• Բակային-հոգևոր ճամբար Կարտիկամ գյուղում

    Երեխաների աշխույժ հայացքները և ծնողների ժպիտները խոսում էին մեծ գոհունակության մասին։


    Օգոստոսի 1-ից 3-ը Վրաստանի Կարտիկամ գյուղում կայացավ բակային-հոգևոր ճամբար`150 փոքրիկների և 30 ջոկատավարների մասնակցությամբ, գլխավորությամբ տեղի ժողովրդապետ հոգևոր հոր` Արժ. տեր Ռուբեն Միսիսյանի։ Ճամբարի առօրյայի սկզբնակետը դրվեց Սուրբ և Անմահ Պատարագով, Սուրբ Հաղորդությունով հաղորդված և օրհնված փոքրիկները և ջոկատավարները սկսում էին ամեն օրվա հոգևոր մասը։ Սուրբ Պատարագին հաջորդող գեղեցիկ երգերով և աղոթքներով պաճուճված քայլերթներով՝ փոքրիկները հասնում էին դեպի դպրոցի մարզադաշտ, որտեղ սկսվում էր մարզանքները, ապա պարերը։  Տեր Ռուբենը, որպես գլխավոր պատասխանատու, ժրաջան կերպով և ժամ առ ժամ հետևում էր կազմակերպման ընթացքին և իր հայրական խորհուրդներով և փորձով կիսվում էր ջոկատավարների, երեխաների և եղբայրների հետ։ Հոգևոր Եղբայրներ Եղբայր Եղիշեն և Եղբայր Հովհաննեսը հանձն էին առել հոգևոր դասերը և ջոկատավարների օգնությունը՝ ամբողջ օրվա ընթացքի կազմակերպման մեջ։ Ճամբարի աշխուժությունը, կարգապահությունը, աղոթուսուցումը և բարձր տրամադրությունը ապահովեցին տեղի աշխույժ ջոկատավարները։ Ամեն օրվա հետադարձին` աղոթվում էր Սուրբ Կույսին նվիրված Վարդարանի աղոթքը կամ նշանաբանների և կարգախոսների գեղեցիկ և միասնական արտասնաությունը, որը եռուզեռ էր առաջացնում գյուղի գլխավոր ճանապարհին` դպրոցից մինչև եկեղեցի, ստիպելով մարդկանց ելնել և հետևել այս գեղեցիկ անցուդարձին։

     

    Առաջին և երկրորդ օրը կազմակերպվեցին «Տաղանդների մրցույթ և ցուցադրում», որտեղ փոքրիկները ցուցադրեցին իրենց հմտությունները նկարչության, երգի, պարի, և թեթև ատլետիկայի բնագավառներում։

     

    Վերջին օրը անցկացվեց ինտելեկտուալ խաղ` մեծ ակտիվությամբ և հետաքրքիր հարցերով, ի շնորհիվ գյուղի պատանի ջոկատավարների` շատ լավ մրցակցությամբ, որովհետև ավարտին սպասվում էին հոգևոր թեմաներին վերաբերող նվերների բաժանումը, որոնց մեջ կային Նոր Կտակարաններ, Մանկական Աստվածաշնչեր, Հոգևոր գրքեր, Վարդարաններ, խաչեր, սրբապատկերներ։

     

    Վերջում կիսվեց ավանդույթ դարձած տորթը, այնուհետև բոլորը երգերով շարժվեցին Եկեղեցի՝ վերջին օրհնություն ստանալու համար, իսկ երեխաների աշխույժ հայացքները և ծնողների ժպիտները խոսում էին մեծ գոհունակության մասին։

     

    Խորին շնորհակալություն Տեր Ռուբենին` մշտապես ճամբարականների կողքին լինելու և ճամբարն ամեն ինչով ապահովելու համար, Կարտիկամի տիկնանց և ծնողներին, ովքեր ջանք չխնայեցին բերված սննդի պատրաստելու համար, 30 ջոկատավար պատանի-երիտասարդներին և հոգևոր եղբայրներին, և իհարկե, 150 մանուկներին և պատանեկիկներին` իրենց գոհունակության համար։

    Շնորհակալություն մեր Առաջնորդությանը՝ ի դեմս Հայր Միքայել Բասսալեի` ֆինանսավորման և հայրական օրհնությունների համար։

     

    Կարտիկամի Հայ Կաթողիկէ Ժողովրդապետություն

     

Օրացույց

Օրացույց