• Ի՞նչ է «Ճանապարհ խաչի» ջերմեռանդական աղօթքը

    Ո՜վ աստուածային Փրկիչ, ցանկանում եմ խոնարհ սրտով մտաբերել քո դառնակսկիծ չարչարանքներն ու մահը՝ լաւ ըմբռնելու համար Խաչի վրայ քո զոհուելու իմաստը…


    «Ճանապարհ Խաչի» կոչուող աղօթքների եւ խորհրդածութիւնների այս շարքը ջերմեռանդական աւանդութիւն է, որն առաւել տարածուած է Կաթողիկէ Եկեղեցում: Այն իրենից ներկայացնում է Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների ճանապարհի տասնչորս դրուագների նկարագրութիւններ եւ աղօթքներ, որոնք կոչւում են «Տասնչորս կայաններ»: Պատմական տուեալները փաստում են, որ այս ջերմեռանդական սովորութիւնը սկսել է տարածուել միջնադարում, Քրիստոսի չարչարանքների հետքերով գնալու փափաքից, աւելի՝ Խաչակրաց արշաւանքների ժամանակ, այն ուխտաւորների մօտ, ովքեր այցելում էին Երուսաղէմի Via Dolorosa (Չարչարանաց կամ վշտի ճանապարհ) կոչուող այն փողոցը, որտեղով, ըստ աւանդութեան, իր խաչը շալակած՝ անցել է Յիսուս, դէպի Գողգոթա: Երբ 13-րդ դարում Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացին հիմնեց Երուսաղէմի Սրբազան Վայրերի պահպանութեան առաքելութիւնը, ֆրանցիսկեան վանականները սկսեցին լայնօրէն կիրառել Խաչի Ճանապարհի ջերմեռանդութիւնը, նախ Երուսաղէմում, ապա՝ 15-16-րդ դարերից, նաեւ եւրոպական երկրներում: Կառուցւում էին Սրբազան Վայրերի կրկնօրինակներ եւ պատրաստւում էին առանձին կայաններ (նկարներ կամ քանդակներ), որոնք պատկերում են Յիսուսի չարչարանքների դրուագները: 1686թ. ֆրանցիսկեանների խնդրանքով Նորին Սրբութիւն Իննովկենտիոս ԺԱ Քահանայապետը միայն ֆրանցիսկեան հայրերին պաշտօնապէս թոյլատրեց եկեղեցիներում կառուցել կայանները՝ տեղի եպիսկոպոսների իմացութեամբ: 1862թ. այդ իրաւունքը ստացան բոլոր կաթողիկէ եպիսկոպոսները: Նախապէս յիշատակւում էին միայն եօթը կայաններ, յետագայում հաստատուն մնացին աւանդական տասնչորսը:  Այդ տասնչորս կայաններից միայն ութն են, որ համաձայն են Աւետարանին. երրորդը, չորրորդը, վեցերորդը եւ իններորդը հիմնուած են զուտ աւանդութեան վրայ, բայց, շատ ամուր հաստատուած, ինչը վկայութիւն է հաւատքի խոր ապրումի եւ խոկման: Երբ Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը 1991թ. առաջարկեց զուտ աւետարանական հիմքով եւ այլ բովանդակութեամբ դարձեալ տասնչորս կայաններով «Խաչի ճանապարհի» մի տարբերակ, այն մեծ տարածում չունեցաւ,  եւ աւելի սիրուած մնաց հին՝ աւանդական, տարբերակը: Ամէն տարի «Ճանապարհ Խաչի» ջերմեռանդական աղօթք-խորհրդածութիւնը կատարւում է Աւագ Ուրբաթ, Հռոմի Քոլիզէումում, նախագահութեամբ Հռոմի Սրբազան Քահանայապետի եւ մասնակցութեամբ հարիւր հազարաւոր հաւատացեալների բազմութեան: Ջերմեռանդութիւնը կատարւում է նաեւ Մեծ Պահոց շրջանի բոլոր ուրբաթ օրերին, աշխարհի բոլոր կաթողիկէ համայնքներում: Հայ Կաթողիկէ համայնքներում այն եւս ամուր հաստատուած է դեռ հնուց եւ շատ սիրուած է եւ այսօր կատարւում է մեծ բարեպաշտութեամբ:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

