«…Առանց ինձ ոչինչ չեք կարող անել», Հվհ., 15, 5
«Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ «Հայկական Կարիտասում» ինտենսիվ աշխատանք է տարվում կազմակերպության անձնակազմի ավելի ամբողջական՝ մասնագիտական և հոգևոր նկարագրի ներդաշնակ զարգացման ուղղությամբ: Ի նկատի առնելով այն փաստը, որ «Հայկական Կարիտասն», ըստ էության, Կաթողիկէ Եկեղեցու բարեգործական առաքելությունն իրականացնող, հոգևոր անքակտելի նկարագիր ունեցող յուրահատուկ մի կառույց է, հոգևորականները և տնօրինությունը շատ կարևոր են համարում կազմակերպության աշխատանքում կայուն և հաստատուն տեղ հատկացնել հոգևոր խորհրդածության, աղոթական կյանքի ու կրոնական ապրումի համար, ինչն, անշուշտ, անհրաժեշտ է Կարիտասի առաքելությունը լավագույնս իրականացնելու և Եկեղեցու առաքելության մեջ իր ճիշտ գործառույթը կատարելու համար:
«Հայկական Կարիտասը», ինչպես հայտնի է, հիմնված լինելով Հայ Կաթողիկէ Եկեղեցու կողմից և առաջնորդվելով Հայաստանի կաթողիկէների առաջնորդ արքեպիսկոպոսի կողմից, իր ծրագրերն իրականացնում է աշխարհական փորձառու և որակյալ մասնագետների միջոցով՝ թե կաթողիկէ և թե առաքելական: «Հայկական Կարիտասն» այսօր Հայաստանում սոցիալական աշխատանքի ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկն է և իր աշխատանքային մեթոդներով՝ օրինակելի, նույնիսկ՝ պետական կառույցների համար, ակտիվորեն համագործակցում է ոլորտում գործող շատ կազմակերպությունների և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների և այլ կառույցների հետ, նաև՝ ՀՀ պետական սոցիալական ռազմավարության մշակման ուղղությամբ: Աղետի գոտու վերականգնման և ընդհանրապես ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործում Հայկական Կարիտասն ունի հսկայական ներդրում՝ տարեկան մոտ 2 մլն. դոլարի հասնող ծրագրերի իրականացմամբ, Հայաստանի տարբեր բնակավայրերում և խոցելի խմբերում: 40-ից ավելի սոցիալական ծրագրերի, ահռելի գումարների աշխատանքի իրականացումը հնարավոր է, իհարկե, մասնագիտական որակյալ աշխատանքի շնորհիվ, բայց երբեք չպետք է մոռանալ այդ ամենի հիմքն ու աղբյուրը, որ Տէր Հիսուս Քրիստոսի Սուրբ և Ընդհանրական Եկեղեցին է և Սուրբ Հոգու շնորհները, որոնցով առաջ է գնում նման դժվարին առաքելությունը, չպետք է մոռանալ կաթողիկէ եկեղեցական տարբեր կազմակերպությունները, որոնց նվիրատվություններով են կատարվում այդ ծրագրերը: Տեր Հիսուս Ի՛նքն է առաջ տանում իր հետևորդների նվիրյալ ծառայությունը, հետևաբար, անհրաժեշտ է արժանին տալ Նրան, առանց ում անհնարին կլիներ այդպիսի աշխատանք կատարել.
«Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ չեք կարող անել», Հվհ., 15, 5:
Տիրոջ շնորհների նկատմամբ երախտագիտության զգացումը, պատասխանատվությունը մեր քրիստոնեական ծառայության Աղբյուրի նկատմամբ մեզ ստիպում է վերլուծել, վերատեսնել մեր աշխատանքը՝ Հայկական Կարիտասի ներսում, ճիշտ այնպես, ինչպես զննում ենք մեր խիղճը և հոգևոր նկարագիրը, երբ կանգնում ենք Տիրոջ Սուրբ սեղանի առջև: Հայկական Կարիտասը Աստծո սիրո արտահայտությունն է օգնության կարիք ունեցող մարդկանց հանդեպ, «Աստծո ներկայության նշանը՝ մարդկանց մեջ», ինչպես ասում էր Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապը: Այս ճշմարտությունը մեծագույն մի պատասխանատվություն է դնում մեր ուսերին, որը ստիպում է մեզ քննել, թե արդյո՞ք մեր աշխատանքը, մեր ծրագրերը ամուր հիմնված են Տիրոջ Ավետարանի սկզբունքների վրա, Նրա Սուրբ Եկեղեցու ուսմունքի վրա, թե ավելի մարդածին են, ավելի կառչած մեր սեփական ընկալումների, անհատական կամ հավաքական այլ ակնկալիքների վրա, որոնք այս աշխարհինն են, բայց ոչ երբեք՝ Քրիստոսինը. «ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է», Մտթ., 12, 30:
Ճշմարտության առջև մեղանչած չլինելու համար հարկ է պարզապես ընդունել, որ մեր բարեգործական աշխատանքում մենք երբեմն կամ հաճախ առավել ուշադրություն ենք դարձնում ծրագրերի զուտ հասարակական, իրավական, հոգեբանական և տեխնիկական կողմին՝ քիչ ուշադրություն դարձնելով կամ բնավ երկրորդական պլան մղելով մեր առաքելության հոգևոր սկիզբը կամ նպատակը, որ է, ի վերջո, ողորմության գործերի միջոցով նպաստելը Ավետարանի տարածմանը կամ մարդ-Աստված հարաբերության առավել սերտացմանը, և ոչ թե պարզապես հումանիզմ, կոմունիզմ, սոցիալիզմ կամ այլ տեսակի մոդայիկ …իզմ կառուցելը: Ի վերջո, մենք ծառայում և տքնում ենք Անձի համար, արդեն իսկ ներկա Իրականության՝ Աստծո, Սիրո թագավորության համար, այլ ոչ թե՝ ինչ որ վերացական, մարդածին կամ ժամանակավոր գաղափարախոսության: Քրիստոնեությունը գաղափարախոսություն չէ, այլ՝ հանդիպում Տիրոջ Անձի հետ: Մերն անգլուխ կամ մերկապարանոց, կեղծ գլոբալիստական, ռուսսոյական, մատերիալիստական, ֆրանսիական լուսավորության դարաշրջանի մարդասիրություն չէ, այլ մեր գործի մեջ Գլուխը մշտապես ներկա՛ է և տեսնում է ամեն ինչ և՝ նաև այն, թե ինչպես ենք երբեմն ուզում լինել առավել ինքնագլուխ մեր կյանքի բոլոր պարագաներում, բոլորս անխտիր՝ սկսած ինձնից…
Մեկ այլ հոդվածում արդեն իսկ խոսել եմ Կարիտասի ներսում մարդու ամբողջական զարգացման սկզբունքի (integral human development) կիրառելիության անհրաժեշտության մասին, որը կաթողիկէ սոցիալական ուսմունքի հիմնական դրույթներից է: Վստահ եմ, որ անհնար է նպաստել մարդու կամ մարդկային խմբի ամբողջական զարգացմանը, եթե նախ հարատև ջանք չխնայենք ինքներս մեր ամբողջական, ներդաշնակ զարգացման համար՝ թե մասնագիտական և, թե, որ առավել կարևոր է այս պարագայում, հոգևոր կողմերով (aspects): Նախ հարկ է մտածել և նոր ուղիներ գտնել սուբյեկտի ներդաշնակությունը կայացնելու համար, որպեսզի հնարավոր լինի հասնել նաև մեր աշխատանքի օբյեկտի կամ թիրախի ներդաշնակությանը:
Այս նկատառումներից ելնելով Հայկական Կարիտասի անձնակազմի համար ներկայում կազմակերպվում են աշխատաժողովներ կամ հոգևոր խորհրդածության հանդիպումներ՝ կազմակերպության ինքնության, արժեքների, աշխատանքի վերաիմաստավորման, Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնական սկզբունքների և առանձին թեմաների շուրջ, որոնք, ինչպես ընդունված է Կարիտասում ընդհանրապես, պետք է լինեն կաթողիկէ բորեգործության կամ սոցիալական աշխատանքի գաղափարական հենքը, աշխարհի հետ հարաբերվելու, երկխոսելու հիմանական լեզուն: Այս աշխատանքը Հայկական Կարիտասի անձնակազմի հետ հայ կաթողիկէ հոգևորականները տարել են մշտապես՝ տարբեր ձևաչափերով և ինտենսիվությամբ:
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հետ խորհրդակցելով և նրա հանձնարարականով, 2017թ.մարտի 24-ին Հայկական Կարիտասի Էմիլի Արեգակ ցերեկային խնամքի նորակառույց կենտրոնի ընդարձակ սրահում կազմակերպեցինք հանդիպում կազմակերպության ամբողջ անձնակազմի հետ, ովքեր աշխատում են Հայաստանի տարբեր համայնքներում իրականցվող ծրագրերում.135 աշխատակից ներկա գտնվեց 7 ժամ տևողությամբ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի տարբեր թեմաներ, եղան ակտիվ քննարկումներ, հարցեր, որոնք շատ կարևոր ցուցիչ են՝ պատկերացում կազմելու համար, թե ինչի վրա հարկ է առավել ուշադրություն դարձնել:
Հանդիպման օրակարգը հետևյալն էր.
Մաս Ա
Հայկական Կարիտասի ինքնությունը՝ որպես Հայ Կաթողիկէ Եկեղեցու բարեգործական առաքելության արտահայտություն
10:00-10:15 Հայր Մեր, միասնական աղոթք,
ողջույնի խոսք՝ Գագիկ Տարասյան՝ Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն, Տ. Հովսեփ քհն. Գալստյան
10:15-11:15՝ զեկույց, Տ. Հովսեփ քհն. Գալստյան
Թեմաներ.
Ի՞նչ է Հայկական Կարիտասը,
Կարիտասի գործառույթը՝ Կաթողիկէ Եկեղեցու առաքելության և հասարակության մեջ
Հարց, պատասխան (10 ր.)
11:15-11:30 ընդմիջում,
11:30-12:00
Ավետարանական հատվածի (Ղկ., 10, 25-37) ընթերցում, խորհրդածություն (5 ր.)
Քննարկում (25 ր.)
12:00-13:00՝ զեկույց Տ. Հովսեփ
Թեմաներ.
Ի՞նչ է Caritas հասկացությունը
Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետի «Աստված սեր է» շրջաբերականի դրույթները,
Ողորմության բացատրությունը՝ ըստ Ֆրանցիսկոս Քահանայապետի «Ողորմության դեմքը» կոնդակի (45 ր.)
Խորհրդածություն ավետարանական հատվածի (Մտթ., 25) շուրջ (5.)
Հարց ու պատասխան (10 ր.)
Մաս Բ
14:00-17:00
Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետությունը, հիմնական սկզբունքները, դրանց արտահայտությունը Հայկական Կարիտասի ռազմավարության և ծրագրային աշխատանքի մեջ
14:00-15:00 զեկույց Տ. Հովսեփ
Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետությունը
Էությունը, նպատակը, կապը Կարիտասի առաքելության հետ
սոցիալական վարդապետության հիմնական սկզբունքները, ի մասնավորի՝ մարդկային արժանապատվության հարգման սկզբունքը (45ր.)
հարց ու պատասխան
15:00-15:30 ընդմիջում,
15:30-16:00 զեկույց, Տկն. Անահիտ Գևորգյան՝ Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար
Թեմա՝
Հայկական Կարիտասի ռազմավարությունը և Եկեղեցու վարդապետությունը
Ռազմավարության էությունը,
ինչպե՞ս է արտահայտված Կաթողիկէ Եկեղեցու վարդապետությունը Հայկական Կարիտասի ռազմավարության մեջ և ծրագրերում
ձեռքբերումներ, բացեր, լրամշակման ընթացքը
16:00-16:50
Խորհրդածություն առաջարկված հարցերի շուրջ (5 րոպե)
Քննարկում փոքր խմբերով (20 րոպե),
Քննարկում ընդհանուր, նաև առաջարկներ (25 րոպե),
16:50-17:00 ամփոփում, միասնական աղոթք:
Տկն. Անահիտ Գևորգյանը ներկայացրեց ռազմավարության նոր՝ լրամշակվող տեքստը, որի առանձին բառերի շուրջ քննարկումներ և առաջարկներ եղան: Առաջիկա օրերին, հավանաբար, տեղի կունենան այլ քննարկումներ ևս՝ ռազմավարության տեքստի մեջ որոշ լրացումներ կատարելու համար:
Նախատեսում ենք անձնակազմի հետ հետագա հանդիպումները շարունակել ավելի փոքր խմբերով, ինչն ավելի հարմար է՝ միասին աշխատելու, քննարկելու, միմյանց լսելու և ավելի լավ ճանաչելու տեսանկյունից, առանձին թեմաների շուրջ, ծրագրերի կենտրոններում: Այսպիսով, հնարավոր կլինի մշտական մի աշխատանք զարգացնել՝ հոգևորի համար առավել մեծ տեղ բացելու Հայկական Կարիտասում:
Այս ջանքերը լիովին համահունչ են նաև Միջազգային Կարիտաս կոնֆեդերացիայի և Եվրոպական Կարիտասի ջանքերի հետ, որոնք զարգանում են նույն տեսլականով՝ առերեսվելով նույն խնդիրներին ու մարտահրավերներին՝ եվրոկան և, հատկապես, հետխորհրդային տարածքի երկրներում: Ստեղծվում են միասնական աստվածաբանական հանձնաժողովներ, հոգևոր խորհրդածության համացանցային հարթակներ, կազմակերպվում են հանդիպումներ, դասընթացներ տարբեր երկրներում՝ թե աշխարհականների և թե հոգևորականների մասնակցությամբ՝ արտահայտելով Ընդհանրական Եկեղեցու իսկական դեմքը, որ է միասնությունն ի Հիսուս Քրիստոս՝ հանուն մարդուս սրբության և Տիրոջ փառքի:
Հանդիպման նյութերը՝
Առաջադրանք Ա հանդիպման վերջում
Տ. Հովսեփ քհն. Գալստյան