըմպում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի։
2025թ. սեպտեմբերի 21-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հովվական այցելություն կատարեց Աշոցքի տարածաշրջանի Բավրա հայ կաթողիկէ համայնք և Սուրբ Նշան եկեղեցում մատուցեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ նաև երկու մանուկների առաջին Սուրբ Հաղորդության արարողությունը:
Սբ. Նշան եկեղեցու բակում Սրբազան Հորը դիմավորեցին համայնքի պարմանուհիները` ավանդական աղուհացով և հայկական տարազով, ողջույնի ջերմագին խոսքերով, տեղի ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի և հավատացյալ ժողովրդի հետ միասին: Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեցին նաև Տիրամայր Նարեկի հիվանդանոցի տնօրինությունը` Հ. Մարիո Վրդ. Կուկարոլլոն, Հասմիկ Համբարյանը, Հ. Ակակին, Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը, Բավրայի վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանը, Բավրայի դպրոցի փոխտնօրեն Սայաթ Սումբուլյանը:
ՀՀ անկախության տոնը զուգակցվեց ևս երկու տոնական ապրումներով` երկու մանուկներ` Նշան Սումբուլյանը և Մոնիկա Մարգարյանը, Սրբազան Հոր ձեռքով ստացան իրենց առաջին Սուրբ Հաղորդությունը, նաև այսօր լրացավ Առաջնորդ Հոր եպիսկոպոսական ձեռնադրության մեկամյա հոբելյանը:
Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց այս երեք կարևոր իրադարձությունների մասին` նախ շնորհավորելով ՀՀ անկախության գեղեցիկ տոնի առթիվ և մաղթելով, որպեսզի աստվածային օրհնությունները մշտապես ուղեկցեն մեր հայրենիքին` դեպի պայծառ և առավել բարեկեցիկ, խաղաղ և համերաշխ ապագա: Ապա բացատրեց Կենաց Հացի վերաբերյալ Հիսուսի խոսքերը, որոնք գտնում ենք Հովհաննեսի Ավետարանում. «Եթե չուտեք Մարդու Որդու մարմինը եւ չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա»։ Մեծահասակների մեջ էլ հաճախ կասկած կարող է առաջանալ, թե արդյոք այս փոքրիկ հացի մեջ իսկապես ներկա է Հիսուսի Մարմինը։ Որպեսզի այդ գիտակցությունը ունենանք, հարկավոր է անցնել շատ որոշակի մի ճանապարհ` պատրաստություն, որը իրենց պատասխանատվությունը համարեցին այս մանուկների ծնողները եւ տեղի քահանան` իր օգնականներով հանդերձ, շեշտեց Սրբազանը։
Տ. Հովսեփը Պատարագի ավարտին շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը այս շնորհալի առիթի համար, որ իր հայրական առաջին այցելությունը և օրհնությունը բերեց Բավրայի համայնքին, մատուցեց Սուրբ Պատարագը և երկու մանուկներին տվեց առաջին Հաղորդությունը Տիրոջ Մարմնին և Արյանը: Նաև շնորհավորեց Սրբազանին իր եպիսկոպոսական ձեռնադրության մեկ ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և բեղուն առաքելություն՝ որպես Առաջնորդ Կաթողիկէ Հայոց:
Ժողովրդի անունից Սրբազանին ողջույնի խոսքով դիմեց նաև Սայաթ Սումբուլյանը, ով շնորհակալություն հայտնեց իրենց համայնքին այցելելու և հայրական օրհնությունը շնորհելու համար և հրավիրեց հաճախակի այցելել Բավրա, որտեղ միշտ կգտնի ջերմ հյուրընկալություն:
Երիտասարդների անունից խոսք ասաց և իրենց գործունեության մասին պատմեց Մարինե Մարգարյանը. «Ձեր գալուստը մեզ համար մեծ ուրախություն է և ուժի աղբյուր… Թող Ձեր այցելությունը մեզ համար լինի նոր սերմեր ցանող, որոնք ապագայում պտուղ կտան՝ ի փառս մեր Տիրոջ և ի բարօրություն մեր ժողովրդի»։
Սուրբ Պատարագի ավարտից հետո Սրբազան Հայրը հրավիրվեց համայնքային կենտրոն, որի մոտ նախ վայելեց պարի խմբակի մանուկների պարը, ապա սրահում առաջին Սուրբ Հաղորդություն ստացած մանուկների և երիտասարդների հետ միասին կտրեց գեղեցիկ կարկանդակը և ջերմորեն զրուցեց հյուրասիրության սեղանի շուրջ:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
22 սեպտեմբերի, 2025թ.





