Ամուսինների հաւատարմութիւնը հաւատքի արտայայտութիւն է. Սրբազան Պապի ընդհանուր ունկնդրութիւնը
Մայիսի 6-ի ընդհանուր ունկնդրութեան ժամանակ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խօսել է Պսակի սուրբ խորհրդի մասին: Պսակը կամ ամուսնութիւնը արտայայտութիւնն է Աստուծոյ ծրագրի հանդէպ հաւատքի եւ ինքնամոռաց սիրոյ: Ամուսնութիւնը պատկերն է Քրիստոսի եւ Եկեղեցու միջեւ կապի, ինչպէս բացատրում է Պօղոս առաքեալը Եփեսացիներին ուղղուած նամակի 5-րդ գլխում: Ուրեմն, ամուսինը պէտք է կնոջը սիրի այնպէս, ինչպէս Քրիստոս սիրեց իր Եկեղեցին՝ ինքն իրեն մատնելով Եկեղեցու համար: «Սրա համար քաջութիւն է պէտք, երբ տեսնում եմ նորապսակների, ասում եմ.«Ահա՛ քաջերը», որովհետեւ քաջութիւն է պէտք, որպէսզի միմեանց սիրեն այնպէս, ինչպէս Քրիստոս սիրում է իր Եկեղեցին: Մենք պէտք է ինքներս մեզ հարցնենք՝ որպէս հաւատացեալներ եւ հոգեւորականներ, արդեօ՞ք խորապէս ընդունում ենք Քրիստոսի եւ Եկեղեցու ճշմարտութեան անքակտելի կապը ամուսնութեան եւ մարդկային ընտանիքի պատմութեան հետ: Արդեօ՞ք պատրաստ ենք լրջօրէն ստանձնել նման պատասխանատւութիւն՝ այն, որ իւրաքանչիւր ամուսնութիւն գնում է Եկեղեցու հանդէպ Քրիստոսի սիրոյ ճանապարհով».ասել է Պապը:
«Երբ կինն ու տղամարդն ամուսնանում են Աստուծով, նրանք այլեւս մասնակցում են Եկեղեցու առաքելական կեանքին՝ ապրելով ոչ միայն իրենց եւ իրենց ընտանիքի, այլեւ բոլոր մարդկանց համար».բացատրել է Սրբազան Պապը: Եկեղեցու կեանքը հարստանում է իւրաքանչիւր նոր ամուսնութեամբ, որը ցոյց է տալիս այս գեղեցկութիւնը, իսկ երբ ամուսնութիւնը խեղում են, Եկեղեցին աղքատանում է, վստահ է Պապը: Եկեղեցին կառուցւում է ընտանիքների յաջողութիւնների վրայ եւ տառապում, երբ ընտանիքները ձախողւում են:
Այն զոյգերը, որոնք հաւատարմօրէն ու քաջութեամբ մինչեւ վերջ ապրում են Պսակի խորհրդի մէջ, օգնում են Եկեղեցուն՝ ուրիշներին փոխանցելով իրենց հաւատքը, յոյսը եւ սէրը: Եկեղեցին կարիքն ունի այնպիսի ամուսինների, որոնք ամեն օր ապրում են յոյսով, սիրով ու հաւատքով իրենց բոլոր ուրախութիւններով, չարքաշ կեանքով հանդերձ:
Ընտանիքի ճանպարհը սիրոյ ճանապարհ է, Աստուծոյ հաւերժական սիրոյ ճանապարհն է: «Քրիստոս չի դադարում հոգ տանել Եկեղեցու մասին, միշտ սիրում է, միշտ պաշտպանում է, շարունակում է մարդու դէմքից մաքրել բոլոր տեսակի կեղտաբծերը:
Պապը աղօթել է, որ ամենուրէք ամուսիններն աւելի լիարժէք կերպով ապրեն Պսակի սուրբ խորհուրդը եւ վստահե՛ն Աստծուն: