• Հոգևոր կրթության և աղոթքի օրեր` ճեմարականների համար

    Հայ կաթողիկէ հոգևորականը` հայաստանյան իրականության մեջ


    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ 2025թ. սեպտեմբերի 15-19-ը Երևանի հայ կաթողիկէ առաջնորդարանում կազմակերպվեցին հոգևոր կրթության օրեր Առաջնորդության ճեմարանականների համար, որոնց մասնակցեցին Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում աստվածաբանական կրթություն ստացող 6 ուսանողներ: Նրանք իրենց հոգևոր պատրաստությունը ստանում են Հռոմի Լևոնյան Հայկական Վարժարանում, իսկ աստվածաբանական կրթությունը` Հռոմի Գրիգորյան Պապական և Թովմա Աքվինացու նշանավոր համալսարաններում:

     

    Հոգևոր կրթության ընդհանուր թեման էր` «Հայ կաթողիկէ հոգևորականը` հայաստանյան իրականության մեջ. առավելություններ եւ մարտահրավերներ»: Բանախոսներն էին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը, Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանը, Գերպ. Հ. Պերճ Վրդ. Սապեն և Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը:

     

    Սրբազան Հայրը ճեմարանականներին ներկայացրեց Առաջնորդության ներկայիս ընդհանուր նկարագրի մասին իր վերլուծությունները. հոգևոր ժառանգությունը, որ ավանդվել է անցյալից, անծայրածիր առաքելության դաշտը, որ բացված է Առաջնորդության ներկայիս սակավաթիվ հոգևորականների առջև և որը պետք է մեծ եռանդով և ջանասիրությամբ շարունակեն քահանաների երիտասարդ սերունդները: Սրբազանը ընդհանուր պատկերացում տվեց նաև Առաջնորդության առջև ծառացած մարտահրավերների, խնդիրների մասին և դրանց լուծման վերաբերյալ սեփական ծրագրերի մասին, որոնք պատկերացնում է միասնական, սինոդական ծառայության համատեքստում` անշուշտ, նաև ապագա հոգևորականների մասնակցությամբ, որոնց շարքերը Աստծո կամոք պետք է համալրեն նաև այսօրվա ճեմարանականները:

     

    Հ. Ներսես Վրդ. Գալստյանը խոսեց հետևյալ երեք թեմաների շուրջ` «Եկեղեցի-ժողովուրդ կապի կարեվոր բաղադրիչը, պատասխանատվության զգացումը՝ հոգեվոր կյանքում», «Եկեղեցի-ժողովուրդ կապի գործնական դրսեվորումը. հոգևորական-հավատացյալ կապը», «Եկեղեցու փրկագործական դերի եվ նշանակության գիտակցումը»: Նա կիսվեց իր փորձառությամբ, որ ունի երկար տարիներ ծառայելով Տաշիրի հայ կաթողիկէ համայնքներին, բավական դժվարին պայմաններում և դիմակայելով տարաբնույթ մարտահրավերների և ունենալով առաքելության ընդարձակ դաշտ, որտեղ հարկավոր է լավ իմանալ սեփական ինքնությունը և պատրաստ լինել զոհոողությունների` խաչի տրամաբանությամբ: Խոսեց նաև քահանայի կերպարի ժամանակակից ընկալման մասին, որը չպետք է աղավաղված լինի շեղումներով և գայթակղություններով:

     

    Հ. Պերճ Վրդ. Սապեն խոսեց «Փոխվել, որպեսզի կարողանանք փոխել» թեմայով. նախ հարկավոր է սեփական կյանքը փոխել` այն արժեքների համաձայն, որոնց մասին խոսում ենք և հետագայում քարոզելու ենք: Նա հրավիրեց մտածելու Տեր Հիսուս Քրիստոսի ինքնության մասին և նրա վերաբերյալ մեր ունեցած անձնական կերպարի մասին. արդյո՞ք դա համապատասխանում է Հիսուսի իրական նկարագրին: Եթե ուզում ենք նմանվել Հիսուսին, պետք է սիրել նրան` նախևառաջ չորս Ավետարանների միջոցով: Ապագա քահանան պետք է մշտապես աշխատի սեփական հոգևոր ինքնության զարգացման վրա:

     

    Տ. Հովսեփ Գալստյանը խոսեց հետևյալ թեմաներով. «Սրբության կոչումը քահանայի կյանքում` մեր իրականության մեջ. քահանայի ապրումը և հասարակության ընկալումը», «Ամուսնացյալ քահանայությունը. երկու կոչում` մեկ զոհաբերություն» թեմաներով, որոնց ընթացքում, հիմնվելով Սուրբ Գրքի բազմաթիվ հատվածների վրա, խոսեց քահանայության սրբության սուրբգրային ընկալման, քահանայական ինքնության մեջ զոհաբերության առանցքային սկզբունքի մասին, և թե ինչպես կարելի է ամուսնացյալ քահանայության մեջ ներդաշնակ ձևով ապրել երկու առաքելություն` քահանայագործությունը և ընտանիքը` որպես մեկ միասնական զոհաբերություն` Աստծո փառքի համար:

     

    Սրբազան Հայրը խոսեց ևս մեկ կարևոր թեմայի մասին, որը հուզում է շատ ճեմարանականների. «Կուսակրոնությու՞ն, թե՞ ամուսնացյալ քահանայություն. ինչպե՞ս կողմնորոշվել: Սրբազանը, մասնագիտացած լինելով ապագա քահանաների պատրաստության ոլորտում և 2010-2015 թվականներին ղեկավարած լինելով Հռոմի Լևոնյան վարժարանը, հայրական հոգատարությամբ և նրբանկատությամբ ջանաց ճիշտ ուղղություն տալ յուրաքանչուրին` գտնելու իրեն հուզող հարցի պատասխանը:

     

    Բանախոսություններից հետո նաև տեղի ունեցան քննարկումներ, ճեմարանականները բազում հարցեր բարձրացրեցին, ստացան պատասխաններ` խորհրդածության համար:

    Հոգևոր կրթության օրերը հարուստ էին նաև աղոթքի և լուռ խորհրդածության պահերով` Սուրբ Պատարագ, Վարդարան, Երեկոյան ժամերգություն, Սուրբ Հաղորդության երկրպագություն: Երեկոներից մեկը նաև նվիրվեց հայ դասական երաժշտության մի գեղեցիկ համերգի, որն ունկնդրելու առիթն ընձեռնվեց Կոմիտասի անվան պետական կամերային երաժշտության տանը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
    19 սեպտեմբերի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց