• Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի խոսքը՝ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներին

    Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի խոսքը՝ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներին


    Հույժ սիրելի հոգևոր հայրեր և հարգարժան մասնակիցներ,

    մեր եռօրյա համագումարի վերջին նիստում ուրախ եմ և պատիվ ունեմ արձանագրելու, որ սերմն այն գաղափարի, որը մենք հղացանք՝ ճշմարիտ համագործակցություն և ընդհուպ միասնություն ոգու, հայացքների, կամքի, գործողությունների, Հայ Եկեղեցում այսօր մեր համատեղ և միահամուռ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունի աճելու և զարգանալու: Ի հեճուկս տարաբնույթ մարդկային զանազան խոցերի և ցավալի իրականությունների, մենք՝ Հայ Եկեղեցին ներկայացնող զանազան համայնքներս, կարողացանք մեկ սեղանի շուրջ քննարկել Հայ Եկեղեցու և հայի առջև ծառացած խնդիրները՝ փորձելով դրանց լուծումները գտնել միասնաբար: Եվ գործի միասնությունը աշխատանքի մեջ է:

    Սիրելիներ, թող Ամենաբարին Աստված իր պահապան աջով միշտ հովանի լինի մեզ, այսօր մենք մեծ մարտահրավերներ ունենք, և, այո՛, նույն քամին մեկին նավահանգիստ է հասցնում, մյուսին խորտակում: Այս ալեկոծ կյանքում մեր նավը մեր Սուրբ Հայ Եկեղեցին է, որ պահում և պաշտպանում է ամեն համայնքի ինքնությունը, իսկ մեր նավահանգիստը Քրիստոսն է, ուստի, սիրելինե՛ր, նախ մեր աշխատանքով և գործունեությամբ շարունակենք ամրացնել և տարածել այս միասնականությունը: Կրկին խորին շնորհակալությունս եմ հայտնում հայոց հայրապետներին՝ իրենց գորովալից աջակցության համար:

    Շնորհակալությու՛ն բոլորիդ անխտիր, որ չխնայեցիք ձեր ժամանակը, ուժը և, նվիրվելով այս համագումարի աշխատանքներին, զորավիգ եղաք կյանքի կոչմանը: Մեր համատեղ աշխատանքի պտուղների սերմը մեզնից յուրաքանչյուրն է, որ, վերադառնալով, մտնելու և քարոզելու է՝ վկայելով քրիստոնյա հայ ազգի՝ թե հոգևորականի և թե համորեն հավատացյալ մարդու, միասնականությունը: Մեր սրբոց նահատակաց սուրբ արյան կանչով մենք մեր ներդրումն ենք բերելու և բերելու ենք հայ դատի արդար լուծմանը: Մաղթանքս և աղերսս է առ Բարձրայլն Ամենազոր, որ պահի և պաշտպանի ձեզ և համորեն ազգս հայոց:

    Եվ վերջում խոսքս կնքում եմ գոհաբանական աղոթքով.Փա՛ռք Քեզ Աստուած, փա՛ռք Քեզ յաղագս ամենայնի, փա՛ռք Քեզ:

Օրացույց

Օրացույց


Recent Comments