«Օգնել մարդկանց և ապագա առաջնորդներին տիրապետել բազմաթիվ լեզուների, նշանակում է մարդկությանը նվիրել կամուրջ կառուցողների»:
2024թ. Գրագիտության միջազգային օրվա կապակցությամբ, որը անցկացվել է Յաունդեում՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր աջակցությունն է հայտնել համաժողովի մասնակիցներին, որը կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ Կամերունի կառավարության հետ միասին:
Ուղերձում, որը ստորագրել է Պետրո Պարոլինը, Նորին Սրբությունն ընդգծում է այդ իրադարձության կարևորությունը՝ անգրագիտության դեմ պայքարի արդյունքները գնահատելու և կրթության զարգացմանն անհրաժեշտ հետագա ջանքերի համար:
Այս տարվա թեման է. «Բազմալեզու կրթության խթանում. գրագիտություն փոխըմբռնման և խաղաղության համար», հիշեցնում է Սրբազան Քահանայապետը և երախտագիտություն հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ այն իր ներդրումն ունի լեզվական ու մշակութային բազմազանության գործում, և ընդգծում է բազմալեզվության ունեցած ազդեցությունն անհատի զարգացման վրա: Նրա խոսքերի համաձայն, մի քանի լեզուների իմացությունը նպաստում է ոչ միայն ավելի լավ փոխըմբռմանն ու հաղորդակցմանը, այլև վերլուծական մտածողության և սոցիալականացման զարգացմանը։ Պոլիգլոտներն ավելի հեշտ են ընդունում մշակութային բազմազանությունը և ունակ են հաստատել երկխոսություն, միջնորդություն ու փոխըմբռնում:
Մեջբերելով Նելսոն Մանդելային՝ Նորին Սրբությունն ընդգծում է, որ իր մայրենի լեզվով մարդու հետ շփումը դիպչում է սրտին, ինչը նրան ավելի ընկալունակ է դարձնում երկխոսության համար։
«Օգնել մարդկանց և ապագա առաջնորդներին տիրապետել բազմաթիվ լեզուների, նշանակում է մարդկությանը նվիրել կամուրջ կառուցողների, որոնք կարող են հաղթահարել նախապաշարմունքները, տարբերությունները, հակադրությունը և բևեռացումը՝ նախընտրելով երկխոսությունն ու հանդիպումը, իսկ դա նշանակում է մեր աշխարհին տալ մարդկանց, որոնք իրենց զրուցակիցների հետ խոսում են խելամտորեն և ի սրտե՝ անկախ այն հանգամանքից նրանք գործընկերներ են, թե հակառակորդներ»:
Ուղերձում կոչ է արվում քաղաքական գործիչներին, մանկավարժներին և հասարակությանը գնահատել գրագիտությունը՝ որպես ավելի կրթված, համերաշխ, խաղաղ և եղբայրական հասարակություն ստեղծելու հիմք։
Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը հաջողություն է մաղթում բոլոր նրանց, ովքեր նպաստում են ժողովուրդների միջև գրագիտության ու փոխըմբռնման զարգացմանը և նրանց հետագա աշխատանքներում հայցում է Աստծո ողորմածությունն ու օրհնությունը:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը