Ինչու՞ են բորբոքվել կրքերը.Սինոդի միջնաժամկետ զեկույցի «ավելի համարձակ հովվական մոտեցումները»
Այս օրերին աշխարհի ջերմեռանդ բոլոր կաթողիկեների և միջազգային լայն հանրության ուշադրության կենտրոնում Հռոմում ընթացող Եպիսկոպոսաց Սինոդի 3-րդ արտահերթ համագումարն է, որտեղ մոտ 150 եպիսկոպոսներ քննարկում են քրիստոնեական ընտանիքի առջև ծառացած խնդիրները ժամանակակից աշխարհում և ջանում են ուղիներ գտնել դրանց լուծման և Եկեղեցու վարդապետությունը այդ խնդիրների մասին ավելի ընկալելի ու գործանականում կիրառելի դարձնելու համար: Այս համաժողովը նախապատրաստությունն է հաջորդ տարվա հոկտեմբերին գումարվելիք հերթական մի համագումարի, որը մեջտեղ կբերի մի նոր փաստաթուղթ՝ ընտանիքի մասին: Բայց հավատացյալները մտահոգ են.մի մեծ խումբ սպասում է նոր մոտեցումների՝ հատկապես երկրորդ անգամ քաղաքացիական ամուսնությամբ ապրողներին կամ քաղաքացիական ապահարզանով կողակցից բաժանվածներին Ս.Պատարագի ժամանակ հաղորդվել թույլատրելու, համասեռամոլների հանդեպ ավելի հոգատար վերաբերմունք որդեգրելու, ընտանիքի պլանավորման և շատ այլ հարցերի շուրջ, իսկ մյուս խումբն ակնկալում է Եկեղեցու դիրքորոշումների անխախտ պահպանում և ոչ մի զիջում՝ մտածելով, որ որևէ զիջում կարող է վնասել Ավետարանի և Եկեղեցական 2000-ամյա վարդապետության բացարձակ հեղինակությանը: Քննադատությունների, բողոքների կամ ուրախ բացականչությունների առիթ դարձավ հատկապես հոկտեմբերի 12-ին Սինոդի հրապարակած միջնաժամկետ զեկույցը, որտեղ ներկայացված են համաժողովի ուշադրության կենտրոնում գտնվող հարցերը: Ըստ այդմ, ժողովի հայրերը մտածում են, թե արդյոք Եկեղեցին չպետք է դրական տարրեր փնտրի նաև չափազանց լայն տարածում ունեցող քաղաքացիական ամուսնության կամ կենակցության մեջ, և, եթե կան այդպիսիք, օրինակ՝ պատասխանատվության զգացումը զավակների հանդեպ, ընտանեկան արժեքներ ստեղծելու ցանկությունը, ուստի Եկեղեցին պետք է աստիճնաբար առաջնորդի այդպիսի անձանց դեպի Եկեղեցական Պսակի խորհուրդը և Սբ. Հաղորդությունը: Ժողովականները համարում են, որ Եկեղեցին կոչված է ի գիտություն ընդունելու լքված մայրերի և նրանց զավակների դառն ճակատագրերը, որոնք ոչ միշտ են նրանց ազատ ընտրության հետևանք: Հարկ է, զեկույցի բառերով, «ավելի համարձակ հովվական մոտեցումներով» քննարկել ազատ կենակցությամբ ապրածներին, քաղաքացիական ապահարզանով բաժանվածներին Եկեղեցու խորհուրդներ մատակարարելու հարցը՝ ջանալով մտնել նրանց վիճակի մեջ, հասկանալ հոգեբանական խնդիրները և առաջնորդել դեպի սրբություն: Սինոդի հայրերը կարծում են, որ համասեռամոլները ևս որպես անհատներ կարող են Եկեղեցուն առաջարկել տաղանդներ և շնորհներ, ուստի Եկեղեցու հովիվները պետք է նրանց հետ կրթական, հովվական աշխատանք տանեն ջանք թափեն՝ թեթևացնելու նրանց տառապանքները՝ Ավետարանի սպեղանիով, բայց դա չի նշանակում, որ ժողովի հայրերը համասեռամոլների միությունները հավասար են համարում ամուսնությանը, կամ թե համասեռամոլությունը մեղք չեն համարում, ինչպես շատերը սխալմամբ մեկանաբանում են, այլ սինոդականները կարծում են որ հարկ է կարևորել համասեռամոլի մարդկային անհատականությունը, և, չընդունելով նրա համասեռամոլ արարքները, չդատապարտել նրան որպես մարդ: Ինչպե՞ս վարվել ներկայում ավելի ու ավելի տարածվող անհատապաշտության հետ, որը քայքայում է քրիստոնեական ընտանիքի բարոյական սկզբունքները և դառնում հիմնական պատճառը ընտանիքի կործանման և անհատի դժբախտության.մտահոգվում են եպիսկոպոսները: Ժողովականների զեկույցում մշտապես առաջնային պլանում է ընտանիքի մասին Եկեղեցական վարդապետության անսխալականությունը, իսկ ժողովի գլխավոր նպատակը ընտանիքը՝ ավետարանացման արդյունավետ միջոց դարձնելն է, ըստ քրիստոնեական կոչման: Ընդօրինակել Քրիստոսի ողորմածությունը, սերը բոլորի հանդեպ.սա է որ պետք է առաջնորդի Եկեղեցուն, որը կոչված է ուղեկցելու իր ամենափխրուն վիրավոր զավակներին, հոգատարությամբ, կարեկցությամբ, միշտ նրանց կողքին լինելով և վերականգնելով նրանց վստահությունն ու հույսը.ասված է Սինոդի զեկույցի մեջ:
Սիոնդի միջնաժամկետ զեկույցի անգլերեն տարբերակը կարող եք ընթերցել այստեղ: