• Թեմի հոգևորականները Իտալիայում մասնակցել են քահանայական պատրաստության դասընթացի

    Թեմի հոգևորականները Իտալիայում մասնակցել են քահանայական պատրաստության դասընթացի


    2014թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի օրհնությամբ Հռոմից քիչ հեռու գտնվող Սանթա Մարինելլա բնակավայրում կազմակերպվեց քահանայական մնայուն կազմավորման դասընթաց՝ Հայ Կաթողիկե Եկեղեցու 5-10 տարեկան քահանական ձեռնադրությամբ հոգևորականների համար: Դասընթացին մասնակցել է 12 հոգևորական՝ 5 վարդապետ և 7 ամուսնացյալ քահանա՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Սիրիայից, Լիբանանից և Հունաստանից: Դասընթացը նախաձեռնել էր Հայ Կաթողիկե Պատրիարքարանը: Այն իր տեսակով առաջինն է Հայ Կաթողիկե Եկեղեցու պատմության մեջ և, ինչպես խոստանում են կազմակերպիչները, լինելու է շարունակական, նաև՝ այլ հոգևորականների համար, ովքեր ունեն տարբեր տարիների քահանայական ձեռնադրություն: Դասընթացի թեմաները կենտրոնացած են եղել քահանայական կոչմանը հավատարիմ մնալու հոգևոր պարտականության, քահանայական կոչման և ծառայության հետ կապված խնդիրների, ինչպես նաև ծիսակատարության թեմաների շուրջ: Դասախոսությունների համար հրավիրված են եղել Հիսուսյան միաբան Էմմիլիո Մագանիան, ով Հռոմում պատրաստում է նմանատիպ դասընթացներ անցկացնող հոգևորականների, Պոլսի Առաքելական Կառավարիչ, հայագետ Գերշն. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանը, Լիոնի հայ կաթողիկեների ժողովրդապետ Գերհարգելի Հ. Հովսեփ ծ.վ. Քելեկյանը:

    Դասընթացի բացման իր խոսքում Հոգևոր Տերն ասել է, որ քահանան իր հոգևոր ծառայության մեջ իր անձնական ձեռագիրը չպետք է հետապնդի, այլ ամեն ինչ պիտի անի իր առաջնորդի գիտակցությամբ և հավանությամբ, այն ժամանակ Աստված կօրհնի նրա առաքելությունը և հավատացյալները կշինվեն հոգևորապես: Քահանայական մնայուն պատրաստության այդ հավաքի նպատակը, Հոգևոր Տիրոջ խոսքերով, վերանորոգելն է քահանայության կոչումը՝ հետևելու Հիսուսին, Նրա փրկչական գործը շարունակելու, որը կհաջողվի ոչ թե գիտելիքների մեծ քանակությամբ, այլ՝ առաջին հերթին խոնարհությամբ և Աստուծոյ հանդեպ վստահությամբ: Հոգևոր Տերը հորդորել է քահանաներին լինել Հիսուսի ընկերը մշտական աղոթքներով և խոնարհությամբ: Դասընթացի ընթացքում կարևորվել է քահանայի կողմից իր հոգևոր կատարելագործման վրա մշտապես ջանք թափելը, սեփական հոգևոր կատարելագործման հստակ ծրագրի մշակումը՝ անդադար փորձելով հասկանալ սեփական թերություններն ու աշխատելով շտկել դրանք: Դասընթացի մասնակիցները դասախոսողների հետ միասին խմբային աշխատանք են կատարել՝ փոխանակելով սեփական փորձառությունը տարբեր խնդիրների լուծման վերաբերյալ, որոնք հանդիպում են քահանայական ծառայության ընթացքում: Այս իմաստով նման դասընթացը ունի երկակի կարևորություն քահանայի համար՝ հոգևոր գիտելիքների հարստացում մասնագիտական դասալսումներով և փորձի փոխանակման լավ հնարավորություն:

    Քահանայական մնայուն պատրաստության այդ դասընթացի մասնակիցները վստահ են, որ իրենց հաջողվեց այդ մի քանի օրերի ընթացքում ձևավորել ջերմ մտերիմ հարաբերություններ միմյանց միջև: Դասերից բացի քահանաները միասին ներկա են գտնվել Սրբազան Քահանայապետի ընդհանուր ունկնդրությանը, միասին այցելել են Հռոմում և Հռոմից դուրս գտնվող սրբավայրեր, իսկ դասընթացի ավարտին՝ Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու մայրապետաց վանք, որտեղ աղոթել են Սբ. Գրիգոր Լուսավորչի գանգի առջև: Ինչպես հայտնի է, Սբ. Գրիգոր Լուսավորչի գանգը պահվում է Նեապոլի մայրապետների մի վանքում, որտեղ նախկինում ապրել են հայ միանձնուհիներ: Վանքի փողոցը ևս կոչվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով: 2001թ. Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապը Նեապոլում պահվող Լուսավորչի մասունքների մի մասը նվիրեց Հայ Առաքելական Եկեղեցուն:

     1278813_447067712099347_9040674426323994290_o 10661760_447066598766125_5723698871228071009_o10575245_447067475432704_356775215483360647_o  catholicos-aram-in-naples-04-big10628902_447078112098307_870717545997283296_o

Օրացույց

Օրացույց


Recent Comments