     

    Աղօթքը

     

    ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ

     

    ԱՂՕԹՔ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ

     

    Ո՜վ աստուածային Փրկիչ, ցանկանում եմ խոնարհ սրտով մտաբերել քո դառնակսկիծ չարչարանքներն ու մահը՝ լաւ ըմբռնելու համար Խաչի վրայ քո զոհուելու իմաստը, դէպի մարդկութիւնը տածած քո անսահման սէրը, բայց, յատկապէս, մեր մեղքերի վատութիւնն ու ծանրութիւնը, որոնք Գողգոթայի արիւնոտ ճանապարհին քո կրած տառապանքների պատճառ եղան. Ամէն:

     

    ԱՌԱՋԻՆ ԿԱՅԱՆ

     

    Քրիստոս դատապարտւում է մահուան

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում ենք Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, ինչպիսի՜ ծանր պարագաների մէջ են քեզ դատաստանի կանչում: Յուդան քեզ մատնել է, առաքեալներդ քեզ ուրացել են, չարագործները քեզ ատեանից ատեան են քաշում, բռնցքահարում եւ ապտակում: Կատաղած ամբոխը, քո արիւնն ու տառապանքները տեսնելով, չի յագեցել դեռ եւ պահանջում է, որ քեզ խաչը հանեն: Իսկ Պիղատոսը քեզ դատապարտում է մահուան: Ո՜վ պաշտելի Յիսուս, Դու բեռնաւորուած մեր մեղքերով ու ոճիրներով, մի չարագործի կերպարանք ես ստացել: Քեզ չարագործի տեղ են դնում եւ Դու չես բողոքում: Դու մեր յանցանքների համար մահուան ես դատապարտւում, որպէսզի մաքրես մեր մեղքերը եւ մեզ ազատես դժոխքից. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Երգ՝ «Կայր առ խաչին»

     

    («Կայր առ խաչին» երգը, որը մեզ աւանդուել է գրաբար հայերէնով, ըստ սովորութեան, պահպանուած է եւ կիրառւում է միայն Հայ Կաթողիկէ Եկեղեցում, երգւում է տուն առ տուն, ամեն կայանից յետոյ: Բառերը համապատասխանում են համաշխարհային երաժշտութեան գլուխգործոց Stabat Mater ստեղծագործութեան բառերին, որը ներշնչման աղբիւր է հանդիսացել տարբեր երգահանների համար):

     

    Կայր առ Խաչին Մայր Ցաւագին,

    Արտասուալից եւ տրտմագին,

    Մինչ էր զփայտէ կախեալ Որդին:

     

    ԵՐԿՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուս խաչն առնում է ուսին

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուծային Փրկիչ, ինչպիսի՜ եռանդով ես Դու գնում գրկելու այն խաչափայտը, որ մեր մեղապարտ հոգիներն է ներկայացնում: Ցանկանում ես նրա վրայ մեռնել, լուալ այն եւ օծել քո սուրբ արիւնով` ի նշան այն վսեմ լուացումին, որ մեր հոգիներին ես պարգեւելու: Ահաւոր տառապանքիդ մէջ մէկ մխիթարութիւն ունես՝ այն, որ Քո Հօր ամբողջական կամքն ես կատարում: Եւ երջանիկ ես, որովհետեւ Հօրդ կամքը կատարելով` Դու փրկում ես մարդկութիւնը, ազատում նրանց մեղքերից եւ դժոխքի սարսափներից:

    Ո՜վ պաշտելի Յիսուս, յանուն Քո Սուրբ Խաչի, շնորհի՛ր որ մեր կամքը միշտ միացնենք Աստծոյ կամքին, եւ սիրով կրենք այն բոլոր խաչերն ու ցաւերը, որ տրւում են մեզ` մեր մեղքերի քաւութեան համար. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Ընդ սիրտ նորա յոյժ սաստկագին,

    Հառաչանօք կոծեալ ուժգին.

    Ընդ մէջ էանց սուր երկսայրին:

     

    ԵՐՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուս ընկնում է խաչի ծանրութեան տակ

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, հակառակ Քո ցուցաբերած մեծ կորովին, Դու ցաւալիօրէն ընկճւում ես խաչի ծանրութիւնից եւ վայր ես ընկնում:

    Ձեռքերիդ ու ոտքերիդ փակուած վէրքերը նորից արիւնոտւում են ու ներկում հողը: Իրօք ծանր է խաչափայտը, սակայն աւելի ծանր են ի՛մ մեղքերը, մարդկութեա՛ն մեղքերն ու ոճիրները, որոնք ծանրութի՛ւնն է, որ քեզ ընկճում է ու ցած է գցում: Այդ անկեալ վիճակում` Դու մեր քաւութեան նոխազն ես, Աստծոյ առաջ՝ այն մահապարտը, որ Իր անհուն զոհաբերումով մաքրելու է մեր բոլոր յանցանքները:

    Ո՜վ պաշտելի Յիսուս, որ ընկած վիճակում Դու տեսնում ես յատկապէս ի՛մ բոլոր մեղքերը, որոնք պատճառ են դարձել քո մահուան: Ների՛ր ինձ, Տէր, ողորմի՛ր եւ ոյժ ու կորով պարգեւի՛ր, որ այսուհետեւ այլեւս քեզ չվշտացնեմ, այլ սիրեմ իմ ամբողջ հոգով. Ամէն:

     

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Զիարդ թախծեալ եւ վշտագին

    Էր Մարիամ երանելին,

    Մայր Յիսուսի Տեառն Միածնին:

     

    ՉՈՐՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուս հանդիպում է Իր սիրելի մօրը

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, այն րոպէին, երբ Սուրբ Աստուածածինը քեզ տեսաւ մահապարտի այդ վիճակում, Դու տառապանքների ու կսկիծների դառնագո՛յնը ապրեցիր: Վերջին անգամ էր, որ գրկեցիք իրար: Ինչե՜ր ունէիք ասելու … սակայն անգութ դահիճները ձեզ վայրագօրէն բաժանեցին՝ սաստկացնելով ձեր վիշտն ու կսկիծը: Ո՜վ Սուրբ Աստուածածին, տեսնում եմ, թէ ինչպիսի՜ հերոսութեամբ Քո միածին Որդուն զոհաբերում ես մեր փրկութեան համար: Բողոք ու գանգատ չկայ քո շուրթերին: Որչա՜փ երախտապարտ ենք քեզ, ո՛վ Յիսուսի եւ մեր Մա՛յրը, որ մեր սիրոյն համար համակերպւում ես Յիսուսի չարչարանքների ու մահուան հետ: Հայցի՛ր Աստծուց, որ մեր տեւական ապաշխարութեամբ` կարողանանք գնահատել մեզ համար թափուած այդ Սուրբ Արիւնը, որ քո ազնիւ սրտից հոսել է Յիսուսի նուիրական սրտի մէջ. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Որ վշտանայր եւ աշխարէր,

    Յոյժ թողացեալ մինչ տեսանէր,

    Ի գանս զՈրդին՝ որ ազնիւն էր:

    կամ

    Ռամկական դասք զինուորացն արկին հանդերձ նախատանաց. այնմ զգեստն է լոյս փառաց, իբրեւ զօթոց զինքեամբ արկած. ի ծունր իջեալ կատակէին, զգլուխն եղեգամբ հարկանէին, պըսակ ի փշոց բոլորէին, ըզփուշ մեղացն բարձողին:

     

    ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Սիմոն Կիւրենացին օգնում է Յիսուսին

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, դահիճներդ տեսնում են, որ դու բոլորովին ուժասպառ ես եղել տառապանքից ու ցաւից. հրեաները վախենում են, որ դու մահանաս ճանապարհին եւ չյաջողի քեզ խաչ հանելու իրենց ծրագիրը: Ուստի, ստիպում են Սիմոն Կիւրենացուն, որ օգնի քեզ եւ որոշ ժամանակ տանի քո ծանր խաչափայտը: Ո՜վ պաշտելի Յիսուս, թող որ Սիմոն Կիւրենացու նման եւ նրա հետ ես էլ մասամբ օգնեմ Քեզ՝ ծանր բեռդ կրելու, որպէսզի մխիթարուի Քո բարի սիրտը: Մի՛ թող, որ փորձեմ փախչել Սուրբ Խաչի ծանրութիւնից, այլ օգնի´ր, զօրացրո´ւ ինձ, որ ընդառաջեմ քո սուրբ կամքին, գրկեմ քո Սուրբ Խաչը եւ սրտանց գոչեմ. «Ողջո՜յն, Սուրբ Խա՜չ` արդարների եւ մեղաւորների յոյս, ապաւէն ու փրկութիւն». Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Որպիսի սիրտ կարծր ոչ ողբայր

    Թէ տեսանէր զՔրիստոսի Մայր՝

    Որ ի տանջանս համբերմամբ կայր:

    ՎԵՑԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Վերոնիկան[1] սրբում է Յիսուսի դէմքը

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, արիւն ու քրտինք առատօրէն հոսում են քո ճակատից ու թափւում աչքերիդ մէջ: Երեսդ ծածկուած է փոշով, այլափոխուել եւ անճանաչելի ես դարձել: Ահա մի արիասիրտ կին ճեղքում է քեզ շրջապատող ամբոխը, մօտենում է քեզ եւ անբիծ թաշկինակով սրբում քո աստուածային երեսը: Այդպէս այդ անվեհեր կինը, քո բոլոր թշմանիների առաջ, խոստովանում է եւ հաստատում է, որ Դու ես միակ Տէրն ու Փրկիչը:

    Ո՜վ պաշտելի Յիսուս, ես էլ եմ ցանկանում այդ կնոջ նման անվախ լինել ու արիաբար պաշտպանել քեզ, չամաչել յայտարարելու, որ Դո՛ւ ես իմ Աստուածն ու Տէրը, որպէսզի դատաստանի օրը, Դու չամաչես ինձ քո աշակերտն ու հետեւորդն ընդունելու: Դրոշմի՛ր իմ սրտի մէջ Քո աստուածային պատկերն, ինչպէս այն դրոշմեցիր այդ արիասիրտ կնոջ՝ Վերոնիկայի թաշկինակի վրայ, եւ թող Քո պաշտելի դէմքը անջնջելի մնայ իմ սրտում. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Ո՞վ կարէր գոլ ոչ տրտմակից

    Բարեպաշտի Մօր ողբակից,

    Որ Միածնին էր ցաւակից:

     

    ԵՕԹԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուս ընկնում է երկրորդ անգամ

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, դարձեալ ընկար խաչի ծանրութեան տակ, եւ անողորմ դահիճներդ քեզ հրելով ու քաշքշելով աւելացրին քո ցաւերը:

    Այնչափ յաճախակի ենք մենք մեղանչում եւ այնքան ծանր է մեր յանցանքների կշիռը, որ չես դիմանում այն ահաւոր ծանրութեանը եւ ընկնում ես:

    Ո՜վ պաշտելի Յիսուս, այս բոլորից յետոյ դու ցաւով նշմարում ես, որ շատերն արհամարհում են քո սէրը, եւ շատ քչերն են օգտւում քո չարչարանքներից, հակառակ քո սիրոյ բուռն արտայայտութեանն ու մեծահոգութեանը, եւ մեղանչում են Քո դէմ: Աւա՜ղ, ես էլ նրաց թւումն եմ, ես էլ անարգել եմ քեզ իմ ծանր յանցանքներով եւ պատճառ դարձել Քո անհուն տառապանքը կրկնապատկելու. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Վասն մեղաց ազգին՝ հարեալ,

    Ետես զՅիսուս ի գանս մատնեալ

    Եւ տանջանացն հընազանդեալ:

     

    ՈՒԹԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուս հանդիպում է Իր համար լացող կանանց

