
Ավետարանի ոգով և միասնության տեսլականով
2025թ. օգոստոսի 31-ին, Գյումրու Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարգ՝ ձեռամբ Հայաստանի Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի, որին մասնակից եղան Հռոմի երիտասարդական ուխտագնացության Հայաստանի մասնակիցների մի խումբ։ Սուրբ Պատարագին իր ներկայությունը բերեց նաև Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը:
Սուրբ Պատարագից հետո երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ Սրբազան Հոր և Հայր Ներսեսի հետ, որի ընթացքում երիտասարդները կիսվեցին Ուխտագնացության մասին իրենց տպավորություններով, հիշողություններով։
Երիտասարդների առաջարկով և Սրբազան Հոր օրհնությամբ որոշվեց ստեղծել Առաջնորդության հայ կաթողիկէ ընդհանուր երիտասարդական միություն, որը նպատակ է հետապնդելու միավորել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ երիտասարդներին։
Հանդիպումը կրում էր նախնական բնույթ և արդեն իսկ պլանավորվեց հաջորդ երիտասարդաց հանդիպումը՝ նաև համայնքների բոլոր հոգևոր հովիվների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու են միության տեսլականը, ռազմավարությունը, հետագա քայլերը, ծրագրերը և զարգացման նախադրյալները։ Օրակարգի, անցկացման վայրի և անցկացման օրվա մասին կտեղեկացվի հավելյալ։
Հայ Կաթողիկէ Երիտասարդաց Միության կայացման հույսով՝
Առաջնորդության երիտասարդներ։
Պատրաստեց՝ Նաիրի Հաջյան
Աջակցությամբ՝ Տ. Հովսեփ Գալստյանի





