• Տպավորություններ՝ նորընծա սարկավագության

    «Աստծոյ կամքը ա՛յս է, որ դուք սուրբ լինէք».Ա Թես.4, 3


    15 դեկտեմբերի, 2015թ.

    Աստծո օգնությամբ, երիտասարդներին վկայելու պարտականության զգացումով՝ ուզում եմ երկու խոսք ասել սարկավագական ձեռնադրությանս զգացողություններիս վերաբերյալ:

     

    Ձեռնադրվեցի 2015թ. դեկտեմբերի 9-ին՝ Սուրբ Կույսի Անարատ Հղության տոնին: Աստվածային ավելի մեծ պարգևի ու ողորմության մասին չէր էլ կարելի երևակայել: Րոպեներ առաջ շուրթերս արագ-արագ շարժվում էին «Ողջոյն Քեզ Մարիամ, լի շնորհօք…» աղոթքի հևքով, մեծ լարվածությամբ նախաճաշակում էի աստվածային շնորհին արժանանալու երջանիկ պահը, լարվածությունից գլուխս տրաքվում էր: Անարժանիս համար այդպիսի շնորհով լցվելը շքեղ ու չվաստակած մի նվեր էր, որ Աստված տալու էր ձրիաբար, ինչպես միշտ տալիս է բոլորին, ում կամենում է՝ անկախ մեր վաստակներից ու կյանքի որակից: Աստծո ողորմությանը ինքս չեմ հասել, այլ ընդունել եմ անարժանորեն, Աստծո ողորմած արդարադատությունը շատ ավելին է, քան այն, ինչին մենք իրականում արժանի ենք մեր թշվառ կյանքի ճանապարհներին: Սա Եկեղեցին է սովորեցնում: Վստահություն ունեմ, որ Տեր Հիսուս Քրիստոս ինձ և շատ շատերին Իր շնորհներին  արժանացրեց՝ Սուրբ Կույսի բարեխոսությունը ի տես ունենալով, Իր Անարատ Մոր վաստակին նայելով, այլ ոչ թե՝ իմ կատարյալ ոչնչությանը և թերի աղոթքներին: Սրբազան Հոր առջև ծնրադիր՝ սկսեցի գիտակցել, որ ուժերիցս անչափ վեր մի բան է ինձ տրվելու՝ Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու, Նրա սուրբ հետքերով գնալու, Տիրոջ կամքը կատարելու, սեփական կամքս լիովին զրոյի հավասարեցնելու պատասխանատվությունն ու պարտականությունը՝ մի բեռ, որ «թեթեւ է եւ քաղցր», բայց ինձ համար ահռելի մի ծանրություն էր թվում, մանավանդ, երբ հրաժարման կարգի պահին, դեմքով դեպի ժողովուրդը, ուսերիս զգացի քահանաների ձեռքերը: Մարմնովս սարսուռ անցավ և հեղձուկը սկսեց խեղդել կոկորդս: Դա անզսպելի էր, անսպասելի ու անկեղծելի: Մինչ այդ հուզմունքից մրսում էի, այդ պահին սկսեցի տաքանալ, մի ջերմություն՝ դողի հետ միասին շամփրեց մարմինս: Աստվածային շնորհը հնարավոր չէ զգալ ֆիզիկապես, բայց զգում էի մի նոր բան, որ լցվում էր իմ մեջ: Այդ վայրկանին զգում էի, որ առանց Տիրոջ օգնության, առանց Սուրբ Հոգու ես ոչինչ եմ, ես չեմ կարողանա նույնիսկ կանգնել ծնկաչոք դիրքից, էլ ուր մնաց՝ կիսել Տիրոջ խաչի ծանրության մի չնչին մասը: Բայց նաև վստահություն ունեի, և քիչ-քիչ այդ վստահությունը սկսեց աճել իմ մեջ, թե Աստված ինձ մենակ չի թողնի երբեք, ինչքան էլ ես անարժան լինեմ իր սիրոյն, մի վստահություն, որ Տերն ինձ հետ է, թեև ես այնքա՛ն հեռու եմ Իրենից: Ես ինձ շա՛տ փոքր էի զգում ինձ ողողող աստվածային շնորհի առջև. որպես մի բեկյալ նավի կտոր, տարուբերվում էի Տիրոջ շնորհի անծայրածիր ովկիանոսի վիթխարի ալիքների վրա…Եպիսկոպոսի առջև ծնրադիր՝ արտասուքներիս ազատություն տվեցի:

