• Մարիամի Լեգեոնի տարեկան գլխավոր միջոցառումը` Աստվածամորը ծառայելու խոստումը

    «Ես ամբողջովին քոնն եմ, եւ այն ամենն, ինչ որ ունեմ, քոնն է, Թագուհի իմ եւ Մայր իմ»


    2025 թ. մարտի 29-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մատռան մեջ տեղի ունեցավ Մարիամի Լեգեոնի տարեկան գլխավոր միջոցառումը` Սուրբ Կույսին ծառայելու խոստումը (լատիներեն բառով` Acies), որին մասնակցեցին Հայաստանում գործող 7 լեգեոնական խմբերը, որոնցից 4-ը գործում են Աշոցքի հայ կաթողիկէ համայնքներում, երկուսը Երեւանում եւ 1-ը` Սպիտակում։

     

    Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Առաջնորդ Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանը, Երևանի ժողովրդապետ Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը և Մխիթարյան Միաբան Հ. Համազասպը Վրդ. Քեշիշյանը։ Բացման եւ Վարդարանի աղոթքներից հետո բոլոր լեգեոնականները անհատապես մոտեցան Աստվածամոր արձանիկին եւ Լեգեոնի դրոշին եւ հանդիսավորապես երդվեցին ծառայել Տիրամորը` հետեւյալ խոսքերով. «Ես ամբողջովին քոնն եմ, եւ այն ամենն, ինչ որ ունեմ, քոնն է, Թագուհի իմ եւ Մայր իմ»։

     

    Այս անհատական խոստումներից հետո Լեգեոնի Կուրիայի Հոգեւոր Առաջնորդ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, ծունկի եկած, արտասանեց նաեւ միասնական խոստման հոգեպարար աղոթքը` Տիրամոր բարեխոսությունը խնդրելով նաեւ Հայ Կաթողիկէ Առաջնորդության հոգեւոր աճման, սրբության եւ Առաջնորդ Հոր դիտավորությունների համար։

     

    Սուրբ Պատարագը մատուցեց Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանը։ Սրբազան Հայրը պատմեց իր երիտասարդ տարիների մասին, երբ եղել է գործունյա լեգեոնական` խանդավառ առաքելագործության հոգով։ Նա ասաց, որ Լեգեոնի աղոթքներն իր համար սիրելի են մինչեւ այսօր, պատմեց լեգեոնական առաքելության պտուղների մասին, որոնց հետ առնչվել է անձամբ, բայց եւ առաջնորդական իմաստությամբ մի քանի գործնական խորհուրդներ տվեց` առաքելության մեջ ողջամիտ զգուշավորություն ցուցաբերելու համար, որպեսզի առաջնահերթությունը միշտ տրվի Ավետարանի Բարի Լուրի հռչակմանը, մարդկանց դարձի բերելուն եւ տեղիք չտրվի հատվածականության մտայնությանը։ Միասնականությունը, Եկեղեցում գործող բոլոր կառույցների հետ համերաշխությունը պետք է լինի Մարիամի Լեգեոնի գլխավոր սկզբունքներից մեկը, շեշտեց Սրբազանը։

     

    Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ միասնական ճաշ եւ զրույց։ Լեգեոնականները հնարավորություն ունեցան զրուցելու Սրբազան Հոր հետ։

    Ճաշից հետո գումարվեց Կուրիայի ամսական ժողովը, որտեղ եւս իր մասնակցությունը բերեց Սրբազան Հայրը եւ իր օրհնությամբ փակեց ժողովը։

     

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    29 մարտի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց