«Ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ իր վարձը չի կորցնի», Մտթ. 10, 42:
«Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում 2019թ. հունիսից մինչև օգոստոս ամիսներին անցկացվեց ամառային ճամբար 833 մասնակիցների համար Հայաստանի և Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների 10-15 տարեկան պատանիների համար:
Ճամբարի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին մայիս ամսից՝ օրհնությամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և գլխավորությամբ ճամբարի տնօրեն Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի: Երեխաների ընտրությունը կատարել են համայնքների ժողովրդապետները: Երեխաների ծնողները նախապես լրացրել են ուղեգրերը, դրանից հետո երեխաները ցուցակագրվել և բաժանվել են ըստ տարիքային խմբերի: Խրախուսելով ներառական կրթության գաղափարը՝ ճամբարականների շարքերը համալրվել էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներով:
Ջոկատավարների ընտրությունը կատարվել է հարցազրույցի միջոցով: Նրանք հիմնականում հայ կաթողիկե համայնքների երիտասարդներն են: Երիտասարդների մասնակցությունը ամառային ճամբարներում միշտ խրախուսվում է՝ բացահայտելու համար նրանց կարողությունները՝ երեխաների հետ աշխատանքում: Ընտրվում են ուրախ, ստեղծարար, հոգատար և պատասխանատու անձինք, ովքեր դառնում են ճամբարի ընտանիքի անդամներ:
Ջոկատավարների ընտրությունից հետո հունիսին անցկացվեց երկօրյա դասընթաց, որի ժամանակ խմբային աշխատանքները և առաջադրանքները, ճամբարի կազմակերպիչների առաջնորդությունը օգնեցին ջոկատավարներին հեշտացնել իրենց հետագա աշխատանքը միմյանց և երեխաների հետ: Ներկայացվեց նաև ճամբարային կարգ ու կանոնը և երեխաների հետ վարվեցողության կանոնները: Դասընթացի արդյունավետությունը տեսանելի էր ճամբարի ընթացքում, երեխաների հետ աշխատանքն ավելի հեշտ էր, հետաքրքիր և արդյունավետ: Ջոկատավարների օգնությամբ մշակվեցին ճամբարային հետքրքիր և գունեղ խաղեր, երեխաների տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին համապատասխան:
Կարևորելով բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը՝ այս տարի առաջին անգամ ջոկատավարների համար դասընթացի ընթացքում հրավիրվել էր հոգեբան-հոգեվերլուծող, ով ներկայացրեց երեխաների դեմ բռնության դրսևորումները և դրանց կանխարգելումը: Մեր նպատակն էր բարձրացնել ջոկատավարների իրազեկվածությունը երեխաների դեմ բռնության պայքարի մեխանիզմների և միջոցների մասին:
Այս տարի ճամբարը մեկնարկվեց հունիս ամսին: Այդ երեք ամիսներին ընթացքում ընդունել և ճանապարհել ենք շուրջ 450 մասնակիցների` ներառյալ երեխաներ, աշխատակազմ, հոգևորականներ և կամավորներ, ովքեր նախընտրել էին իրենց ամառային հանգիստը անցկացնել մեր ճամբարում:
Ճամբարի օրակարգը հնարավորինս հարմարեցված էր երեխաների նախասիրություններին, որպեսզի այն լինի իրենց առօրյայից տարբերվող և հետաքրքիր:
Առավոտյան մարմնամարզությունը կարևոր բաղադրիչ է երեխաների կյանքում: Դրանով մենք փորձել ենք բարձրացնել երեխաների ֆիզիկական ակտիվությունը և բարեկեցությունը` նրանց մեջ սերմանելով այն գաղափարը, որ ֆիզիկական ակտիվությունը կարևոր է՝ երջանիկ, առողջ և ակտիվ լինելու համար:
Երեխաներն ամեն օր մասնակցում էին առավոտյան Սուրբ Պատարագի, ապա՝ քրիստոնեական վարդապետության դասերի, որոնք երեխաներին տալիս են ամուր հոգևոր և բարոյական հիմք՝ արժեքների և բարքերի արագ փոփոխվող աշխարհում: Դասերի ընթացքում երեխաները հասան այն գիտակցությանը, որ այն շնորհներն ու տաղանդները, որ իրենք ունեն՝ նվեր է Աստծո կողմից և իրենց քրիստոնեական կյանքի շնորհիվ պիտի պահպանեն և ձգտեն լինել Աստծո արժանի զավակներ:
Պարի, ձեռքի աշխատանքի, բնապահպանության և օտար լեզվի դասերը երեխաներին հնարավություն էին տալիս բացահայտել իրենց տաղանդները, զարգանալ, սովորել և սովորեցնել իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին. սա նպաստում է բարձր ինքնագնահատականի և ինքնավստահության զարգացմանը:
Փորձը ցույց է տալիս, որ ամենամյա ամառային ճամբարների ընթացքում երեխաների ամենասպասված պահը եղել և մնում են ճամբարային խաղերը: Խաղերը, որոնք անցկացվում են ճամբարի բոլոր երեխաների համար, բաժանված էին երեք խմբի՝ արկածային, մրցակցային և ինտելեկտուալ: Խաղերը հնարավորություն են տալիս երեխաներին լինել խմբի առաջնորդներ, լինել թիմի մասնակից, անհրաժեշտության դեպքում բերել փաստարկներ, լինել կարեկից ընկերների նկատմամբ, զգալ հաղթանակի բերկրանքը և հաղթահարել պարտության ցավը: Խաղն օգնում է կառուցել առաջնորդական հմտություններ, ձեռք բերել անկախություն և ինքնավստահություն:
Ճամբարային օրակարգից անբաժան են նաև մշակութային միջոցառումները, որոնք բացահայտում են երեխաների թաքնված տաղանդները, փոքրիկ ներկայացումները խթանում են երեխաների գեղագիտական ճաշակի զարգացմանը, ազգային ավանդույթների և արժեքների պահպանմանը և փոխանցմանը: Մշակութային միջոցառումների շրջանակում երեխաները այցելում էին թանգարաններ, կինոթատրոն, թատրոն և տիկնիկային թատրոն:
Արդեն մի քանի տարի «Աղաջանյան ամառային ճամբար» եկած երեխաներն ասում են, որ ճամբարային տարածքում իրենք իրենց զգում են ինչպես տանը, շրջապատված` սիրով և հոգատարությամբ՝ հոգևորականների, ծրագրի աշխատակիցների և կամավորականների կողմից:
Այս տարի «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում նշվեց Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից կազմակերպվող ամառային ճամբարների տասնհինգ ամյա հոբելյանը:
Ճամբարականները ներշնչում են մեզ, որ մենք երբեք չկորցնենք մեր տեսլականը և աշխատենք խաղաղության և սիրո համար:
Անի Ցոլակյան, Լիլիթ Մկրտչյան
«Կարդինալ Աղաջանյան» ամառային ճամբարի կազմակերպչական խմբի անդամներ