
<<Եթե չդառնաք մանուկների նման, երկնքի արքայությունը չեք մտնի>>
2025թ. հուլիսի 16-20-ը բակային ճամբար է կազմակերպվել Ջավախքի Ծղալթբիլա համայնքում` հինգ գյուղերի՝ Ծղալթբիլայի, Ջուլղայի, Ծինուբանի, Խաշուտի և Նոխրեբի 120 երեխաների մասնակցությամբ և տեղի համայնքների ժողովրդապետներ Տ. Սահակ Քհն. Աղեկյանի և Տ. Պողոս Քհն. Գրիգորյանի առաջնորդությամբ: Ժողովրդապետ հայրերին սիրով օգնել են մխիթարյան միաբան Հ. Անտոն Վրդ. Գրիգորյանը և հիսուսյան միաբան Հ. Հովսեփ Վրդ. Մելիքսեթյանը: Երեխաների սննդի հարցերը կազմակերպել է Տ. Սահակ Քհն. Աղեկյանի իրիցկին տկն. Լուսինե Սերոբյանը:
Ճամբարականները մասնակցել են աղոթքի հոգեպարար պահերի, ամենօրյա Սբ. Պատարագի, կրոնի, երգեցողության, պարի դասերի, իսկ երեկոյան սպորտային և զվարճալի խաղերի՝ նաև հոգևոր հայրերի ընկերակցությամբ: Հարևան գյուղերի երեխաները մեծ սիրով ոտքով ամեն օր բավական երկար ճանապարհ են անցել՝ ճամբարին մասնակցելու համար:
Ճամբարի ավարտին՝ կիրակի օր, կազմակերպվել է ուխտագնացություն՝ դեպի գյուղի հարևանությամբ գտնվող Ճանապարհ Խաչի կայանները, որոնց մոտ կատարվել է նաև Ճանապարհ Խաչի ջերմեռանդությունը, մատուցվել կիրակնօրյա բացօդյա Սուրբ Պատարագ:
Իսկ հուլիսի 22-25-ը բակային ճամբար կազմակերպվեց նաև հարևան Սուխլիսում՝ դարձյալ տեղի ժողովրդապետ Տ. Սահակ Քհն. Աղեկյանի առաջնորդությամբ և Հ. Հովսեփ Վրդ. Մելիքսեթյանի աջակցությամբ: Ճամբարին մասնակցեց 52 երեխա՝ միայն Սուխլիսից: Ճամբարային օրակարգը նույնն էր՝ շատ հագեցած, հետաքրքիր և հոգևոր խոր ապրումով հարուստ: Երեխաները շատ ուրախ էին՝ իրենց կողքին ունենալով հոգևոր հայրերին և իրենց ավագ ընկերներին՝ որպես առաջնորդներ և ջոկատավարներ:
Այս բակային ճամբարները կազմակերպվել են գյուղի բնակիչ բարերարների և երեխաների ծնողների առատաձեռն նվիրատվություններով:
Աստված օրհնի մեր հայ կաթողիկէ բոլոր բարերարներին, մանուկներին և նրանց ծնողներին:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Հայ Կաթողիկէ Առաջնորդության
25 հոկտեմբերի, 2025թ.