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, քո անցած տաժանելի ճանապարհին Դու հանդիպում ես այն կանանց, որոնք ծառայում էին Քեզ՝ Քո քարոզութեան տարիներին, եւ հիմա նկատում ես, որ նրանք արտասւում են դառնօրէն` Քո տառապանքները տեսնելով, ու մի պահ կանգ ես առնում եւ ասում նրանց. «Իմ վրայ մի՛ լացէք, այլ լացէ՛ք ձեր եւ ձեր զաւակների վրայ»:

    Եւ Դու ճշմարիտ ես, Տէ՛ր, քանզի մարդկանց գործած յանցանքներն են եղել Քո դառն չարչարանքների դրդապատճառը: Տէ´ր, գիտակցութիւն տուր ինձ՝ ըմբռնելու անթիւ յանցանքներիս ծանրութիւնը, որ սրտանց ցաւեմ դրանք գործած լինելուս համար: Մի ողորմելի մեղաւոր եմ, Տէ՛ր, սակայն յոյս ունեմ, որ Քո զօրացուցիչ օգնութեամբ պիտի կարողանամ հրաժարուել մեղքերից, եւ, շարունակ վերյիշելով քո չարչարանքները` պիտի աշխատեմ հատուցում անել ապաշխարութեամբ. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Ետես զՈրդին իւր սիրելին,

    Մեռեալ, անտես եղեալ բնաւին,

    Մինչ արձակեաց զիւր ըզհոգին:

     

    ԻՆՆԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուս ընկնում է երրորդ անգամ

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, հասել ես Գողգոթայի ստորոտը եւ կրկին ընկրկում ես խաչի ծանրութեան տակ: Պաշտելի դէմքդ փոշեծածք, վէրքերիցդ արիւնը հոսում է առատօրէն, բոլորովին ուժասպառ ես եղել. սակայն հալածիչներդ վայրագ կատաղութեամբ քեզ վեր են բարձրացնում, որպէսզի անյապաղ քեզ խաչի վրայ գամեն:

    Ո՜վ անսահմանօրէն պաշտելի Յիսուս, անհամար ու ծանր են մեր մեղքերը, յատկապէս զզուելի են նրանք, որ ուրիշների, մանաւանդ, բազում փոքրերի գայթակղութեան պատճառ են դարձել, եւ անմեղները, ի տես մեր տուած վատ օրինակների, մեղանչել են Քո դէմ: Ո՜վ բարեգութ Տէր, ես էլ եմ գայթակղութեան մեղքը գործել, ների՛ր յանցաւորիս, ոյժ եւ կարողութիւն տուր, որ վերստին այդ ահաւոր յանցանքի մէջ չընկնեմ, այլ իմ բարի օրինակներով ուրիշներին էլ հրաւիրեմ Քեզ ծառայելու. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Մայր Իսկուհի, աղբիւր սիրոյ.

    Տո՛ւր զօրութիւն ցաւոց զգալոյ,

    Ընդ քեզ հեղուլ զարտօսր լալոյ:

     

    ՏԱՍՆԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուսին մերկացնում են իր զգեստներից

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, կարծես, Քո կրած բազում չարչարանքները բաւական չէին, հիմա ուզում են Քեզ մերկացնել Քո զգեստներից: Դու, Տէ՛ր, հզօր թագաւոր, ամենակալ Աստուած, թոյլ ես տալիս, որ Քեզանից խլեն անգամ Քո պատմուճանը եւ Ինքդ ոչինչ ունենաս այս աշխարհի վրայ. համաձայնում ես, որ մերկացնեն Քո կուսական սուրբ մարմինը, Դու, որ խորին համեստութեան եւ պարկեշտութեան աղբիւրն ես:

    Ո՜վ պաշտելի Յիսուս, փոխանակ հետեւելու Քո տուած սուրբ օրինակներին, ես անմտօրէն հետեւել եմ յոռի եւ անպարկեշտ հաճոյքներին եւ արատաւորել եմ իմ մկրտութեան սպիտակափայլ պատմուճանը: Ների՛ր ինձ, ո՛վ բարի եւ ներողամիտ Յիսուս. խոստանում եմ այսուհետեւ ուղղել իմ վարքը, եւ սնուցել իմ հոգին Քո սուրբ խորհուրդներով: Պահի՛ր ու պաշտպանի՛ր ինձ. Տէր, իմ որոշման մէջ. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Տո՛ւր զի սիրտ իմ բորբոքիցի,

    Ի Քրիստոսի սէրն վառիցի,

    Զի ընդ անձն իմ նա հաճեսցի:

    ՏԱՍՆՄԷԿԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուսին գամում են Խաչին

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, նոր ենք ըմբռնում, թէ որքա՜ն մեր հոգիները թանկ են արժել Քեզ. անհուն տառապանքներից ու նուաստացումներից յետոյ, հիմա էլ թոյլ ես տալիս, որ Քեզ գամեն խաչի վրայ: Քո ձեռքերից եւ ոտքերից արիւնը ցայտում եւ օծում է խաչափայտը, եւ այդ արեան հեղմամբ է, որ փրկում ես մեզ բոլորիս:

    Ո՜վ պաշտելի Յիսուս, անհունօրէն շնորհակալ եմ Քեզ, որ ինձ սիրել ես այդչափ, եւ իմ սիրոյ համար` մատնուել նմանօրինակ դառնակսկիծ մահուան:

    Քո մեծ ու անշահախնդիր սէրը շփոթեցնում եւ ամաչեցնում է ինձ, անտարբեր ապերախտիս: Այդ բոլորից յետոյ, ինչպէս կարելի է Քեզ չսիրել: Ո՜վ իմ բարեգութ Փրկիչս, Քեզ եմ տալիս իմ սրտի ամբողջ սէրը, Քեզ եմ նուիրում իմ կեանքը, իմ բովանդակ էութիւնը. ակեղծ պահի՛ր, պաշտպանի՛ր ինձ՝ որպէս Քո անձեռնմխելի սեփականութիւնը. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Մայր Սրբուհի, զայն կատարեա՛,

    Զխաչեցելոյն զվէրս տնկեա՛,

    Յիմում սրտի զնոյնս բեւեռեա՛:

    կամ

    Տարածեալ ձեռք ընդ ձեռաց, ոտք ընդ ոտից ընթանալեաց, փայտ ընդ փայտի՝ դառըն պըտղոյ, կեանք ընդ մահու, փոխարկելով ի մէջ երկուց անօրինաց կայր մերկացեալ տուողն օրինաց, զոր ոչ տեսին ազգըն կուրաց, բայց ի միոյն յաւազակաց:

     

    ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուսը մահանում է խաչի վրայ

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

     որովհետեւ քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, ահա՛ խաչի վրայ ես, եւ երկու աւազակների միջեւ: Դու բազկատարած աղօթում ես մարդկութեան համար, եւ երկնաւոր Հօրիցդ խնդրում ես, որ ների նրանց, որոնք արհամարհում, նախատում եւ ծաղրում են Քո աստուածութիւնն ու ամենակարողութիւնը: Ահռելի տառապանքների մէջ, Դու ծարաւի ես սիրոյ եւ հանգստեան, եւ ջուր ես ուզում՝ որպէսզի մի պահ ուժերդ վերագտնելով, գերագոյն ճիգով դէպի Քեզ ձգես բոլոր հոգիներին: Եւ մարդկանց սիրով բոցավառուած հոգիդ աւանդում ես Քո աստուածային Հօր ձեռքերի մէջ:

    Դու այդ անարգ մահը յանձն առար ո՛չ միայն իմ՝ այլ իմ սիրելիների, բարեկամների, ծանօթների, վերջապէս՝ ամբողջ մարդկութեան համար, բոլոր դարերի եւ բոլոր ժամանակների մարդկութեան համար: Սրտանց ու հոգով միանում եմ սրբերին եւ հրեշտակներին, Քեզ արժանաւորապէս երկրպագելու եւ փառաբանելու՝ անհուն երախտագիտութեամբ. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Վիրաւորեալ Քումդ Որդւոյ,

    Վասն իմ այդչափ չարչարելոյ,

    Պատժոց հանցես ինձ զբաժին:

     

    ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուսին իջեցնում են Խաչից

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, ահա Քեզ խաչից ցած են բերում եւ յանձնում են Քո սիրելի Մօրը, Սուրբ Աստուածածնին:

