• Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի քարոզը՝ սինոդական Եկեղեցու թեմայով երիտասարդական հանդիպման ժամանակ

    «Ես եմ լաւ հո­վի­ւը. եւ ճա­նա­չում եմ իմ ոչխարնե­րին ու ճա­նաչ­ւում եմ նրան­ցից: Ինչպէս Հայ­րը ինձ ճա­նա­չում է, ես էլ ճա­նա­չում եմ Հօ­րը. եւ իմ կեան­քը կտամ իմ ոչխար­նե­րի հա­մար»: (Յովհ. 10, 14-15):


    Արհի. Տէր Ժոզէ Ավելինո Պէթէնքուրդ, առաքելական նուիրակ Հայաստանում և Վրաստանում,

    Հոգեշնորհ վարդապետներ, արժանապատիւ տէր հայրեր, առաքինազարդ քոյրեր, Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքներից հավաքուած սիրելի՛ երիտասարդներ,

    Ուրախ եմ կրկին ձեզ տեսնելու եւ ողջունելու այս անգամ Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցւոյ մէջ:

    Իմ խորին և սրտագին երախտագիտութիւնն եմ յայտնում Հայաստանի եւ Վրաստանի Պապական նուիրակ՝ Արհի. Տէր Ժոզէ Ավելինո Պէթէնքուրդին, ով մեծ սիրով ընդունեց մեր հրաւերը եւ մեզ հետ միասին այստեղ վերապրելու է երիտասարդական հաւաքի կարեւոր ու ջերմ պահերը:

    Սիրելի՛ Պապական Նուիրակ, Դո՛ւք որպէս Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ներկացացուցիչ Հայաստանում, տալիս էք մեզ այն զգացումը, որ Հռոմի Պապը գտնուում է մեր մէջ իր աղօթքներով եւ ներշնչում է երիտասարդներին յոյս՝ այսօրուայ մարտահրաւերներին դիմագրաւուելու:

    2021թ. հոկտեմբերի 17-ին, Վատիկանում, Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից պաշտօնապէս բացուեց Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսական Սիւնհոդոսի 16-րդ Ընդհանուր Ընթացիկ Ժողովը, որի ընթացքում ներկայացուեց նախապատրաստական փաստաթուղթը:

    Այսօր, մենք ևս սոյն Սուրբ և Անմահ պատարագով միանում ենք այս պատմական, եկեղեցական նախաձեռնութեանը:

    Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսական Սիւնհոդոսի 16-րդ Ընդհանուր Ընթացիկ Ժողովի կարգախօսն է. «Սիւնհոդոսական Եկեղեցւոյ համար… հաղորդակցութիւն, մասնակցութիւն, առաքելութիւն» (Հաւաքի ընթացքում փաստաթուղթը մանրամասն ներկայացնելու է Արժ. Տէր Մաշտոց քհնյ. Ղազարեանը):

    Սիրելի՛ երիտասարդներ, այսօրուայ Աւետարանը մեզ ասում է. «Ես եմ լաւ հո­վի­ւը. եւ ճա­նա­չում եմ իմ ոչխարնե­րին ու ճա­նաչ­ւում եմ նրան­ցից: Ինչ­պէս Հայ­րը ինձ ճա­նա­չում է, ես էլ ճա­նա­չում եմ Հօ­րը. եւ իմ կեան­քը կտամ իմ ոչ­խար­նե­րի հա­մար»: (Յովհ. 10, 14-15):

    Կատարեալ Բարի Հովիւը մեր Տէր Յիսուս Քրիստոսն է եւ Նրա պատգամն է բոլոր հովիւներին, որպէսզի պարտաճանաչ կերպով ծառայեն իրենց հանձնուած հոտերին, ժողովրդին ուղուելով դէպի հոգեւոր եւ եկեղեցական կեանքին՝ Նմանուելով գերագոյն վարդապետին՝ որ է Քրիստոս:

    Սիրելիներս, այսօր, հայոց եկեղեցին տօնում է Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի հիշատակութեան օրը:

    Սուրբ Նիկողայոս Սքանչեալագործը իր ամբողջ կեանքի ընթացքում առաջնորդւում էր հետեւեալ նշանաբանով. «Վաճառի՛ր քո ունեցուածքը եւ տուր աղքատներին» (Մատթ. 19:21):

    Հայրապետը իր կատարած բազմաթիւ հրաշքների համար ստացել է Սքանչելագործ անունը:

    Սուրբ Նիկողայոսը խնամում էր աղքատներին, հիւանդներին, բանտարկեալներին, որբերին, այրիներին, բոլոր նրանց, ովքեր ունեին դրա կարիքը: Հարուստ ծնողներից ժառանգած ունեցուածքը Սուրբ Նիկողայոսը վաճառում եւ տալիս է աղքատներին,

    Սուրբը հրաշալի օրինակ է մեզ՝ քրիստոնեաների համար, քանի որ նա իր կեանքով ցոյց է տալիս, թէ ինչպէս կարելի է ունեցածուածքը կիսել աղքատների հետ, գործել բարիք եւ չսպասել պատասխան արարքի: Սուրբ Նիկողայոսը մեզ սովորեցնում է իւրաքանչիւր փորձութեան մէջ հաստատուն մնալ մեր հաւատքում, լինել Աստծուց շնորհակալ եւ երախտապարտ մեր ունեցածի համար:

    Ամէն:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Օրացույց

Օրացույց