• Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանը նշանակվեց Հայաստանի Ավագերեց

    ՎՃԻՌ ԱՆՎԱՆՄԱՆ


    Հիմք ընդունելով Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների կանոնագիրքը (Կանոններ 276-278) և ինձ վստահված առաջնորդական տարածքի հովվական կարիքները՝

    Տաշիրի տարածաշրջանի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ․ Հ․ Ներսես Վրդ․ Գալստյանին անվանում եմ Հայաստանի Ավագերեց (Դեկան)՝ երեք տարի ժամկետով և պահպանելով նրա ժողովրդապետական պաշտոնը։ Այս անվանումը կատարելիս՝ ի նկատի եմ ունեցել Տաշիրի համայնքներում մեր սիրելի հոգևոր եղբոր դրվատանքի արժանի հովվական երկարամյա ծառայության փորձառությունը և գիտելիքները, որոնք, լիահույս եմ, որ կնպաստեն նրան վստահված այս նոր և հույժ կարևոր առաքելությանը։

    Սրտագին աղոթքներս եմ վերառաքում դեպի Օրհնյալ Սուրբ Կույսը և նրա բարեխոսությամբ` առ Բարձրյալն Աստված՝ հայցելով բոլոր աստվածային շնորհներն ու պարգևները մեր սիրելի եղբոր համար, որպեսզի կարողանա իր նոր պաշտոնը ստանձնել և կատարել առաքելական և հովվական եռանդով՝ ի սպաս հայ կաթողիկէ համայնքների հոգևոր աճման և ի փառս Աստծո։

     

    Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյան

    Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի

     

     

    Գերպ. Հայր Ներսես Վրդ. Գալստյանի կենսագրությունը

     

    Ծնվել է 31.03.1980թ., Գյումրիում:

    Սովորել է Գյումրիի թիվ 4 միջնակարգ դպրոցում, համատեղ՝ թիվ 5 երժշտական դպրոցում:

    Այնուհետև ուսումը շարունակել է Գյումրիի Գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտելուց հետո զորակոչվել է զինվորական ծառայության:

    2000թ. ընդունվել է Գյումրիի Ներսիսյան դպրեվանք:

    2002թ. բարձրագույն հոգևոր կրթություն ստանալու նպատակով մեկնել է Ուկրաինա, սովորել Լվովի Կաթողիկէ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ավարտել 2005թ.:

    2005թ. տեղափոխվել է Լեհաստանի Լյուբլին քաղաք, որտեղ  սովորել է Հովհաննես Պողոս II Կաթողիկէ համալսարանում: 2009թ. գերազանց գնահատականով պաշտպանել է վարդապետական թեզը՝ 1911թ. Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սինոդոսի վերաբերյալ, և ստացել է մագիստրոսի աստիճան՝ աստվածաբանության և եկեղեցական կանոնագետի որակավորմամբ:

    2008թ. Լյուբլինում ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի:

    2009թ. Արևիկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն վարդապետ՝ ձեռամբ Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի: Հետխորհրդային տարիներից հետո Հայաստանում  առաջին ձեռնադրված կուսակրոն հոգևորականն է:

    2009-2010թթ. պաշտոնավարել է որպես Գյումրիի հայ կաթողիկեների ժողովրադապետ, համատեղությամբ հովվական ծառայություն է կատարել նաև հարակից գյուղերում:

    2010թ. տեղափոխվել է  Թբիլիսի և մեկ տարի ծառայել է որպես տեղի համայնքի փոխժողովրդապետ:

    2011թ. նշանակվել է Երևանի Ներսիսյան դպրավանքի հոգևոր տեսուչ և պաշտոնավարել մեկ տարի:

    2012թ. նշանակվել է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի հայ կաթողիկէ համայնքների հոգևոր հովիվ և այդպաշտոնում ծառայում է մինչ օրս:

    2014թ. ձեռնարկել և  ավարտել է Մեծավան գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցու վերանորոգումը և վերակառուցումը, ինչպես նաև՝  Նորաշեն գյուղի  Սբ. Խաչ եկեղեցու շինարարությունը:

    Տաշիրում մնայուն կեցության շնորհիվ վերականգնել է  հոգևոր կյանքը Տաշիրի տարածաշրջանում:

    2020-2022թթ. Երևանի Դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում հեռակա կրթությամբ ստացել է իրավաբան մագիստրոսի աստիճան՝ իրավագիտություն և դատական փորձագիտություն մասնագիտություններով:

    2024թ. դեկտեմբերի 19-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի 154/Ա վճռով անվանվել է Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց (Դեկան):

     

    Վճիռ անվանման, Հ. Ներսես Գալստյան

     

Օրացույց

Օրացույց