• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն այցելությունները՝ Ջավախքի համայնքներ

    Հովվական այցելություններ


    2025թ. օգոստոսի 12-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հովվական այցելություն կատարեց Ջավախքի Տուրցխ գյուղը, որտեղ մատուցեց Սուրբ Պատարագ՝ առնընթերակայությամբ տեղի ժողովրդապետ Գերպ. Հ. Անդրեյ Յանիցկու, ապա զրուցեց տեղի հավատացյալների հետ: Նույն օրը Սրբազանն այցելեց Խուլգումո, Բավրա և Կարտիկամ գյուղերը և տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Ռուբեն Քհն. Միսսիսյանի ուղեկցությամբ հանդիպումներ ունեցավ հավատացյալների և պատասխանատու անձանց հետ, զրուցեց հոգևոր ինքնության, Եկեղեցու հովվական առաքելության մեջ աշխարհականների գործունյա մասնակցության կարևորության և այլ իրողությունների շուրջ, հիացավ տեղի երիտասարդության ավյունով և հոգևոր ջերմեռանդությամբ:

     

    Օգոստոսի 14-ին Ծղալթբիլայում Սրբազանը մատուցեց Սուրբ Պատարագ՝ առնըթերակայությամբ տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Սահակ Քհն. Աղեկյանի և Մխիթարյան միաբան Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանի: Իր քարոզում նա շեշտադրեց այն փաստը, որ չնայած կոմունիստական վարչակարգի հավատատյաց քաղաքականությանը, Ծղալթբիլայում և Ջավախքի այլ գյուղերում հայ կաթողիկէները կարողացել են ամուր մնալ իրենց հավատքում և պահել եկեղեցիները, նույնիսկ կանոնավոր աղոթական արարողություններ կատարել առանց քահանաների առաջնորդության: Սուրբ Պատարագից հետո Սրբազանը բնության գրկում հավատացյալների հետ միասին ճաշել է և մտերմիկ զրույց ունեցել նրանց հետ:

     

    Օգոստոսի 16-ին Արհ. Տ. Նորատունկյանը այցելել է Տամբովկայում կազմակերպված երիտասարդական ճամբար և կատարել տեղի հայ կաթողիկէ կենտրոնի մատռան և Սուրբ Սեղանի օրհնության և օծման արարողությունը՝ առընթերակայությամբ Վրաստանի հայ կաթողիկէների ավագերեց Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի: Սրբազանը նաև հաճույքով մասնակցել է երիտասարդական խաղերին, զրուցել նրանց հետ և հետաքրքիր ժամանակ անցկացրել՝ բնության գրկում:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    18 օգոստոսի, 2025թ.

     

     

Օրացույց

Օրացույց