• Առաջնորդ Հոր այցելությունները Ռուսաստանի Վենյով և Ուլյանովսկ քաղաքներ

    09․01․2025թ․


    2025թ․ հունվարի 7-ին Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը հովվական այցելություն կատարեց Տուլայի մարզի Վենյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքին և նրանց դիտավորությամբ մատուցեց Սուրբ Պատարագ՝ առընթերակայությամբ տեղի ժողովրդապետ Գերպ․ Հ․ Սեդրակ Վրդ․ Խիթարյանի և Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Պետրոսյանի։ Առաջնորդ Հայրը խոսեց Աստվածահայտնության և Մկրտության խորհուրդների մասին՝ հավատացյալներին վստահեցնելով իր հայրական մտերմության և հոգատարության մեջ։ Ի պատիվ Սրբազան Հոր, Պատարագից հետո տեղի հայ համայնքի և ժողովրդապետի կողմից հյուրընկալության միջոցառում կազմակերպվեց քաղաքի թատրոնում։ Վենյովի հայ կաթողիկէները ջերմորեն և մեծ ցնծությամբ ընդունեցին Սրբազան Հոր այցելությունը՝ հիշելով տարիներ առաջ նույն Վենյովում նրա հովվական ծառայության հիշարժան դրվագները և նրա առաքելության պտուղները համայնքի համար։ Սրբազան Հայրը հայտնեց իր ուրախությունը Վենյովում տեղի բարերարների հովանավորությամբ կառուցվող հայ կաթողիկէ եկեղեցու համար և աղոթեց, որպեսզի աշխատանքները շուտով մոտենան ավարտին։

     

    Նույն օրը Սրբազանը հանդիպեց նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու Տուլայի թեմի Փոխանորդ, Վենյովի եպիսկոպոս Արհ․ Թեոդորիտի հետ, ով նրան դիմավորեց Հովհաննես Նախակարապետի վանքի մոտ։ Արհ․ Թեոդորիտ եպիսկոպոսը Առաջնոր Հորը պատմեց վանքի և սրբությունների պատմությունը, ինչը շատ տպավորեց Սրբազան Հորը։ Նրանք զրուցեցին միջեկեղեցական եղբայրական հարաբերությունների և Ավետարանը հռչակելու միասնական առաքելության մասին։

     

    Հունվարի 8-ին Սրբազան Հայրը հովվական այցելություն տվեց նաև Ուլյանովսկի հայ կաթողիկէ համայնքին և Սուրբ Պատարագ մատուցեց նրանց դիտավորությամբ։ Սրբազանն այստեղ էլ հիշեց իր վարդապետական ծառայության դրվագները՝ կապված տեղի համայնքի հետ և անդրադարձ կատարեց Աստվածահայտնության տոնի խորհրդին։

     

    Դիվան Առաջնորդության կաթողիկէ հայոց

     

Օրացույց

Օրացույց