
31 հուլիսի 2025թ.
Հուլիսի 31-ին Երիտասարդական Հոբելյանական օրերի համար Հռոմ մեկնած երիտասարդները ուխտագնացության մեկնեցին Ասսիզի եւ Քաշիա քաղաքները։ Ասսիզիում այցելեցին Սուրբ Ֆրանցիսկոսի, Սրբուհի Քիարայի, Սուրբ Ռուֆինոյի սրբավայրերը, Երանելի Քառլո Աքութիսի գերեզմանը։
12-13-րդ դարերի սրբեր Ֆրանցիսկոսի եւ Քիարայի աղքատասիրությունը, ողջախոհությունը, խոնարհությունը դարձան մեր երիտասարդների խորհրդածության եւ աղոթքների նյութն ու մղումը։ Սրբավայրերի հոգեւոր մթնոլորտը, միջնադարյան հոգեւոր ճարտարապետական գեղեցկությունը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած ջերմեռանդ երիտասարդական խմբերի աղոթական խանդավառությունը եւ երգերը նոր հոգեւոր շունչ եւ ընկալում բերեցին հայ ուխտավորներին։
Մանավանդ շատ ոգեւորիչ էր Երանելի Քառլո Աքութիսը` որպես երիտասարդ սուրբ, ով երկրային կյանքից հեռացավ 2006 թվականին եւ սուրբ է հռչակվելու այս տարվա սեպտեմբերին։ Աքութիսը ժամանակակից աշխարհական առաքյալի լավագույն օրինակ է` Սուրբ Հաղորդության հանդեպ իր մեծ նվիրումով եւ առաքելական գործունեությամբ. ստեղծել է Սուրբ Հաղորդության հրաշքների մի գանձարան համացանցային կայք, որն ամրապնդել է հազարավոր երիտասարդներին իրենց հավատքի մեջ։ Աքութիսի մարմինը իր իսկ խնդրանքով ամփոփված է Ասսիզիի Մարիա Մաջիորե փոքր բազիլիկայում` ապակյա դամբանի մեջ` անապական մարմնով։ Դամբանի մոտ բոլորս միասին աղոթեցինք մեր երիտասարդների հավատքի ամրության եւ սրբության համար։
Քաշիայում այցելեցինք Սրբուհի Ռիտայի Մայր Տաճարը, որտեղ աղոթեցինք բոլոր հիվանդների ապաքինման եւ ընտանիքներում սիրո եւ ներդաշնակության հարաբերությունների հաստատման նպատակներով։ Սրբուհի Ռիտան Սուրբ Ֆրանցիսկոսի նման ստացել է Տիրոջ Սուրբ Վերքերի նման վերքեր` մի փուշ փշե պսակից։ Ռիտայի բարեխոսությամբ բազում հիվանդներ են բուժվել։ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներում Սրբուհի Ռիտան շատ սիրված է, մանավանդ, նրան ուղղված 9-օրյա աղոթքը։
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան





