• Փոքրանալ՝ Աստծո սիրո լույսն արտացոլելու համար

    «Փոքրանալով՝ մենք թույլ ենք տալիս Ամենակարողին մեծ գործեր անել մեզ հետ»:


    «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ» (Եսայի 9,6). Եսայի մարգարեության հենց այս խոսքերով Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց իր քարոզը Թիմոր Լեշթիի մայրաքաղաքում Սուրբ Պատարագի ժամանակ: Այստեղ Նորին Սրբությունը մատուցեց Սուրբ Կույս Մարիամ Թագուհուն նվիրված Պատարագ:

     

    Մարգարեի խոսքերն ուղղված էին Երուսաղեմի բնակիչներին՝ սուրբ քաղաքի ծաղկման ժամանակաշրջանում, որտեղ միաժամանակ նկատվում էր բարոյականության անկում:

     

    Ճոխությունն ու շքեղությունը կուրացնում է աշխարհի հզորներին և պատրանք ստեղծում, որ Տերն իրենց պետք չէ, մինչդեռ աղքատները դատապարտված  են տառապանքի ու սովի:  Հենց այդ ժամանակ էլ Եսայի մարգարեն հռչակում է հույսով և ուրախությամբ լի ապագա, որտեղ պատերազմն ու հալածանքները հավերժ կհաղթահարվեն: Աստծո փրկության լույսը կշողշողա մեզ՝ որպես պարգև տրված որդու միջոցով. երեխայի ծնունդը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, ամենալուսավոր պահն է, երբ նույնիսկ ամենակարծրացած սիրտն է լցվում քնքշությամբ, իսկ ճակատագրին հանձնվածները սկսում են նորից երազել և հավատալ լավ ապագային: Այս մարգարեությունը միայն կայծ է, որն էլ ավելի է լուսավորում, երբ ծնվում է Քրիստոսը: Նրա մեջ Աստված դառնում է մարդ, երեխա, որպեսզի մոտիկ լինի մեզ ու փրկի:

     

    Նորին Սրբությունն անդրադարձավ Թիմոր Լեշթիի իրականությանը. այս երկիրը «գեղեցիկ է, որովհետև այստեղ շատ երեխաներ կան», և սա կարևոր նշան է, քանի որ փոքրիկների մասին հոգատարությունն այն է, ինչը մեզ բացահայտում է Տիրոջ առաջ.

     

    «Փոքրանալով՝ մենք թույլ ենք տալիս Ամենակարողին մեծ գործեր անել մեզ հետ, այն սիրով, որը Նա ունի մեր հանդեպ, ինչպես Մարիամն է սովորեցնում մեզ Magnificat օրհներգում և այս ժամերգության մեջ»:

     

    Սուրբ Աստվածածինը դա այնքան «լավ էր հասկացել, որ որոշեց իր ամբողջ կյանքում փոքր մնալ», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց հավատացյալներին չվախենալ Աստծո և միմյանց առաջ փոքրանալուց, մեր կյանքն ու ժամանակը նվիրաբերելուց, մեր ծրագրերը վերանայելուց, ինչ-որ մի բանից հրաժարվելուց, որը կերջանկացնի եղբորը կամ քրոջը»:

    Նորին Սրբությունը խոսեց նաև Թիմոր Լեշթիի ավանդական զարդարանքների՝ կայբաուկի և բելակի մասին: Երկուսն էլ պատրաստված են թանկարժեք մետաղից։ Առաջինը խորհրդանշում է գոմեշի եղջյուրներն ու արևի լույսը, այն ուժի և ջերմության նշան է: Այն կարող է լինել Աստծո կյանք տվող և Աստծո Խոսքի լույսի ու Նրա շնորհի զորության պատկերը: Իսկ երկրորդը՝ բելակը, լրացնում է առաջինին և հիշեցնում լուսնի լույսը։ Այն խորհրդանշում է խաղաղություն, պտղաբերություն և մայրական քնքշություն:

     

    «Կայբաուկ ու բելակ, Հոր և Մոր զորություն ու քնքշություն. ահա թե ինչպես է Տերը ներկայացնում Իր Արքայությունը՝ այն բացահայտելով սիրո և ողորմածության մեջ»:

     

    Իր քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց բոլորին սովորել «աշխարհում արտացոլել սիրո Աստծո հզոր ու քնքուշ լույսը»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց