• Աղքատները խնդիր չէն, այլ՝ ռեսուրս

    «Կրեցէ՛ք միմեանց բեռը»


    «Աղքատները խնդիր չէն, նրանք պաշար են (resource), որից պէտք է քաղել, եթէ ձգտում ենք մեր կեանքում ընդունել եւ ապրել Աւետարանի էութիւնը».այս մտքով է աւարտւում Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ուղերձը, որով հաստատում է Աղքատների համաշխարհային օրը՝ Կաթողիկէ Եկեղեցում: Այն առաջին անգամ նշւում է այս տարի՝ նոյեմբերի 19-ին: Քահանայապետը կամենում է, որ այս տօնը Եկեղեցում դառնայ աւանդութիւն՝ նպատակ ունենալով մարդկանց ուշադրութիւնը հրաւիրել աղքատ, կարիքի մէջ ապրող մերձաւորների խնդիրների վրայ, նրանց օգնութեան բարձրաձայն, իսկ հաճախ նաեւ անձայն, բայց այնքա՜ն խօսուն աղաղակի վրայ: Պապը յիշեցնում է սաղմոսերգուի տողերը, թէ «Այս աղքատն աղաղակեց, եւ Տէրը լսեց նրան», Սղմ., 33, 7: Եթէ Աստուած լսում է աղքատի ձայնը, մենք իրաւունք չունենք մեր ականջները փակելու մեր հարեւանի օգնութեան ձայնի առջեւ՝ խուլ ձեւանալով, պարփակուած միայն մեր առօրեայ հոգսերով, մեկուսացած, ինքներս մեզ համար կեղծ ապահովութեան մի հարմարաւէտ միջավայր ստեղծելով: Այս տօնի հաստատումով, ուրեմն, Քահանայապետը աշխարհին կոչ է անում պայքարել հեշտասիրութեան, սեփական ապահովութեան եսասիրական ձգտման, մոլուցքի դէմ եւ մեր գիրկը բացել օգնութեան կարոտ եղբայրների եւ քոյրերի առջեւ:

     

    Բայց վերադառնանք այն բառերին, որոնցով Քահանայապետն աւարտում է իր ուղերձը՝ աղքատները խնդիր չէն, այլ՝ պաշար, որից պէտք է քաղել, հարստանալ, եթէ ուզում ենք հասկանալ Աւետարանը: Ինչպէ՞ս կարող է աղքատութիւնը լինել պաշար, գանձարան.ինչպէ՞ս կարող է անապահովութիւնը, նիւթական, սոցիալական բարեկեցութեան պակասը կամ բացակայութիւնը լինել հարստութիւն կամ առիթ հարստանալու: Մտածե՛նք այս մտքի շուրջ, որ մեզ պէտք է օգնի աւելի լավ ըմբռնելու մեր կոչումն այս կեանքում: Դժուարին պայմաններում կեանքի հարուածների դէմ մաքառող մարդիկ, ընտանիքները, միայնակ ծերերը, լքուած, առանց ծնողական խնամքի երեխաները մեզ համար մարտահրավեր են՝ ճիշտ ապրելու մեր կեանքը՝ որպէս Քրիստոսի աշակերտներ.Յիսուս ասում է.«Սրանից կիմանան, որ դուք իմ աշակերտներն էք, եթէ սիրէ՛ք միմեանց»: Կարիքի մէջ ապրող մեր եղբայրները, քոյրերը մեզ համար սիրոյ հրաւէր են, որ մեզ ուղարկում է Յիսուս: Նրանց սիրելով եւ նրանց համար մի լաւ բան անելով՝ մե՛նք ենք հարստանում, նրանց աղքատութիւնը, կարիքը թեթեւացնելով՝ մենք ենք թեթեւացնում մե՛ր պարտականութեան բեռն Աստծոյ առաջ եւ գանձեր կուտակում Երկնքում:

     

    Աւելին, միայնակ ծերի, լքուած երեխայի, հազիւ ծայրը ծայրին հասցնող ընտանիքի, գործազուրկի, միայնակ մօր, թերսնուած երեխայի, հիւանդի դեմքերի մէջ, որոնք մեզ շատ ծանոթ են եւ նոյնիսկ այնքա՜ն սովորական են դարձել մեր առօրեայում, որ մոռանում ենք նրանց գոյութեան մասին կամ համարում մեր իրականութեան, մեր համայնքի, մեր փողոցի անբաժան մասնիկները, եւ ուրեմն, այդ դէմքերի մէջ Յիսուս մեզ հրաւիրում է տեսնել ի՛ր դէմքը, ի՛ր հայեացքը, որի մէջ այնքա՜ն տառապանք կայ, այնքա՜ն աղքատութիւն կայ, այնքա՜ն լքուածութիւն կայ, այնքա՜ն մարդկային մաքառում եւ աղօթք կայ, որ հնարաւոր չէ չսարսափել, չկարեկցել, չսիրել այդ դէմքը, այդ հայեացքը, որ Գեթսեմանիի պարտեզում Երկնաւոր Հօրն աղօթելիս յանձն առաւ խմել տառապանքի բաժակը մինչեւ ցմրուր՝ իր կամքը կատարելապէս դնելով Հօր կամքի հնազանդութեան ներքոյ: Հնարաւոր չէ չսիրել այդ հայեացքը, որովհետեւ Յիսուս, ինչպէս այն ժամանակ, այդպէս էլ մինչ օրս շարունակում է տառապել իւրաքանչիւր տառապող մարդու, հայի, օտարեկրացու, մանկան, ծերի, լքուած կնոջ, գործազուրկ տղամարդու, քրտնաջան աշխատաւորի, ցաւ, կորուստ տեսած ընտանիքի հօր, մօր, հիւանդի հետ միասին՝ նրանց բոլորի տառապանքը համարելով իրենը եւ շալակելով դրանք՝ իր խաչի վրայ:

