«Մեր սրտերը ծանրացա՞ծ են ապագայի մասին վախով, անհանգստությամբ ու տագնապով»:
Դեկտեմբերի 1-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կիսվեց Գալստյան մասին խորհրդածություններով և կոչ արեց քրիստոնյաներին լինել լիահույս՝ Մարդու Որդուն սպասելիս:
Նորին Սրբությունը անդրադարձավ Ղուկասի Ավետարանի այն հատվածին, որը պատմում է մադկության խռովության և վախերի մասին: Այսօր շատ մարդիկ, ինչպես Հիսուսի ժամանակակիցները, անհագիստ են և տխուր, որովհետև իրենց շուրջը տեսնում են աղետներ. հալածանքներ, հակամարտություններ, բնական աղետներ: Անհանգստությունները, անձնական կյանքին վերաբերող վախերն ու մտահոգիչ համաշխարհային իրադարձությունները մեզ գցում են հուսալքության մեջ և դառնացնում մեր սրտերը: Սակայն Հիսուս մեզ առաջարկում է այլ տեսանկյունից նայել աշխարհին. «Բարձրացրե՛ք ձեր գլուխները, որովհետև մոտ է ձեր փրկությունը» (Ղկ. 21,28): Հիսուսի կոչում շատ հույս կա և այն ուղղված է բոլորին, որպեսզի մեր սրտերը «չծանրանան» (տես՝ Ղկ. 21,34), ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Տերը ցանկանում է ազատել մեզ ընկճող վախից և սովորեցնել կյանքի իրադարձություններին նայել Աստծո ծրագրերի տեսանկյունից, որը փրկություն է բերում նույնիսկ պատմության ամենադրամատիկ պահերին, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը: Հիսուս կոչ է անում աշակերտներին վեր բարձրացնել հայացքը, ապավինել Իր փրկարար սիրուն. «Նա խնդրում է Իրեն տեղ հատկացնել՝ նորից հույսով լցվելու համար»:
Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց ուխտավորներին մտածել հետևայլ հարցերի շուրջ.
«Մեր սրտերը ծանրացա՞ծ են ապագայի մասին վախով, անհանգստությամբ ու տագնապով: Արդյո՞ք մենք առօրյա իրադարձություններին և պատմության շրջադարձներին նայում ենք Աստծո աչքերով, աղոթքով և առավել լայն տեսանկյունից: Թո՛ղ Գալստյան այս ժամանակահատվածը դառնա թանկարժեք հնարավորություն՝ մեր հայացքը Տիրոջն ուղղելու համար, Ով լուսավորում է մեր սրտերն ու պաշտպանում մեզ: Եկե՛ք աղոթենք Սուրբ Կույս Մարիամին, ով նույնիսկ փորձությունների ժամանակ պատրաստ էր ընդունել Աստծո ծրագիրը»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը