• Աստծո Խոսքը դիպչում է մարդկանց սրտերին այսօր և այստեղ. Քահանայապետի կիրակնօրյա քարոզը

    Ավետարանը մեր կյանքն Աստծով է լցնում, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կիրակնօրյա քարոզի ժամանակ՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ։


    Օրվա Ավետարանում մենք տեսնում ենք Հիսուսին, Ով սկսում է քարոզել (տես՝ Ղկ. 4,14-21): Հիսուս գնում է Նազարեթ, ուր Նա մեծացել էր և ժողովարանում մասնակցում աղոթքին: Նա վեր է կենում Սուրբ Գիրքը կարդալու, և Եսայի մարգարեի գրքում կարդում է մի հատված` Մեսիայի մասին, որը մխիթարության և ազատագրման ուղերձ է հռչակում աղքատներին և կեղեքվածներին (տես՝ Եսայի 61,1-2): Ընթերցման ավարտին «ժողովարանում գտնվողների աչքերը նրա վրա էին սևեռված» (տես՝ Ղկ. 4,20): Հիսուս ասում է. «Այսօր այս գրվածքները կատարվեցին» (տես՝ Ղկ. 4,21): «Այսօր» -ը Հիսուսի քարոզի առաջին բառն է Ղուկասի Ավետարանում, ընդգծեց Նորին Սրբությունը և առաջարկեց մանրամասն քննարկել այն: Տիրոջ արտաբերած «այսօր» -ը նշանակում է, որ դարեր անց էլ այն միշտ ուժի մեջ է։ Աստծո Խոսքը հենց «այսօր» -ն է: «Երբ մենք կարդում ենք Աստծո Խոսքը և լավ հասկանում այն, ապա «այսօր» -ը գալիս է մեր հոգի», – ասաց Սրբազան Քահանայապետը։ – Եսայի մարգարեությունը գնում է դարերի խորքը, սակայն Հիսուս «Հոգու զորությամբ» (տես՝ Ղկ. 4,14) այն դարձնում է արդիական`կատարելով այդ մարգարեությունը, Նա ցույց է տալիս մեզ, որ Աստծո Խոսքը պետք է ընդունվի այնպես, ինչպես ասված է, այլ ոչ թե որպես մի հին պատմություն, քանզի Աստված խոսում է մեր սրտերի հետ այսօր, այստեղ և հիմա»:

     

    Հիսուսի համագյուղացիները շփոթված են Նրա խոսքերից: Լինելով նախապաշարմունքների գերության մեջ՝ նրանք չեն հավատում Նրան, սակայն հասկանում են, որ Նրա ուսմունքը տարբերվում է մյուսների ուսմունքից (տես՝ Ղկ. 4,22), նրանք զգում են, որ Հիսուսի մեջ ինչ-որ բան կա, որը Սուրբ Հոգով օծումն է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և պարզաբանեց. «Երբեմն մեր քարոզներն ու ուսմունքները ընկալվում են որպես վերացական խոսքեր, չեն դիպչում մարդկանց հոգուն ու կյանքին, քանի որ դրանց պակասում է «այսօրվա» ուժը, որն Հիսուս իմաստավորում է Հոգու զորությամբ, քանզի Նա դիմում է մեզ հենց այսօր և հիմա: Այո, երբեմն մենք լսում ենք լավ մշակված դասախոսություններ, հիանալի ելույթներ, բայց դրանք սրտին չեն դիպչում և ամեն ինչ մնում է նույնը։ Նույնիսկ շատ քարոզներ, ես դա հարգանքով, սակայն տխրությամբ եմ ասում, վերացական են և հոգին արթնացնելու փոխարեն քնեցնում են»։ Առանց Սուրբ Հոգու օծման`քարոզչությունը աղքատացնում է Աստծո Խոսքը, ընկնում բարոյականության կամ վերացական հասկացությունների մեջ՝ Ավետարանը ներկայացնելով ներկայիս իրականությունից հեռու ժամանակավրեպ մի գիրք, շարունակեց Նորին Սրբությունը. «Խոսքը, որը չի բաբախում այսօրվա զորությամբ, արժանի չէ Հիսուսին և չի օգնում մարդկանց կյանքին: Ահա թե ինչու նրանք, ովքեր քարոզում են, պետք է նախ իրենք ապրեն և զգան Հիսուսի «այսօր» -ը, որպեսզի կարողանան այն այսօր փոխանցել ուրիշներին: Իսկ եթե ուզում են դասախոսություններ կարդալ, ապա թող կարդան, սակայն ոչ քարոզի ժամանակ, որտեղ նրանք պետք է ներկայացնեն Աստծո Խոսքն այնպես, որ դիպչի մարդկանց սրտերին» ։

     

    Սրբազան Քահանայապետը շնորհակալություն հայտնեց Ավետարանի քարոզիչներին, ովքեր հավատարիմ են մնում Խոսքին, և կոչ արեց աղոթել նրանց համար, որպեսզի նրանք ապրեն Հիսուսի «այսօր» -ը, զգան Նրա Հոգու քաղցր զորությունը, որը կենդանացնում է Սուրբ Գրությունը, քանզի «Աստծո Խոսքը կենդանի և ազդու է (տես՝ Եբր. 4,12), այն փոխակերպում և մխիթարում է մեզ, լուսավորում մեր առօրյան, փոխում է մեր գործերի ընթացքն ու կարգի բերում այն» ։

     

    «Եկե՛ք հիշենք. Աստծո Խոսքը սովորական օրը վերածում է այսօրվա, երբ Աստված խոսում է մեզ հետ: Ուրեմն, եկե՛ք մեր ձեռքը վերցնենք Ավետարանը, ամեն օր կարդանք ու վերընթերցենք մի փոքրիկ հատված։ Ավետարանը կրեք ձեր գրպանում կամ պայուսակում, որպեսզի կարողանաք ցանկացած ժամանակ կարդալ: Ժամանակի ընթացքում մենք կտեսնենք, որ այս խոսքերը նախատեսված են մեզ և մեր կյանքի համար: Այն կօգնի մեզ ամեն մի նոր օրը ավելի ուրախ և հանգիստ սրտով դիմավորել, քանի որ երբ Ավետարանը մտնում է այսօրվա մեջ, այն օրը լցնում է Աստծո ներկայությամբ»:

     

    Այնուհետև, Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ այս տարվա կիրակնօրյա պատարագների ընթացքում հռչակվում է Ղուկասի Ավետարանը, և բոլորին կոչ արեց ինքնուրույն և ամբողջությամբ կարդալ այդ «Ողորմության Ավետարանը»՝ ամեն օր մի փոքրիկ հատված ընթերցելով: «Եկե՛ք մոտիկից ճանաչենք Ավետարանը, քանզի այն բացահայտում է Աստծուն և ուրախություն բերում»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ասաց հավատացյալներին, որ Աստծո Խոսքը փարոս է, որն առաջնորդում է Եկեղեցու սինհոդոսական ուղին: «Պետք է միմյանց ուշադիր լսել և տարբերել բարին չարից, քանի որ այս ճանապարհը հասարակական կարծիքի հարցում չէ, այլ Խոսքի զանազանում. եկե՛ք միասին լսենք Աստծո Խոսքը և Սուրբ Հոգուն: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը խնդրի մեզ համար, որպեսզի մենք ամեն օր հետևողականորեն սնուցենք ինքներս մեզ Ավետարանով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց