• Նորաշէնում օծուեց Եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող մի խաչքար

    Նորաշէնում օծուեց Եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող մի խաչքար


    23 ապրիլի, 2015թ.

     

     

    2015թ. ապրիլի 22-ին Տաշիրի տարածաշրջանի Նորաշէն համայնքում օծուեց Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը յաւերժացնող մի խաչքար՝ ձեռամբ Տաշիրի կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Ներսէս վրդ. Գալստեանի, եւ Արժ. Տ. Նարեկ քհնյ. Թադեւոսեանի օգնութեամբ: Խաչքարը տեղադրուած է նորակառոյց Սբ. Խաչ Եկեղեցու բակում, նորաշէնցի ռուսաստանաբնակ բարերարներ Գարիկ եւ Վարդան Էլոյեան եղբայրների նուիրատւութեամբ: Խաչքարի օծման արարողութեանը ներկայ էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյեանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակեանը, Նորաշէնի գիւղապետ Արմեն Բաղդասարեանը, այլ պաշօնեաներ եւ գիւղի հաւատացեալները: Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին՝ եղեռնագործութեան զոհերի յիշատակին եւ ծաղկեպսակներ դրեցին խաչքարի մօտ:

     Գերպ. Հ. Ներսէս վրդ. Գալստեանն իր խօսքում յիշեցրէց Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի խօսքերը, թէ հայ ժողովուրդը տառապելով Քրիստոսի պէս, հարութիւ՛ն է առել Քրիստոսի մէջ, ապա շարունակեց.

     

    «Ամբողջ աշխարհն է տխրում, լացում հայ ժողովրդի ցաւով: Մեր տխրութիւնը ոչ թէ տրտմութեան նշան է, այլեւ քաջութեա՛ն նշան է: Ի՞նչ է նշանակում ապրիլի 24…Վերածնու՛նդ, ու՛ժ, հայրենասիրութիւ՛ն, հաւա՛տք…Անլռելի զանգակատու՛ն էք իւրաքանչիւրդ, ձեր զանգերը ղօղանջներ են առ Աստուած: Ոսոխը պէտք է լսի մեր զանգերն ու տխրի, որ հայ ազգը կայ, եղել է եւ կապրի…Մեր պապերը դարձան մարտիրոսներ: Մենք սրբերի՛ զաւակներ ենք, չե՛նք կարող անհաւատ ապրել: Չե՛նք կարող ապերախտ ապրել: Պէտք է մեր զաւակներին սէր եւ հայրենասիրութիւն ոգեշնչենք՝ յիշեցնելով, որ անգամ այսօրուայ դժուարին պայմաններում հայ ազգը պէտք է ապրի եւ ապացուցի չար թշնամուն, որ մեզ կոտրելն անհնար է: Թող Աստուած բոլոր մարտիրոսներին խաղաղութիւն շնորհի եւ նրանց բարեխօսութեամբ բարօրութիւն բերի հայ ազգին: 100-ամեայ յիշատակը յիշելով աղօ՛թք բարձրացնենք նաեւ մեր բոլոր հայրենակիցների համար…Հզօրանալո՛վ է, որ մենք պէտք է ապացուցենք աշխարհին, որ անկոտրում ազգ ենք, եւ փա՛ռք ու պատիւ մեր ազգին. եղել ենք, կանք եւ կլինենք»:

     

     Յիշեցնեմ, որ Նորաշէնի Սբ. Խաչ եկեղեցին կառուցուեց 2014թ., եկեղեցու խաչն ու սուրբ սեղանն օծուեցին սեպտեմբերի 25-ին՝ ձեռամբ  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արեւելեան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, ով, Հ. Ներսէս վրդ. Գակստեանի հետ միասին կազմակերպել է այս եկեղեցու շինարարութիւնը, նորաշէնցի բարերարների ֆինանսական աջակցութեամբ: Եկեղեցու ամբողջական օծումը կլինի մօտ ապագայում:

     

     

     

     

     

    100_5151 100_5155 100_5172 100_5174 100_5175 100_5182 100_5193 100_5198 100_5202

Օրացույց

Օրացույց