• ԱՄՓՈՓԻՉ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԸ. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀՌՈՄ

    4 օգոստոսի, 2025թ.


    2025թ. օգոստոսի 2-ի երեկոյան հայ ուխտավորները ներկա գտնվեցին Հռոմի Թոր Վերգաթա համալսարանի հարեւան տարածքում կազմակերպված աղոթական հսկման արարողությանը, որին մասնակցում էին բոլոր կես միլիոն ուխտավոր երիտասարդները։

     

    Յուրահատուկ հոգեւոր փորձառություն էր այս իրադարձությունը։ Նախ Ն. Ս. Լեւոն 14-րդ Պապն իր մեքենայով շրջեց երիտասարդների մեջ` շնորհելով նրանց իր հայրական օրհնությունը։ Ընթացքում հնչում էր Երիտասարդական հոբելյանական օրերի  օրհներգը եւ այլ երաժշտություն։ Ապա Սրբազան Պապը խորհրդածություն կատարեց ապաշխարության վերաբերյալ` կոչ անելով առավել խորությամբ վստահել Աստծուն` բերելով Սուրբ Օգոստինոսի դարձի օրինակը եւ հիշեցնելով նրա մխիթարական եւ ճշմարիտ խոսքերն` ուղղված Աստծուն. “Մեր սրտերն անհանգիստ կլինեն այնքան ժամանակ` մինչեւ իրենց հանգիստը կգտնեն քո մեջ”:

     

    Մի քանի երիտասարդներ վկայություն տվեցին իրենց հավատքի եւ ապաշխարության ճանապարհի մասին։ Իսկ ամենագեղեցիկ եւ մարդկային հոգին վսեմացնող, Աստված-մարդ երկխոսությունն ազնվացնող պահը Ամենասուրբ Հաղորդության երկրպագությունն էր, որի ընթացքում հնչում էր հոգեզմայլ հոգեւոր եւ դասական երաժշտություն` ջութակի հնչյունների առաջնորդությամբ։ Թոր Վերգաթայում հավաքված կես միլիոն երիտասարդությունը, դաշտում ծունկի եկած, վայելում էր Սուրբ Մարմնի մեծադիր պատկերը, որի հեռարձակումը հատուկ այդ նպատակով կառուցված մեծ Խորանից տարածքով մեկ սփռվում էր հսկայական էկրանների միջոցով։ Դա երիտասարդներին հոգեւոր իրական աճ պարգեւող, միասնականություն ստեղծող շատ գեղեցիկ պահ էր։

     

    Գիշերը բոլորս անցկացրեցինք դաշտում` մեր կյանքի եւ Աստծո իրականության վերաբերյալ խորհրդածություններում, աղոթքներում եւ, իհարկե, ուրախ երգերով ու պարերով, որոնք քիչ ժամանակ էին թողնում քնի համար եւ քնապարկում քնելու բարդությունների մասին մտածելու համար։

     

    Հաջորդ օրն առավոտյան ժամը 7:30 Պապը դարձյալ իր մեքենայով շրջեց ամբողջ դաշտով մեկ` ողջունելով երիտասարդությանը։ Բոլորը ցնծությամբ երգում էին “Papa Leone!” եւ ծափահարում: Ժամը 9:00-ին մատուցվեց Հոբելյանական Երիտասարդական օրերն ամփոփող Սուրբ Պատարագը` ձեռամբ Սրբազան Պապի եւ առընթերակայությամբ մեծ թվով եպիսկոպոսների, այդ թվում եւ` Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանի։

     

    Իր քարոզում Նորին Սրբություն Լեւոն 14-րդը երիտասարդներին կոչ արեց երբեք չվախենալ դժվարությունների ժամանակ, միշտ հուսալ եւ լինել համարձակ` դարձյալ հիշեցնելով Պողոս առաքյալի խոսքերն` ուղղված հռոմեացիներին, “թե հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծո սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգով, որ տրվեց մեզ”: Աստծո սերն է, որ թեւեր է տալիս մեր հույսին եւ համարձակությանը` դիմագրավելու դժվարություններին։

     

    Պապի ձեռքով սրբագործված Սուրբ Հաղորդությունը ճաշակելը եւս մեկ բացառիկ հոգեւոր զգացում էր` այդ բոլոր օրերի սլացքը եւ գագաթնակետը. միանալ Քրիստոսին` Սուրբ Պետրոսի հաջորդի ձեռքերով եւ աղոթքով, լինել Տիրոջ հիմնած մեկ եւ Ընդհանրական`Կաթողիկէ Եկեղեցու անբաժանելի մասնիկը` սրբացնելով եւ բարձրացնելով մեր ազգային ինքնությունը, որին կոչված են բոլոր ազգերը։

     

    Հոբելյանական շաբաթվա ընթացքում երիտասարդներն աղոթեցին նաեւ Հռոմի այլ եկեղեցիներում, ինչպես օրինակ` մանուկ հասակում նահատակված Սրբուհի Ագնեսայի եւ Սուրբ Օգոստինոսի մայր Սրբուհի Մոնիկայի մասունքների առջեւ, Ֆրանցիսկոս Սրբազան Պապի գերեզմանի առջեւ` Մարիա Մաջիորե Մայր Տաճարում, իսկ իրենց կեցավայրում` Սուրբ Լեւոն Ա Պապին նվիրված ժողովրդապետության եկեղեցում, ամեն առավոտյան մասնակցում էին իրենց ուղեկցող քահանաների ձեռքով մատուցված Սուրբ Պատարագներին եւ խոստովանում իրենց մեղքերը։

     

    Հոբելյանական օրերի ամփոփումը ցույց տվեց, որ երիտասարդները կարողացան միասին հաղթահարել դժվարությունները, ունենալ հոգեւոր վերափոխման, աճման պահեր, ավելի մտերմացան իրար հետ, նաեւ անցկացրեցին ուրախության գեղեցիկ պահեր, կարողացան ներկայացնել սեփական հավատքի, ազգային եւ մշակութային ինքնության կարեւոր վկայություններ։

     

    Երիտասարդական Հոբելյանական օրերին հայ երիտասարդների մասնակցությունը հնարավոր եղավ Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանի նախաձեռնությամբ ու օրհնությամբ, Kirche in Not, Սուրբ Աթոռի Արեւելյան Եկեղեցիների Վերատեսչության եւ Ամերիկյան Եպիսկոպոսների Խորհրդի (USCCB)-ի հովանավորությամբ, ում հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Հայ երիտասարդների դեպի Հռոմ Հոբելյանական ուխտագնացության համակարգող

     

Օրացույց

Օրացույց