• Դեպի «սինոդական Եկեղեցի». այս թեմայով 1-ին երիտասարդական հանդիպումը Գյումրիում

    «Հենց սինոդականութեան ճանապարհն է անցնելիք այն ճանապարհը, որն Աստված ակնկալում է Երրորդ Հազարամեակի Եկեղեցուց»


    2021թ. դեկտեմբերի 11-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցում տեղի ունեցավ Երիտասարդական հանդիպում՝ մի նոր թեմայով, որ այս տարվա հոկտեմբերին ամբողջ ընդհանրական Եկեղեցուն առաջարկեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապը՝ «Սինոդականությունը»՝ իր ենթաթեմաներով, որոնք են՝ հաղորդակցությունը, մասնակցությունը և առաքելությունը: Հանդիպմանը մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ և պատանիներ՝ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներից, որոնք հրավիրված են Պապի, եպիսկոպոսների և քահանաների հետ միասին լինելու սինոդականության գաղափարի մարմնավորողը իրենց համայնքներում և ամբողջ Եկեղեցում: Հանդիպմանն իր մասնակցությունը սիրահոժար կերպով բերեց նաև Հայաստանում Պապական Նվիրակ Արքեպս. Ժոզե Ավելինո Բեթթենկուրը: Հանդիպումը սկսվեց Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի ողջույնի խոսքով.

     

    «Մեզ համար մեծ ուրախություն է տարվա վերջին այս օրերին ձեզ տեսնել համախմբված մեր եկեղեցու մեջ…Շատ պիտի ուզենայի, որ դուք ոչ միայն մասնակցեիք Սուրբ Պատարագներին, այլ նաև շատ աշխույժ դերակատարում ունենայիք ձեր համայնքներում»:

     

    Սուրբ Պատարագը մատուցեց Առաջնորդական Տեղապահ, Հայ Կաթողիկէ Երիտասարդական խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը՝ առընթերակայությամբ Արժ. Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի և Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի: Իր քարոզի սկզբում Հ. Գառնիկը նախ շնորհակալություն հայտնեց Պապական Նվիրակ Արհիապատիվ Տ. Ժոզե Բեթթենկուրին՝ հրավերն ընդունելու և երիտասարդների հետ լինելու համար, ապա խոսեց այս հանդիպման պատճառի մասին.

     

    «2021թ. հոկտեմբերի 17-ին, Վատիկանում, Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից պաշտօնապէս բացուեց Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսական Սիւնհոդոսի 16-րդ Ընդհանուր Ընթացիկ Ժողովը, որի ընթացքում ներկայացուեց նախապատրաստական փաստաթուղթը: Այսօր, մենք ևս սոյն Սուրբ և Անմահ պատարագով միանում ենք այս պատմական, եկեղեցական նախաձեռնութեանը»:

     

    Հ. Գառնիկը ներկայացրեց նաև օրվա տոնելի սրբին՝ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործին և նրա օրինակով հրավիրեց երիտասարդներին լինել աղքատասեր և միասնաբար կատարել բարի գործեր՝ կարիքավորների համար: Հենց սա՛ է սինոդական Եկեղեցու իմաստը: Հ. Գառնիկի խնդրանքով խոսեց նաև Պապական Նվիրակը և, շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ ասաց.

     

    «Սիրելինե՛ր, ձեզ եմ հղում իմ ամենամոտիկ և համագործակցական ողջույնը: Շատ ուրախ եմ տեսնելու այսքան բազմաթիվ երիտասարդներ այս տաճարում, ձեզ բոլորիդ բերել եմ Ֆրանցիսկոս Պապի ողջույնը: Քահանայապետը շատ մոտիկից և ի սրտե հետևում է Հայաստանի իրադարձություններին: Եվ ճիշտ որպես նշան ձեզ հետ իր մտերմության, Պապը ցանկացավ իր ներկայությունը փաստող տունը կամ դեսպանատունը բացել Հայաստանում: Այդ տան դուռը բաց է բոլորի առաջ: Դա նշան է Պապի ցանկության՝ Հայաստանում աշխատելու բոլոր մակարդակներում՝ ներառյալ դիվանագիտական: Պապը այդ դեսապանատան գոյությամբ ուզում է ասել՝ «Ես այստեղ եմ»: Սա համապատասխանում է Բարի Հովվի ոգուն: Ես բոլորիդ հրավիրում եմ Պապի տուն՝ հանդիպման: Օրվա մասին կպայմանավորվենք: Պապի կողմից փոխանցում եմ մի մեծ և ջերմ գրկախառնություն՝ բոլորիդ»:

     

    Սինոդականության շատ կարևոր գաղափարի մասին բավական մատչելի և հստակ բացատրություններ տվեց հանդիպման բանախոսը՝ Արժ. Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանը՝ ներկայացնելով 16-րդ եպիսկոպոսական սինոդոսի նախապատրաստական փաստաթուղթը, որտեղ Քահանայապետը շեշտում է մի շատ կարևոր սկզբունք, որը պետք է լինի երրորդ հազարամյակի Եկեղեցու առաջընթացի հիմնական ճանապարհը՝ բոլորի՝ թե հոգևորականների, թե վանականների և թե աշխարհականների, այսինքն՝ բոլոր մկրտվածների անխտրական միասնականությունը կամ միասին քայլելը, որը «սինհոդոս» բառի իմաստն է: Աստված մեզ կանչում է միասնական ընթացքի.

     

    «Ինչի՞ համար է մեզ կանչել, ինչի՞ համար ենք միասին, միասին քայլելու, միասին լինելու համար, ուստի երբ մեր առջև մենք որպես քրիստոնյաներ այդ հարցը մեր առջև դնում ենք, թե ինչի՞ համար է մեր Եկեղեցում լինելու.միասին քայլելու համար, միասին պայքարելու, անշուշտ հաղթահարելու և Աստծո հետ հավիտյանս ապրելու համար»:

     

    Միասնական ընթացքը սկսելու կամ վերսկսելու համար Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապը բոլոր համայնքներին առաջարկում է վերադառնալ Եկեղեցու հոգևոր ակունքներին և վերստին սկսել քայլել միասին՝ ոչ թե բարեփոխված այլ՝ հիմնովին նորոգված մի ընթացքով.

     

    «Հրավեր է ուղղում նաև մեզ Ֆրանցիսկոս Պապը ոչ թե մեր տեղային ավանդություները պահպանելու, այլ վերադառնալու դեպի Հոգեգալուստ, այսինքն՝ այն օրը, երբ Տիրոջ Եկեղեցին հիմնվեց և վերահիմնարկ կատարելու, վերահիմնվելու՝ որպես Եկեղեցի»:

     

    Եկեղեցու վերանորոգման առանցքային աղբյուրը Տեր Հիսուս Քրիստոս Ինքն է՝ Եկեղեցու վեմը և անկյունաքարը, Գլուխը և Առաջնորդը: Նրա շուրջ համախբվելով և Նրան հետևելո՛վ է, որ հնարավոր է քայլել միասին, համերաշխ և միմյանց հետ կապված Նրա սիրո շաղախով, ինչպես ամեն անգամ խմբվում ենք Նրա Ամենասուրբ Հաղորդության առջև, Պատարագին ճաշակում Այն և դառնում «մեկ հաց, մեկ մարմին», ըստ Սբ. Պողոսի խոսքի: Հոգեպարար և խորհրդավոր աղոթքներով, նաև լռելյայն խորհրդածություններով երկրպագեցինք Սուրբ Հաղորդության առջև և օրհնվեցինք Տիրոջ Մարմնից ճառագող աստվածային լույսով: Աղոթքից հետո հանդիպումն ամփոփվեց Հ. Գառնիկի խոսքով.

     

    «Ֆրանցիսկոս Պապն ասում է. «Սիրելի՛ երիտասարդներ, ունեցէք միշտ լուսաւոր աչքեր եւ երբէ՛ք մի հոգնեք փնտռել լոյսը խաւարի մէջ: Մաղթում եմ, որ ձեզանից իւրաքանչիւրը կարողանայ ուրախութեամբ ասել. «Յիսուսի հետ ես թագաւոր եմ։ Ես Աստուծոյ սիրոյ կենդանի նշանն եմ, նշանը Նրա կարեկցութեան ու քնքշութեան։ Ես Աւետարանի լոյսով շլացած մի երազող եմ եւ յոյսով նայում եմ գիշերային տեսիլքներին։ Եւ երբ սայթաքեմ, Յիսուսի մէջ կը վերագտնեմ քաջութիւնը դարձեալ երազելու, պայքարելու եւ յուսալու»»:

     

    Եվ վերջում, որպես սինոդականության գեղեցիկ արտահատություն, երիտասարդները ևս կիսվեցին իրենց մտորումներով և տեսլականով՝ համայնքների հոգևոր ապագայի մասին:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց