• Եկե՛ք սովորենք մեկս մյուսից և ստեղծենք ավելի մարդկային ու եղբայրական աշխարհ

    «Մենք պետք է պատրաստ լինենք ներելու և օգնելու նրանց, ովքեր մեր կարիքն ունեն»:


    Հուլիսի 23-ին Ն.Ս Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց Վատիկանի բազիլիկայում՝ տատիկների, պապիկների և տարեցների Համաշխարհային III օրվա կապակցությամբ: Նորին Սրբության ընտրած թեման. «Նրա ողորմությունը սերնդից սերունդ է» (Ղկ. 1,50), արտահայտում է սերտ կապ Երիտասարդության Համաշխարհային օրվա հետ, որը շուտով տեղի կունենա Լիսաբոնում:

     

    Իր քարոզի ժամանակ Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մատթեոսի Ավետարանի 13-րդ գլխից վերցրած Հիսուսի երեք առակների շուրջ: Տատիկների ու պապիկների նման, ովքեր իրենց իմաստությամբ կիսվում են թոռնիկների հետ, Տերը խրատում և սովորեցնում է աշակերտներին Աստծո արքայության մասին՝ պարզ, գեղեցիկ պատմությունների միջոցով, որոնք հուզում են ունկնդիրների սրտերը և կյանքի հանդեպ ավելի խոհեմ դարձնում:

     

    Առաջին առակը միասին աճող ցորենի ու որոմի մասին թուլ է տալիս առավել խորն ընկալել մարդկության պատմությունը և գիտակցել, որ բարին ու չարը, խավարն ու լույսը, սերն ու ատելությունն այնքան են միահյուսված, որ թվում է, թե դրանք անհնար է տարանջատել, ընդգծում է Նորին Սրբությունը: Քրիստոնյաները պետք է իրատես լինեն, քանզի նրանք չեն կարող ընդունել ոչ լավատեսական անպտուղ պատրանքները, ոչ էլ հոռետեսական հայացքները: Ինչպե՞ս պայքարել չարի դեմ: Հիսուսը սովորեցնում է համբերությամբ ընդունել ուրիշների սխալները և օգնել մերձավորին՝ ապավինելով Աստծո արդարությանը: Մենք պետք է պատրաստ լինենք ներելու և օգնելու նրանց, ովքեր մեր կարիքն ունեն: Մենք պետք է սովորենք մեկս մյուսից՝ հաշվի չառնելով տարիքային առանձնահատկությունները։ Եթե ​​մենք միասին աճենք, ապա կստեղծենք առավել խաղաղ ու արդար աշխարհ:

     

    Երկրորդ առակում մանանեխի հատիկի օրինակով Տերը խոսում է Երկնքի Արքայության մասին. «այն փոքր է, քան բոլոր սերմերը, սակայն աճելիս մեծ ծառ է լինում, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում»: Մեր կյանքը ևս սկսվում է որպես փոքրիկ սերմի հատիկ, սակայն փորձառության և տարիքի հետ այն վերածվում է պտղատու ծառի, որն ապաստան ու ստվեր է տալիս ուրիշներին: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ քրիստոնյաները պետք է պատրաստ լինեն խոնարհությամբ ցանելու Աստծո Արքայության սերմերն աշխարհում, նույնիսկ եթե դրանք փոքր ու աննշան են: Շատ կարևոր է երիտասարդների ու տարեցների համատեղ աճը, երբ ավագ սերնդի փորձառությունը ոռոգում է հույսի աճող ծիլերը։

     

    Երրորդ առակը պատմում է թթխմորի մասին, որում խմորիչն ու ալյուրը խառնվում են՝ բարձրացնելով ամբողջ խմորը։ Թթխմորը Սուրբ Հոգու պատկերն է, որը փոխակերպում է այս աշխարհը: Դրա համար էլ հավատացյալները պետք է պատրաստ լինեն, որ Սուրբ Հոգին կգործի իրենց կյանքում և աշխարհում: Այս առակը հիշեցնում է բարիդրացիական հարաբերությունների, միմյանց ընդունելու և անհատականության ու եսասիրության շրջանակներից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Նույնիսկ փոքր ազդեցությունը կարող է մեծ փոփոխություններ առաջացնել: Եթե ​​համատեղենք մեր ջանքերն ու փորձենք միայն բարիք գործել, ապա կկարողանանք մեծ հաջողությունների հասնել: Նորին Սրբությունն ընդգծեց հարգալից հաղորդակցության, աջակցության ու տարեցների նկատմամբ հոգատար լինելու կարևորությունը. չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մեկուսանան ու մոռացության մատնվեն, պետք է լինենք համերաշխ և կարեկցող։

     

    Իր խորհրդածության ավարատին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին «միասին աճել» խաղաղության և սիրո մեջ՝ ընդգծելով փոխադարձ հոգատարության, երկխոսության և աջակցության կարևորությունը։ Չի կարելի մոռանալ պապիկներին ու տատիկներին, ովքեր հոգ են տարել մեր մասին ու սեր տվել: Եկե՛ք միասին առաջ շարժվենք՝ որպես մեկ ընտանիքի անդամներ, և թող Տերն օրհնի մեր ուղին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց