• Առաջարկներ, մտահոգություններ՝ Եպիսկոպոսաց Սինոդի արտահերթ 3-րդ համագումարին

    Ռաֆայել Արքեպս. Մինասյանի «Ընտանիք» հովվական թուղթը, հովվական առաջարկներ, մտահոգություններ՝ Եպիսկոպոսաց Սինոդի արտահերթ 3-րդ համագումարին


    «Արդյո՞ք գիտենք ինչպես ճիշտ հարաբերություններ կառուցել»: Առաջարկներ Սինոդի հայրերին

     

     

    Ընտանիքի ներկայիս խնդիրների թեմայով Հռոմում հոկտեմբերի 5-19 հրավիրված Եպիսկոպոսաց Սինոդի 3-րդ արտահերթ գլխավոր համագումարին տարբեր բարձրաստիճան հոգևորականներ, եկեղեցական կառույցների ղեկավարներ իրենց նամակներն են ուղարկել, որտեղ սինոդական հայրերի ուշադրությունն են հրավիրում որոշակի խնդիրների շուրջ և ներկայացնում են իրենց առաջարկությունները դրանց լուծման ուղղությամբ: Caritas Internationalis բարեգործական կազմակերպության նախագահ Կարդինալ Օսկար Մարադիագան և Ընտանիքի համար պապական խորհրդի (Pontificium Consiulium pro Familia) նախագահ Վիչենզո Փալիան հոկտեմբերի 1-ին միացյալ մի նամակ են ուղարկել Սինոդին, որին կից ներկայացրել են նաև ընտանիքի ներկայիս խնդիրների լուծման առաջարկներ, որոնք քննարկվել են Հռոմում սեպտեմբերի 18-ին այդ վերոհիշյալ երկու կառույցների կողմից կազմակերպված համատեղ սեմինարի ընթացքում: Այդ սեմինարը կազմակերպվել էր ի պատրաստություն՝ հոկտեմբերի 5-19 հրավիրվելիք Սինոդի արտահերթ համագումարին: Նախ, նամակում հեղինակները գրում են, որ ընտանիքի թեման տեղին է ուշադրության կենտրոնում պահել թե՛ «անտարբերության գլոբալացման» հետևանքով ընտանիք հաստատության գլխին կախված սպառնալիքների պատճառով, թե՛ հանուն այն հնարավորությունների, որոնք ընտանիքի հաստատությունն առաջարկում է նրանց, ովքեր ցանկանում են նվիրվել ավելի մարդկային հասարակության կառուցմանը: Նամակի հեղինակները փաստում են, որ ընտանիքի հաստատությունն այսօր ճգնաժամի մեջ է հատկապես ֆինանսական և տնտեսական ներկա համակարգի պատճառով, որտեղ կարևորվում են անհատական շահը, շուկայական հարաբերությունները, հարստությունների անհամաչափ բաշխումը, պատերազմները, որոնց հետևանքով ընտանիքներն հայտնվում են աղքատության և գործազրկության մեջ.որպես հետևանք՝ վտանգի տակ է ընտանիքը.այն այլևս ապահով ապաստան չէ դժվարությունների մեջ գտնվող մարդու համար: Առաջարկությունների մեջ, որոնք մշակվել են հոգևորականների և աշխարահական մասնագետների համատեղ աշխատանքով, երկու կառույցները գրում են, որ պատրաստ են ջանքեր թափել՝ նվազեցնելու ֆինանսա-տնտեսական ներկայիս համակարգի վատ հետևանքները ընտանիքի հաստատության վրա: Խոսելով պատերազմների և սոցիալական դրության հետևանքով արտագաղթի ահռելի չափերի մասին՝ առաջարկում են աջակցել արտագաղթյալների ընտանիքներին: Սեմինարի մասնակիցները կոչ են անում եկեղեցական համայնքներին իրենց չօգտագործվող տարածքներում ապաստան տրամադրել դժվարությունների մեջ գտնվող ընտանիքներին: Կարևորելով տարեցների և հիվանդների հանդեպ հոգատարությունը՝ մասնակիցները հայտնում են իրենց նվիրումը՝ համայնքներում զարգացնելու աջակցությունն այն ընտանիքներին, որտեղ ծերեր կամ հիվանդներ կան: Հարկ է համայնական կյանքում, դասընթացներում ներգրավել հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների՝ այդպիսով օգնելով նրանց ընտանիքներին: Գործազրկության մեջ հայտնված միջին սերունդը քայքայման եզրին է.հարկ է օգնել նրանց պատշաճ աշխատանք գտնել: Սեր ու հասկացողություն ունենալ ապահարզանի զոհ դարձած միայնակ մայրերի հանդեպ: Օգնել աղքատ ընտանիքներին, որպեսզի երեխաները մնան այդ ընտանիքներում, չհանձնվեն խնամքի հաստատություններին: Հաշվի առնելով ներկայում շատ ընտանիքների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը, չենք ուզում բեռնավորել նրանց ծանր կրոնական, համայնական պարտականություններով, որոնք էլ ավելի փխրուն կդարձնեն այդ ընտանիքները, ասում են առաջարկությունների հեղինակները: Հարկ է մշտապես բաց լինել դժվարին վիճակներում ապրող ընտանիքների խնդիրների առջև, լսել նրանց և ջանալ օգնել: Այսօր ընտանիքներում խիստ կարիք է զգացվում հոր և մոր օրինակելի մոդելների, իսկ եկեղեցական համայնքները, քահանաները հաճախ վախենում են ծնողական օրինակելի հոգատարության պատասխանատվություն վերցնելու իրենց վրա: Ընտանիքի մասին ավետարանական պատվիրանները տարածելու և համոզելու համար հարկ է նախ համայնքները դարձնել ընտանիքներ՝ բառիս ճշմարիտ իմաստով: Սեմինարի մասնակիցները հարց են բարձրացնում՝ արդյո՞ք գիտենք ինչպես ճիշտ հարաբերություններ կառուցել, արդյո՞ք կաթողիկե դպրոցները, քրիստոնեականի դասերը, ամուսնության պատրաստությունը մարդուն սովորեցնում են սիրել, հոգ տանել դիմացինի մասին: Քրիստոսի աշակերտներ լինել՝ նշանակում է կարողանալ ապրել միասին, մարդասիրական հարաբերություններ ունենալ աղքատների, թույլերի հետ: Սիրելն ու լավ հարաբերություններ զարգացնելը պետք է երեխան սովորի դպրոցում, համայքներում.այն ի ծնե չի տրվում: «Եթե կարողանանք այսօր խոսել երիտասարդների և փոքրերի լեզվով, եթե կարողանանք այնպես անել, որ նրանք սիրեն Քրիստոսին ոչ միայն բառերով, այլև՝ գեղեցիկ և ազդու փորձառությամբ, ապա հեշտությամբ կհասնենք նրանց սրտերին».գրում են առաջարկների հեղինակները: Սեմինարի առաջարկների, Կարդինալ Մարադիագայի և Արքեպս. Փալիայի նամակի անգլերեն տարբերակները՝

