«Հայաստանի մարդկային իրավունքների պաշտպանությունը պարտականություն է Եվրոպայի մարդկային խղճի համար»
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը դեկտեմբերի 13-ին Երևանում ընդունեց Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրին, ով Հայաստանում էր դեկտեմբերի 11-14-ը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ կատարեցին զանազան նյութերի, որոնց շարքում՝ Եվրոպայի քրիստոնեական արմատներին, Եվրոպական ցամաքամասում քրիստոնյաների ներկայությանն ու առաքելությանը վերաբերող հարցեր, խոսեցին Հայաստանի իրավիճակի և Լիբանանյան տագնապի մասին։
Էրիկ Զեմուրը, ով մի քանի օր առաջ հաստատեց, որ «Եվրոպան հիմնադրված է քրիստոնեությամբ», և որ «առանց քրիստոնեության չկա Եվրոպա և չկա Ֆրանսիա», հավաստիացրեց Ֆրանսիայի մոտիկությունն ու բարեկամական աջակցությունը Հայաստանին։
Հոգևոր Տերն ընդգծեց այն հարկավորությունը, որ Ֆրանսիան ոչ միայն պետք է օժանդակի ու թիկունք կանգնի Հայաստանին, այլև տագնապալից իրավիճակներում վերջնական լուծումներ գտնի Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև Լիբանանի համար։
«Լիբանանը քրիստոնեական վերջին կարևոր օրրանն ու կենտրոնն է Միջին Արևելքում, մինչ Հայաստանը շարունակում է կառչած մնալ իր պապենական ուխտին ու հավատքին և վկայել իր քրիստոնեական արմատները՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և անցյալի ու ներկայի հալածանքների». ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերն՝ ընդգծելով, որ «Հայաստանի մարդկային իրավունքների պաշտպանությունը պարտականություն է Եվրոպայի մարդկային խղճի համար»։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը