Միջեկեղեցական եղբայրական այցելություններ
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի հովանավորությամբ հոկտեմբերի 8-ին, երեկոյան ժամը 19։00-ին, Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան այցելեց Պոլսո Հայոց Ն.Ա.Տ. Սահակ Բ. Մաշալյան Պատրիարքը, ընկերակցությամբ՝ Ս. Էջմիածնի ներկայացուցիչ՝ Գրշ. Խաժակ Արք. Պարսամյանի, Գեր. Տիրայր Վրդ. Հակոբյանի և Արժ. Տ. Շիրվան Քհն. Մյուրզյանի։ Պոլսո Պատրիարքին ընդունեցին Ամերիկիայի Միացյալ Նահանգների և Կանադայի «Տիրամայր Նարեկի» թեմի առաջնորդ՝ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանը, Հարավային Ամերիկիայի թեմի առաջնորդ՝ Արհ. Տ. Պողոս Եպս. Հաքիմյանը, վարժարանի Մեծավոր՝ Գերհ. Նարեկ Ծ. Վրդ. Նաամոյանը, Մխիթարյան Միաբանությունից Գերհ. Հ. Մեսրոպ Թ. Ծ. Վրդ. Սուլահյանը, վարժարանի հայ ծեսի, պատմության և գրաբար լեզվի ուսուցիչ՝ Գերպ. Ներսես Վրդ. Սաքայանը, Ուկրանիայի Կաթողիկէ Հայոց Ժողովրդապետ՝ Գերպ. Նարեկ Վրդ. Մնոյանը, Մխիթարյան Միաբանությունից Գերպ. Կորյուն Վրդ. Ճէնանյանը, Անարատ Հղության Առաքինազարդ քույրերը, գլխավորությամբ՝ միաբանության ընդհանուր մեծավոր Մայր Արուսյակ Սաճոնյանի և վարժարանիս ժառանգավորաց դասը։
Այցելությունը սկսվեց Լևոնյան Վարժարանի Ս. Նիկողայոս եկեղեցում, ուր Տեսուչ Հայր Նարեկ Ծ. Վրդ. Նաամոյանը և Հայր Ներսեսը ներկայացրեցին Վարժարանի և եկեղեցու պատմությունն ու սուրբ տաճարի երկու տարվա վերանորոգման գործընթացը, որը շուտով կհասնի իր ավարտին։ Ապա այցելեցին մատենադարան, որտեղ Պատրիարք Հայրն անձամբ թղթատեց վարժարանի ձեռագրերը։ Այնուհետև հոգևոր դասն այցելեց Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանին նվիրված թանգարանը, որտեղ ավելի մոտիկից ծանոթացավ Աստծո Ծառայի պատմությանն ու սրբադասման գործընթացին։
Ապա Սահակ Բ. Պատրիարքն այցելեց Վարժարանի «Տիրամայր Նարեկի» մատուռ, ուր ժառանգավորները կատարեցին «Զինչ Տաց» շարականը: Պատրիարք Հայրը «Պահպանիչ» աղոթքով իր Հայրապետական օրհնությունը տվեց և սրտի խոսքն ուղղեց վարժարանի աշակերտներին՝ նրանց փոխանցելով իր կոչման անդրանիկ քայլերի վկայությունը, ապա մաղթեց հաստատություն՝ իրենց հավատքի ու կոչման, Եկեղեցու հանդեպ հավատարմության մեջ և զորավոր աշխատանք՝ Աստծուն և մեր հայ ժողովրդին ծառայելու համար:
Կարճ աղոթքից հետո, Պատրիարք Հայրը մտերմիկ զրույց ու հանդիպում ունեցավ Ամեն. և Գերջ. Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Երկու Հայրապետները քննարկեցին եկեղեցական, ազգային և համայնքային զանազան հարցեր։
Հոգևորականների դասն ուղղվեց դեպի ճաշասրահ, ուր սիրո սեղանի շուրջ, Գերհարգելի Տեսուչ Հայրն իր շնորհակալությունը հայտնեց Աստծուն, ապա՝ Պատրիարք Հորն՝ այս եղբայրական մթնոլորտի և ժառանգավորներին ուղղած նրա սրտի խոսքի համար։ Ապա Սահակ Պատրիարքը շնորհավորեց նորընտիր Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքին իր ընտրության առթիվ՝ մաղթելով իրեն քաջառողջություն և բեղուն առաքելություն։ Իր հերթին, Հոգևոր Տերը շնորհակալություն հայտնեց Պատրիարքին իր եղբայրական ջերմ խոսքերի համար և մաղթեց, որ Աստծո օրհնությամբ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ երկու Հայրապետները համագործակցեն նախ հայ ժողովրդի հոգիների փրկության, ապա նաև համայն հայ ազգի բարօրության և առաջդիմության համար։
Ընթրիքի ավարտին, Ռաֆայել Պետրոս ԻԱ Հոգևոր Տերը Սահակ Պատրիարքին նվիրեց «Տիրամայր Նարեկի» պատկերը՝ ի հիշատակ այս անդրանիկ այցելության։ Իսկ Սահակ Պատրիարքը Հոգևոր Տիրոջը նվիրեց Միջեկեղեցական Քրիստոնեական հատորներ։
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը
Աղբյուր՝ Լևոնյան հայկական վարժարանի ֆեսյբուքյան էջ