«Խոնարհ Սիրտ Հիսուսի, լցրու՛ իմ սիրտը,
Մաքուր Սիրտ Հիսուսի, մաքրի՛ր իմ սիրտը,
Սիրակեզ Սիրտ Հիսուսի, լցրու՛ իմ սիրտը,
Հիսուս, ահա՛ ես, սիրի՛ր ինձ». Սրբուհի Մայր Թերեզա
2021-ի հունիսի 5-ին Տեր Հիսուս Քրիստոսի Ամենասուրբ Սրտին նվիրված մի հոգեշահ ուխտագնացություն կատարեցինք Աշոցքի հայ կաթողիկէ հինգ համայնքների 34 երիտասարդների հետ միասին: Ուխտագնացության վայրը Մայր Թերեզային Գթության միսիոներների՝ Սպիտակի տունն էր, որտեղ քույրերի հետ միասին ապրում են հատուկ կարիքներով մոտ երեք տասնյակ երեխաներ և չափահասներ: Քույրերի տան մատուռում միասին մատուցեցինք Սուրբ Պատարագ՝ մեզ հյուրընկալող տան քույրերի և հատուկ կարիքներով անձանց դիտավորությամբ: Պատարագի ընթացքում Աշոցքի երիտասարդներին պատմեցի Սրբուհի Մայր Թերեզայի կյանքի և նրա հիմնած Գթության քույրերի միաբանության պատմությունը: Պատարագի ավարտին կատարեցինք Հիսուսի Սուրբ Սրտին նվիրման ջերմեռանդական աղոթքը և երգեցինք Լիթանիան: Երիտասարդներն օրհնություն ստացան Սրբուհի Մայր Թերեզայի մասունքով, խնդրեցինք Սրբուհու բարեխոսությունը՝ մեր երիտասարդների համար:
Աղոթքներից հետո մի գեղեցիկ հանդիպում կազմակերպեցինք քույրերի տան սաների հետ: Մեր երիտասարդները մուլտերի հերոսների կերպարներով ուրախացրեցին երեխաներին, երգեցին և պարեցին նրանց հետ միասին: Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները ևս երգեցին, բարեմաղթանքներ ասացին, աղոթեցինք միասին և հրաժեշտ տվեցինք քույրերին ու սաներին՝ նորից նրանց այցելելու դիտավորությամբ:
20-րդ դարում սկիզբ առած քրիստոնեական բարեսիրության ամենաակնառու օրինակներից մեկը Մայր Թերեզայի հիմնած Գթության միսիոներների միաբանության գործունեությունն է: Այն սկսվեց 1950թ. Հնդկաստանի Կալկաթա քաղաքից ու կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում: Միաբանությունն այսօր ունի մոտ 5167 քույր, ովքեր բարեգործական տարբեր ծրագրեր են իրականացնում 133 երկրներում: Միաբանության առաքելությունը, ինչպես իրենք են ձևակերպել, «ամբողջ սրտով և ձրիաբար ծառայելն է ամենաաղքատներին»: Նրանք խնամում են հասարակության լուսանցքներում հայտնված, լքված, արհամարհված անդամներին` հիվանդներին, հաշմանդամություն ունեցող անձանց, անտուններին, ալկոհոլամոլներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին և այլն: Գթության քույրերը ցույց են տալիս մերձավորին անձնվեր ծառայության, նրա հանդեպ սիրո գեղեցիկ նմուշներ, որոնց առաջին օրինակը նրանց համար եղավ Մայր Թերեզան:
Մայր Թերեզայի և Գթության միսիոներների մասին առավել մանրամասն պատմելու համար շուտով կպատրաստեմ մի գրքույկ:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան