Դառնում եմ կարօտով, ու շրթունքիս հնչում են Յիսուսի կարօտի բառերը․ «Ու՞ր ես, մայր իմ, ու՞ր են քո գթառատ ձեռքերը, որ մաքրեն իմ վէրքերը․․․»
Այս ուրախ բառերով եմ ուզում քեզ գալ երկար բացակայութիւնից յետոյ։ Կարօտով գալիս եմ՝ զրուցելու քեզ հետ, պատմելու իմ պանդխտութեան օրերը եւ չարչարանքները եւ խնդրելու քո գթալիր մօր ողորմութիւնը:
Գալիս եմ կարօտս առնելու։ Կարօտել եմ, շա՜տ եմ կարօտել քեզ, Մայր իմ։ Կարօտել եմ քո բարեհաճոյ նայուածքը, բարեհամբոյր քո ժպիտը, քո քաղցրահամ խօսքերն ու խրատները։ Գալիս եմ լիավստահ քո գուրգուրանքին, բայց եւ ակնածութեամբ ու ամօթով եմ գալիս, քանի գիտակից եմ իմ մեղքին։
Այո, գիտակից եմ, անառակ որդու նման քեզ լքեցի ու հեռացայ, անձնասէր ու ապերախտ նկարագրովս ուզեցի ազատ լինել, երբ ես ինքս ինձ աշխարհիկ գերութեան յանձնեցի։ Անգիտակից էի բոլոր այն պարգեւներին ու շնորհքներին, որոնցից օգտւում էի ձրիաբար, ու թերեւս շփացած ապրում էի քո մայրական խնամքի ու սիրոյ հովանու տակ՝ արժեզրկելով անգին բարիքները ու քո՝ ինձ տուած յատուկ սէրն ու հոգածութիւնը։ Ազատ կերպով մտնում ու ելնում էի, քանի տան անդամ էի, ինչպէս քո Անդրանիկ որդին ասում էր սուրբ Յովհաննու բերանով․ «Ես եմ դուռը, եթէ մէկը իմ միջով կը մտնի, կը փրկուի, կը մտնի ու կ՛ելնի եւ ճարակելու բան կը գտնի» (Յովհ․ 10, 9)։ Այո, կորցրի այս սուրբ ընտանիքի ազատ ելք ու մուտքի շնորհը, քանի ուզեցի հեռու-հեռու աշխարհներ գնալ՝ չհանդիպելու անգամ իմ անձին։ Հեռացել էի աննպատակ՝ գերի իմ քմահաճոյքներին ու աշխարհիկ սին փառքերին ու հաճոյքներին։ Խրեցի ինքս ինձ տիղմի մէջ ու քանդեցի իմ ամբողջ կեանքի ընթացքը։ Փնտռեցի աշխարհի հարստութիւնները, ցանկութիւնները ու մնացի աղքատ, լքուած բոլորից։
Այսօր, թախիծն իմ աչքին ու զղջումն իմ սրտին, ուզում եմ վերադառնալ մայրական տուն, նոյնիսկ եթէ սնանկացած եմ բարոյական բոլոր արժէքներից, վստահ քո անհուն գթութեան, սիրոյ ու ողորմութեան՝ գալիս եմ դէպի քեզ զղջացեալ սրտով ու պաղատագին։
Ի՜նչ ասեմ ու ի՜նչ պատմեմ իմ արհաւիրքներից։ Շնչաւոր մեռեալ էի դարձել, աշխարհի հաճոյքներից փուշ ու տատասկ դարձած՝ ներողութիւն եմ փնտռում անառակ որդու նման, ում հայրը կարողացաւ իր որդուն ընդունել ու նրա տան երէց որդու կորցրած հանգամանքները տալ։ Ինչպէ՞ս չգտնեմ քեզ մօտ նոյնն ու աւելին, ո՜վ գթառատ Մայր։
Այո՜, ո՜վ Մայր։ Սեւ ու մթագնած կեանքիս պահերին մտաբերում էի քեզ Խաչափայտի դիմաց՝ մահամերձ Յիսուսի դիմաց կանգնած։ Քեզ նայելով ասում էր․ «Ով կին, ահա քո որդին», ապա Յովհաննէսին՝ «ահա քո մայրը» (Յովհ․19,26-27)։ Այդ պահից արդէն դու դարձար մարդկութեան Մայր, ուստի եւ իմ թանկագին Մայրը։ Յիշում էի ու երեւակայում այն խիստ տանջանքի պահին քո բարութիւնը, ընդունելութիւնը քո Որդու բաղձանքին։ Բաղդատելով քո հեզութիւնը եւ իմ խրոխտ նկարագիրը՝ հպարտ ընթացքս, իմ դրժումն ամէն բարիքի, որ ինձ առատօրէն տալիս էիր, յիշում էի իմ դժգոհ վիճակը եւ բիրտ նկարագիրս քո հանդէպ ու լացում էի դառնագին։ Մտաբերում էի այն քաղցր պահերը, որ ինձ պաշտպանում էիր չար ընկերներից, բայց ինձ զգում էի անապահով ու անտեսուած։ Ապերախտ կեանքս դիմացս ունենալով՝ ուզում եմ հետ վերադառնալ ու հատուցել իմ գործած մեղքերի համար, մանաւանդ, երբ կրկին ու կրկին մտքիս հայելու դիմաց գալիս են այն տառապալի պահերը, որ կրեցիր Յիսուս մանուկի կեանքը պաշտպանելու համար, զոհողութիւններն ու չարչարանքները, որոնք համբերութեամբ ու սիրով տարար՝ ի սէր մարդկութեան փրկութեան։ Նոյնը, որ ինձ յատուկ կերպով տուեցիր, անտեսեցի եւ ուրացայ։ Աչքի առաջ ունեմ աւետումից մինչեւ Յիսուսի ծնունդը, առաքելութիւնը եւ խաչելութիւնը, կրած քննադատութիւնները, մերժումները եւ հալածանքները, անապատների տօթին գնալը՝ քո Անդրանիկ որդու կեանքը ապահովելու եւ ազատելու վաղահաս մահուան սպառնալիքներից։ Այս բոլորը նոյն գուրգուրանքով ու սիրով ստանալուց յետոյ ազատութիւն էի փնտռում ու կարծում էի գտնել քեզանից հեռու։ Ուզում էի անկախ լինել ու ազատ Ադամի ու Եւայի պատմութեան նման, որ արգելուած ծառից ուտելով՝ կարծում էին աստուածանալ, բայց իրականում կորցրին ճշմարիտ ազատութիւնը եւ դրախտից դուրս եկան։ Ես եւս հեռանալով կարծում էի ամէն ինչի տիրանալ, բայց գերութեան անդունդի մէջ գտայ ինքս ինձ։
Այո, Մա՜յր իմ թանկագին, դառնում եմ այսօր, բայց աղքատ, վիրաւոր, սնանկացած ու մաշուած, դառնում եմ կարօտով, դառնում եմ այն յոյսով, որ ինձ ընդունես, ու քո գրկի մէջ հանգչած լսեմ քո սիրոյ երգը․ «Ննջեա, որդեակ, քաղցր եւ անոյշ, հանգիր քնով եւ առ քեզ ոյժ, օրոր, օրոր․․․»։ Դառնում եմ կարօտով, ու շրթունքիս հնչում են Յիսուսի կարօտի բառերը․ «Ու՞ր ես, մայր իմ, ու՞ր են քո գթառատ ձեռքերը, որ մաքրեն իմ վէրքերը․․․»։
Ո՜վ Տիրամայր, մայրերի տօնի առիթով չունեմ աւելի սիրուն նուէր, քան իմ վերադարձը դէպի քո մաքրամաքուր ու գթառատ սուրբ սիրտը։ Ընդունի՛ր իմ աղքատ ու հէգ սրտի նուէրը ու այն զօրացրու՝ պայքարելու կեանքի դժուարութիւնների դէմ․ ամէն։
Մայրերի Տօն, Քորոնավիրուսի մեկուսացած օրերին