    Այդ վայրկեանին, որքան սրեր խոցեցին քո մայրական ազնիւ սիրտը, ո՜վ Ս. Կոյս: Արդէն վիշտ ու տառապանք էր Քո ամբողջ կեանքը: Դու քայլ առ քայլ հետեւեցիր քո Որդուն՝ իր տառապանքի ճանապարհին, եւ ապրեցիր իր կրած բոլոր ցաւերը: Ո՜վ տառապանքների Մայր, յիշի՛ր Որդուդ վերջին պատգամը, երբ նա յանձնարարեց, որ լինես մեր բոլորի Մայրը, մտահոգուես եւ մեր փրկութեամբ: Ո՜վ Սուրբ Մայր, կատարի՛ր Որդուդ վերջին պատգամը, եղի՛ր մեր մայրը, աղօթի՛ր մեզ համար, որ արժանի լինենք քո որդիներ կոչուելու, եւ մի օր Երկնքում, քեզ հետ միասին պաշտենք մեր փրկութեան համար խաչի վրայ զոհուած քո աննման Յիսուսին. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Տո՛ւր ինձ լինել քեզ ողբակից,

    Խաչեցելոյն գոլ ցաւակից,

    Ի կենցաղումս որչափ կեցից:

     

    ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԿԱՅԱՆ

     

    Յիսուսին զետեղում են Սուրբ Գերեզմանի մէջ

    Երկրպագում ենք Քեզ, Յիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել,

    որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել:

    Ո՜վ աստուածային Փրկիչ, Քո բարեկամները փութկոտ գուրգուրանքով Քեզ զետեղում են Սուրբ Գերեզմանի մէջ: Ա՜հ, որքա՜ն յուսահատ են նրանք, որ իրենց յոյսն ու վստահութիւնը դրել էին Քո ամենակարողութեան վրայ, եւ ահա Քեզ իջեցնում են գերեզմանի մռայլ ու մութ խորշի մէջ, եւ գլխահակ ու տրտում գնում են իրենց տները: Ո՜վ պաշտելի Յիսուս, դու Քո ազատ կամքով ցանկացար մեռնել ու թաղուել, կեանքի բոլոր դառնութիւնները խորապէս ապրել, մահանալ եւ յաղթել մահուան: Այդպիսով կամեցար մեզ սովորեցնել, որ չսարսափենք մահուանից, չյուսահատուենք ու հաւատանք, որ մենք էլ մի օր` մարմնով յարութիւն պիտի առնենք Քեզ նման: Լոյս պարգեւիր մեզ, ո՜վ բարի Յիսուս, որ բոլոր տառապանքների եւ անգամ մեր մահուան րոպէին, յարութեան յոյսով տոգորուենք եւ խորապէս վստահ լինենք յաւիտենական երջանկութեան. Ամէն:

    Հայր մեր… Ողջո՜յն քեզ, Մարիամ… Փառք Հօր

    Ո՜վ խոցեալ սիրտ Յիսուսի,

    ողորմի՛ր մեզ եւ ննջեցեալների հոգիներին:

     

    Տո՛ւր Քրիստոսի զխաչըն կրել,

    Զչարչարանաց բախտըն յիշել,

    Ըզվէրս նորին միշտ մըտածել:

     

    ԱՂՕԹՔ ԳՈՀՈՒԹԵԱՆ

     

    Ո՜վ իմ աստուածային Փրկիչ, Քո խաչի այս սուրբ ճանապարհի խորհրդածութիւնը կատարելուց յետոյ, աւելի լաւ ենք ընբռնում Քո անհուն սէրը եւ մեր ծանր ապերախտութիւնը, Քո մարդասէր բարութիւնը եւ մեր վատ ընթացքը: Սրտանց շնորհակալ ենք` մեզ պարգեւած լոյսերիդ համար: Խնդրում ենք Քեզ, ո՜վ պաշտելի Յիսուս, թող ի զուր չանցնի մեզ համար թափուած Քո Սուրբ Արիւնը, այլ նրա շնորհիւ հոգեպէս նորոգուենք, զօրանանք մեր քրիստոնէական պարտականութիւնների եւ աստուածային պատուիրանների հաւատարիմ կատարման մէջ, եւ արժանանանք Քեզ յաւիտեանս սիրելու եւ փառաբանելու Երկնքում. Ամէն:

     

    ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ[2]

     

    Խաչի Քո Քրիստո՜ս, երկիր պագանեմք, եւ զխաչելութիւնդ (զթաղումն) քո մեծացուցանե՜մք. եկա՜յք հաւատացեալք, երկրպագեսցո՜ւք Քրիստոսի Աստուծոյ մերոյ, վասըն  զի եկն ի ձեռըն խաչին իւրոյ շնորհեաց պարգեւս աշխարհի:

    Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ  Անմահ, ողորմեա՛ց մեզ:

    Փա՜ռք Սուրբ Խաչին ալէլուիա. Սուրբ Սիովնի, ալէլուիա՜. Սուրբ Յարութեանն, ալէլուիա՜:

    Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց. եւ ետուր ուրախութիւն սըրտից մերոց:

    Ի պտղոյ ցորենոյ, գինւոյ եւ ձիթոյ իւրեանց լըցուցեր ըզնոսա:

    Փա՜ռք Սուրբ Խաչին ալէլուիա՜. Սուրբ Սիովնի, ալէլուիա՜. Սուրբ Յարութեանն, ալէլուիա՜:

    Փա՜ռք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

    Փա՜ռք Սուրբ Խաչին ալէլուիա. Սուրբ Սիովնի, ալէլուիա՜. Սուրբ Յարութեանն, ալէլուիա՜:

    Խաչըն կենարար, որ եղեր ըզմեզ փրկութիւն, սովաւ ամենեքեան ըզքեզ բարեբանեմք:

    Որ ի Հօրէ լուսոյ լոյս ճառագայթեալ ի յերկրի, եւ գաւազան զօրութեան հաւատացելոց, սովաւ ամենեքեան ըզքեզ բարեբանեմք:

    Որ լուսափայլ ծագմամբ հրաշափառապէս ըմեզ ցուցաւ ի յօգնութիւն ընդդէմ թշնամւոյն, սովաւ ամենեքեան ըզքեզ բարեբանեմք:

     

    [1] Վերոնիկան կաթողիկէ լատին ծէսի տօնացոյցում յիշատակուող մի սրբուհի է, ով ապրել է, հաւանաբար, Ք. Հ. 1-ին դարում եւ, ըստ աւանդութեան (ոչ ըստ Աւետարանի), Յիսուս Քրիստոսի Գողգոթայ բարձրանալու ճանապարհին սրբել է Նրա Դէմքը իր թաշկինակով, որի վրայ արտատպուել է Տիրոջ հրաշագործ դիմապատկերը: Այդ սրբազան պատկերը պահւում է Հռոմում, եւ ըստ ուսումնասիրողների, հնարաւոր է, որ հէնց այդ պատկերն է ի սկզբանէ կոչուել «Վերոնիկա»՝ Veronica, որ կազմուած է լատիներէն vera` ճշմարտութիւն, եւ icon՝ պատկեր, բառերից եւ նշանակում է՝ «ճշմարիտ պատկեր»: Յետագայում այդ անունով սկսել են կոչել նաեւ այն կնոջը, ով, ըստ աւանդութեան, սրբել է Յիսուսի դէմքը: Վերոնիկայի մասին, սակայն, կայ նաեւ յիշատակութիւն այլ քրիստոնէական աղբիւրներում, որտեղ նա նոյնացւում է այն կնոջ հետ, ում Յիսուս բուժեց արիւնահոսութիւնից (Մտթ., 9, 20-22):

     

    [2] Ըստ Սրբազան Աւանդութեան, այս շարականը գրել եւ առաջին անգամ երգել է Յակոբոս Տեառնեղբայրը՝ Երուսաղէմի առաջին հոգեւոր առաջնորդը՝ երկրպագելով Տիրոջ Խաչափայտը՝ որպէս ոչ թէ մահուան գործիք, այլ՝ փրկութեան նշան:

Օրացույց

Օրացույց