• Լույս տեսավ նոր «Աղոթագիրք»՝ Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի հովանավորությամբ

    «Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղէք աղօթքի համար» (Ա Պետ., 4,7)


    Սրտի մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ վերջապես, սույն թվականի հոկտեմբերին Հայ Կաթողիկէ Առաջնարդարանը լույս ընծայեց մի նոր «Աղոթագիրք»՝ Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի հովանավորությամբ և «Եկեղեցին կարիքի մեջ»՝ Kirche in Not, կաթողիկէ բարեսիրական կազմակերպության աջակցությամբ, մեր քահանաներիս միասնական աշխատասիրությամբ: Աղոթագիրքն իր մեջ ներառում է մեծ թվով աղոթքներ՝ առանձնական և միասնական աղոթքի համար, սուրբ հայրերի աղոթքները, ջերմեռանդական աղոթքներ, Սբ. Պատարագի խորհրդակատարությունը, հոգևոր երգեր՝ ծանոթագրություններով հանդերձ: Նոր աղոթագիրքն առայժմ տպված է սահմանափակ թվով: Հուսանք՝ Աստծո կամոք և հավատացյալներիդ նվիրատվություններով առաջիկայում կկարողանանք ապահովել առավել մեծ տպաքանակ: Աղոթագիրքը ձեռք բերելու համար հարկավոր է դիմել համայնքների հոգևոր հովիվներին:

     

    Նորատիպ աղոթագրքի ներածականը

     

    «Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղէք աղօթքի համար» (Ա Պետ., 4,7)

     

    Սուրբ Պետրոս առաքեալը, ում Տէրը կարգեց Վէմ Եկեղեցւոյ եւ յանձնեց իր ոչխարներին արածեցնելու ծանր, բայց այնքա՜ն քաղցր առաքելութիւնը, յորդորում է իւրաքանչիւրիս այս աշխարհի անտարբերութեան եւ գայթակղութիւնների ծովում չնիրհել անզգայութեան թմբիրի մէջ եւ մշտապէս լինել զգաստ՝ աղօթքի մէջ, որ քրիստոնէական կեանքի հիմքն է եւ շարժիչ ուժը: Աղօթքո՛վ է, որ իւրաքանչիւրս եւ բոլորս միասին կառուցում ենք մեր հաղորդութիւնը Տիրոջ հետ, Պօղոս առաքեալի խօսքով, մասնակից լինում Աստծոյ էութեանը եւ ապահովում մեզ համար զէնք՝ յաղթելու այս աշխարհին եւ ընդունելու յաւիտենական երջանկութիւնը: Աղօ՛թքն է, սիրելինե՛ր, որ վահանի պէս պաշտպանելու է մեզ այս աշխարհի արհաւիրքներից եւ զօրացնելու է՝ յառաջ ընթանալու՝ ետ չնայելով մեր դժուարութիւններին եւ սխալներին: Աղօ՛թքն է, որ մեզ օգնելու է ամուր վստահութիւն ունենալ Քրիստոսի հանդէպ եւ Նրանով զօրացած, մշտապէս արթուն լինելով՝ անվախ քայլել այս կեանքի ալեկոծ ծովի ալիքների վրայով եւ չսուզուել: Աղօ՛թքն է, սիրելինե՛ր, որ մեզ առաջնորդելու է դէպի ճշմարիտ քրիստոսանմանութիւնը:

    Փափաքելով օգնել ձեզ՝ սիրելի եղբայրնե՛ր եւ քոյրե՛ր, աւելի հարստացնելու ձեր անդադար ու ջերմեռանդ աղօթական կեանքը, որոշեցինք ձեզ առաջարկել այս փոքրիկ աղօթագիրքը: Այս գրքոյկի մէջ ընդգրկուած են ամէնօրեայ աղօթքներ՝ առանձին կամ միասին ասելու համար, ջերմեռանդական զանազան աղօթքներ, որոնց տարածումը համայնքներում, ընտանիքներում, միասնական արտասանութիւնը եւ երգեցողութիւնը բալասանի նման օգտակար է մերօրեայ կեանքում, որ ողողուած է տարատեսակ արատներով եւ շեղիչ ազդեցութիւններով:

    Աղօթագրքում ներառնուած են թէ՛ Ընդհանրական Եկեղեցւոյ, թէ՛ Հայ Եկեղեցւոյ Սուրբ Հայրերի աղօթքներ, թէ՛ արեւմտեան ծագման հնագոյն, շատ զօրաւոր աղօթքներ, որոնք հաւասարապէս սիրելի եւ հարազատ են հայ ժողովրդին: Հարկ է միշտ օգտուել աղօթքների ընդհանուր գանձարանից եւ միշտ կենդանի ու թարմ պահել աղօթական աւանդոյթները՝ թէ հայկական եւ թէ ընդհանրական:

    Այս գրքոյկի մէջ ընդգրկուել են նաեւ հոգեւոր երգեր, որոշ շարականներ, որոնց երգեցողութեան եղանակները պարզ են եւ հեշտ իւրացուող: Ձգտեցինք խուսափել բարդ եւ երաժշտական հմտութիւններ պահանջող շարականների ներառումից: Նոյն տրամաբանութեամբ նաեւ աղօթքների մեծամասնութիւնը դրել ենք աշխարհաբարով, բացառութեամբ մի քանի հնագոյն աղօթքների, որոնց հոգեւոր ուժն ու գեղեցկութիւնը նաեւ գրաբարեան հայերէնի մէջ է:

    Աղօթքների եւ հեղինակների վերաբերեալ կան նաեւ ծանօթագրութիւններ, իսկ վերջում՝ քրիստոնէականի հիմնարար որոշ տեղեկութիւններ, որոնք եւս կարող են օգտակար լինել թէ՛ մեծի եւ թէ՛ փոքրի համար:

    Յուսով ենք, որ այս աղօթագիրքը սիրելի կը դառնայ ձեզ եւ օգտակար կը լինի ձեր «ներքին մարդու» շինութեան եւ հոգեւոր աճման համար՝ ի հաճոյս Ամենասուրբ Երրորդութեան, որին վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. Ամէն:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

    Աղոթագրքի PDF` Աղոթագիրք-Ա6

Օրացույց

Օրացույց