     

    Մատթէոսն իր Աւետարանի 25-րդ գլխում մեզ սովորեցնում է, թէ ինչպէս պէտք է տեսնել Յիսուսի հայեացքը մերձաւորի հայեացքի մէջ: Աւետարանիչը պատմում է, թէ ինչպէս վերջին դատաստանի օրը Մարդու Որդին պէտք է զատի բոլոր ազգերը ոչխարների եւ այծերի՝ օրհնեալների եւ անիծեալների, եւ պէտք է ասի.«Եկէ՛ք իմ Հօր օրհնեալներ, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը, որովհետեւ քաղցած էի եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի եւ ինձ ջուր տուիք՝ խմելու, օտար էի եւ ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք…Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ինձ համար արեցիք», Մտթ., 25, 34-40:

     

    Իսկ այսօրուայ Աւետարանի հատուածում, երբ որ աշակերտները վիճում են, թէ ով է իրենցից մեծը, Յիսուս պատուիրում է ընդունել մանկանը իր անունով, որովհետեւ մանկանն ընդունողն իրեն է ընդունում եւ աւելացնում է.«ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»: Ուրեմն, կեանքի հարուածներից խոնարուած, բեռան տակ կքած մաքառող մեր եղբայրնե՛րն են այն փոքրագոյնները, որոնց ընդունելով՝ ընդունում ենք Յիսուսին եւ մեր միութիւնն իր հետ՝ Սուրբ Հաղորդութեան մէջ իմաստաւորում իրական կեանքում, ապրելով Նրա հետ միութիւնը լիակատար ձեւով:

     

    Բայց կարիքի մէջ ապրող եղբայրներին, քոյրերին օգնելով՝ մենք մէկ կարեւոր բան էլ սովորում ենք.սովորում ենք հարգե՛լ նրանց մարդկային արժանապատւութիւնը: Պօղոս առաքեալը հռոմեացիներին գրում է եւ խնդրում, որ աղօթեն իր համար, որպէսզի այն ծառայութիւնը կամ հանգանակութիւնը, որ տանում էր Երուսաղէմի հաւատացեալների համար՝ հավաքուած մակեդոնացիներից, ընդունելի լինի նրանց համար: Ուրեմն, հարկ է նրա օրինակով հարգել աղքատութեան մէջ ապրող մարդու արժանապատւութիւնը, Աստծոյ պատկերը նրա մէջ եւ մեր ծառայութեամբ եւ ոչ թէ ողորմութեամբ նրան օգնենք վերականգնել հարգանքն ինքն իր հանդէպ, ապրելու ձգտումը, աշխատելու կամքը եւ հաւատքն առ Աստուած, ում սէրն իր հանդէպ պէտք է ցոյց տանք մե՛նք:

     

    Այս ամէնը վերաբերում է իւրաքանչիւրիս՝ անկախ սոցիալական դիրքից, ունեցուածքից, ընտանեկան խնդիրներից: Բոլորս կարող ենք օգնել մի կարիքաւորի՝ մեր ունեցածի չափով: Յիշենք այն աղքատ կնոջը, որ տաճարի գանձանակի մէջ գցեց իր ամբողջ ունեցուածքը: Յիսուս նրան օրինակ դարձրեց մեզ համար՝ ի հակադրութիւն հարուստների, որ գցում էին իրենց աւելորդից: Ուրեմն, քչից էլ կարելի է բաժին հանել սովածին, մերկին, հիւանդին: Մայր Թերեզան ասում էր՝ «Տալ եւ տալ, մինչեւ ինքդ քեզ ցաւ պատճառես»: Միայն այդպէ՛ս կարող ենք զգալ նուիրելու արժէքը, միայն ինքներս մեզ ցաւ պատճառելով՝ հետեւելով մեր Փրկչի գերագոյն օրինակին, որ Խաչն է:

     

    Օգնել կարող ենք ոչ միայն նիւթականով, կարելի է պարզապէս լսել մարդու ցաւը, նոյնիսկ առանց մի բառ անգամ ասելու, լսել ու հասկանալ, խորհուրդ տալ, զօրակցել մեր ներկայութեամբ, մեր աղօթքներով: «Կրեցէ՛ք միմեանց բեռը».ասում է Պօղոսը: Միմեանց բեռը կրելու համար անհրաժեշտ պայման է նաեւ ներումը, միմեանց թերութիւնները հանդուրժելը, որպէսզի կարողանանք օգնել նաեւ նրանց, ում հետ խնդիրներ ունենք՝ առաջինը ձեռք մեկնելու պատրաստակամութեամբ եւ յիշելով, որ «Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ…մինչ թշնամի էինք, հաշտուեցինք Աստծու հետ», Հռմ., 5, 8-10:

     

    Եկէ՛ք գործի լծուենք՝ միմեանց օգնելու տարբեր ձեռնարկներով՝ առանձին կամ հաւաքական ուժերով, մանաւանդ՝ Անարատ Յղութեան եւ Սուրբ Ծննդեան տօներին ընդառաջ, որպէսզի մեր գործերով ճանապարհ հարթենք մարդկանց սրտերում մաքրութեան եւ խաղաղութեան հաստատման համար.Ամէն:

     

    Տ. Յովսէփ Քհնյ. Գալստեան

Օրացույց

Օրացույց


Recent Comments