     

    Երբ առաջին անգամ ինձ թույլ տրվեց բռնել Տիրոջ արյունով լի Սկիհը, մեծ ծանրություն զգացի: Սկիհը, կարծես, ավելի ծանր էր, քան իրականում պետք է լիներ: Նայեցի Արյանը և սարսուռ անցավ մարմնովս.այդ Սկիհի մեջ ամփոփված էր ահռելի մի Զորություն, տիեզերքի Տերն Ի՛նքը այդտեղ էր՝ Զորությունների Տերը, Ամենակալը, Դատավորը ողջերի և մեռելների, Անսահման Սերն ու Գթությունը, Ողորմությունը, Ներող և մեզ միշտ գրկաբաց սպասող Հայրը, անդավաճան Ծնողը, հոգատար Խնամակալը, ճշմարտախոս ու հավատարիմ Ընկերը, Իր կյանքը մեր սրբության համար մատնած Եղբայրը, անձնվեր Փեսան, որի հետ պսակվում ենք Մկրտության ժամանակ և ապա դավաճանում: Ես ինձ դավաճան էի զգում, բայց ես արժանացա՝ Տիրոջն իմ ձեռքերում պահելու ողորմությանը: Ինչպե՞ս: Դա միայն Ինքը՝ Ողորմած Տերը գիտե:

     

    Մի քանի օր անցել է: Ամեն օր Սբ. Պատարագի ժամանակ ինձ թույլ է տրվում Սբ. Հաղորդությունը բաշխել հավատացյալներին: Ու ամեն անգամ, Սբ. Հաղորդությանը մոտենալիս, լարվում եմ ու ձեռքերս դողում են: Ջանում եմ շատ ուշադիր լինել, որ հանկարծ մի փշրանք անգամ, որ պարունակում է Տիրոջ Մարմինն ամբողջությամբ և որը փրկեց ամբողջ մարդկությանը, հանկարծ հատակին չհայտնվի՝ իմ անզգուշության պատճառով: Երեկ անզգույշ եղա, Հաղորդության մի մաս ընկավ հատակին.ավելի լավ է՝ մեռնեի տեղում…

     

    Մի բան եմ հիմա աղաչում Տիրամորը՝ այն, որ օրըստօրէ ավելի գիտակից լինեմ ու ավելի մեծ զորությամբ զգամ Տիրոջը հպվելու երջանկությունը, ավելի պարտավորված լինեմ յառաջանալու սրբության ճանապարհով՝ մի գեղեցիկ օր լիովին միանալու համար Տիրոջը՝ ավելի արժանի ձևով, քան հիմա եմ միանում՝ Սբ. Հաղորդությունը ընդունելիս: Աղոթում եմ, որ Եփեսոսի հրեշտակին ասված խոսքերը մի օր ինձ էլ չասվեն.«Թողեցի՛ր քո առաջին սերը» (Հյտն.2,4):

     

    Որպես քրիստոնյա, որպես մարդ կայանալս պետք է լինի հաջողություններ ունենալը՝ սրբության ճանապարհին, այլապես ես ձախողված եմ: Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ոչ մեկ բան կարող է լինել մեր կյանքում իրապես հաջողություն, եթե չենք աշխատում մեր քայլերը ուղղել դեպի սրբության ճանապարհը՝ Քրիստոսի հետ միության, Տիրոջ ողորմությունը վայելելու և մի օր Տիրոջ ներկայությունը դեմ առ դեմ վայելելու ճանապարհը:

     

    «Սրբությունը շքեղություն չէ, այլ՝ անհրաժեշտություն», Երանելի Մայր Թերեզա:

     

    Լևոն սրկ. Գալստյան

Օրացույց

Օրացույց