    PDF Message of His Em. Card. Oscar Andrés Rodríguez Maradiaga

    PDF Pastoral proposal for the Synodal Fathers

     

    FILE PHOTO OF CARDINAL OSCAR RODRIGUEZ MARADIAGA

     

     

    Գլոբալացումը ծառայում է քչերին

     

     

     Սեպտեմբերի 18-ին Հռոմում հրավիրված սեմինարի մասնակիցներին ուղղված իր խոսքում Կարդինալ Օսկար Մարադիագան ուշադրություն է հրավիրել կարևոր փաստերի վրա, որոնք չեն կարող ի նկատի չառնվել ընտանիքի հաստատության ներկայիս սոցիալական դրության մասին խոսելիս: Այսպես, ըստ Կարդինալի ուղերձի, վերջին 25 տարիներում տնտեսապես զարգացած ազգերի սպառման ծավալները տարեկան ավելացել են 2,5 %-ով, իսկ  աֆրիկյան ազգերում ընտանիքների սպառման ծավալները նվազել են  20-%-ով: Կարդինալը խոսել է եկամուտների անհավասարաչափ բաշխման, ֆինանսական շահի հետևից վազելու մոլուցքի հետևանքների մասին, տվյալներ ներկայացրել տարբեր երկրներում ընտանիքների սոցիալական ծանր դրության մասին՝ չնայած այդ երկրների պաշտոնական թվերին, որոնք այլ բանի մասին են հայտարարում: Գլոբալ տնտեսական համակարգը չի ծառայում բոլորի տնտեսական բարեկեցությանը, այլ՝ միայն քչերի: «Գլոբալացումը խիստ ընտրովի է: Բավական է նշել միայն այն մեծաթիվ հուսահատ ճամփորդությունները, որոնք ձեռնարկում են փախստականներն ու արտագաղթյալները և որոնք ավարտվում են ծովի խորքերում կամ այն երկրների գերեզմանոցներում, որտեղով անցնում են…Մի համակարգում, որն անհատապաշտությունը վեր է դասում բոլոր արժեքներից, առանց կանոնների գործող շուկայում ընտանիքների պետքերն արհամարհված են, իսկ ընտանիքների ստեղծած արժեքները վտանգված են և կարող են փուլ գալ խաղաթղթերից պատրաստված տան պես».ասել է Կարդինալը: Տնտեսական աղքատության պատճառով ոչնչանում են հատկապես երիտասարդ ընտանիքներ և մեկուսանում են համայնքից: Երբ ընտանիքը դժվարության մեջ է, ընտանեկան բոլոր հարաբերությունները ճգնաժամի մեջ են: Մարդիկ, հատկապես ծերերն ու երիտասարդներն այդ պայմաններում դառնում են ավելի մենակ և լքված: Առաջին հերթին տուժում են երեխաները, ինչպես վկայում են տարբեր երկրներում գործող Կարիտասի տվյալները:

     Ընտանիքների դրությունը բարելավելու համար, ավելի արդար հասարակարգ կառուցելու համար հարկ է սովորել Հիսուսի վարդապետությունը, նորից սերտել սիրո այբուբենը, որը հարաբերություն է կառուցում բոլոր ընտանիքների միջև առանց վերապահումների: Հարկ է գնալ կյանքի պայմաններից խոցված ընտանիքների մոտ, ովքեր իրենք իրենց մերժված, թերագնահատված են զգում, կամ այլ կրոնների են պատկանում, պետք է նայել նրանց աչքերի մեջ և լսել նրանց, ինչպես Ֆրանցիսկոս Քահանայապետն է պատվիրում «Ավետարանի ուրախությունը» (Evangelii Gauidium) շրջաբերականում, ասել է Կարդինալը:

    PDF Message of His Em. Card. Oscar Andrés Rodríguez Maradiaga

     

     

    Paglia

     

     

    Աղքատ ընտանիք՝ աղքատների համար

     

     

     Շատ ուշագրավ է նաև Ընտանիքի պապական խորհրդի նախագահ Արքեպս. Վիչենզո Փալիայի ուղերձը այդ նույն սեմինարի մասնակիցներին: Նա ևս մեծագույն մարտահրավերը ընտանիքների համար մեր օրերում համարում է սոցիալ-տնտեսական համակարգը: Հաղթահարելու համար բազում խնդիրները, պահպանելու համար ընտանիքի հաստատությունը, ներընտանեկան հարաբերությունները՝ Արքեպս. Փալիան առաջնահերթ կարևորություն  է տալիս ընտանիքների հասարակական ակտիվությանը՝ պաշտպանելու սեփական իրավունքները, միություններ կազմելը՝ միմյանց օգնելու, կայուն ընտանիքների թվի ավելացմանը օժանդակելու նպատակով: Ընտանիքը, որպես կրթության միջավայր, կառուցում է հասարակությունը: Ընտանիքն այն վայրն է, որտեղ մարդը սովորում է դիմացինին ընդունել նրա տարբերություններով հանդերձ: Սա է, որ պետք է հիմք դառնա ընտանիքում ստեղծված սիրո հարաբերությունների նմանությամբ հարաբերություններ ստեղծելու համար՝ նաև ընտանիքից դուրս՝ այլ ընտանիքների ու անհատների հանդեպ՝ պատրաստ լինելով միշտ ձեռք մեկնելու ուրիշներին՝ անկախ սեփական ընտանիքի սոցիալական վիճակից: Սա թույլ կտա հաղթահարել ընտանեկան եսակենտրոնությունը՝ դառնալով աղքատ ընտանիք՝ աղքատների համար: Հարկ է կիսել սեփական ունեցածը, ոչ թե ավելցուկը, այլ՝ միակ ունեցածը ուրիշների հետ.այդպես միայն կարելի է կառուցել սիրո հարաբերություններ ընտանիքների միջև, վստահ է Արքեպս. Փալիան:

    PDF Msgr Vincenzo Paglia’s Speech

     

     

     mg_2829

    «մեր սրբազան առաքելությունն է գնալ մեր ոչխարների ետևից, հավաքել, պահպանել և առաջնորդել դեպի երանավետ հոգևոր մարգագետիններ»

     

     

      Սինոդի արտահերթ 3-րդ համագումարինմ ընդառաջ 2014թ. սկզբին իր հովվական թուղթն ուղղեց իր հոտին նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը: Թղթում Սրբազան Հայրը արծարծում է ընտանիքների դեմ ներկայում ծառացած հիմնական բարդությունները, բացատրում անհավատարմություն, ամուսնալուծություն, արհեստական վիժում երևույթների էությունը և հետևանքները, խրատում հոգևոր դասին և ծնողներին: «Ուզում եմ Ձեզ հետ միասին կիսել մեր թեմի ընտանիքի գոյավիճակը: Անձնապես, իբրև հովիվ, ուզում եմ կիսել Ձեզ հետ իմ խորհրդածությունները, մտահոգությունները և հարազատ ու անկեղծ փափագները հայ ընտանիքի առողջ առաջադիմության և հաջողությունների համար…».գրում է թեմի առաջնորդը: Հովվական թղթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ`Ընտանիք, 2014, ինչպես նաև՝ կայքի «Հովվական թղթեր» բաժնում:

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments