• «Մեզ համար մի մանուկ ծնվեց».Եկեղեցու Վեմի Սուրբ Ծննդյան ուղերձը` «Հռոմ քաղաքին և ամբողջ աշխարհին»

    Խաղաղությու՛ն բոլոր ժողովուրդներին


     

    2016թ. դեկտեմբերի 25-ի կեսօրին Սրբազան Քահանայապետը ամբողջ աշխարհին հղեց իր ավանդական «Հռոմ քաղաքին և ամբողջ աշխարհին» (Urbi et Orbi) ուղերձը և բաշխեց առաքելական օրհնություններ:

     

    «Սիրելի եղբայրներ և քույրեր, Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ:

     

    Այսօր Եկեղեցին կրկին ապրում է Սուրբ Կույս Մարիամի, Սուրբ Հովսեփի և բեթղեհեմյան հովիվների հիացմունքը՝ նայելով մսուրի մեջ պառկած նորածին Հիսուս Փրկչին:

     

    Լույսով լի այս ակնթարթին հնչում է մարգարեական պատգամը. «Մեզ համար մի մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պետք է լինի. Նա պետք է կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի» (Եսայի 9-6):

     

    Աստծո և Մարիամի որդու իշխանությունը այս աշխարհի իշխանությունը չէ՝ հիմնված ուժի և հարստության վրա, այլ սիրո՛ իշխանությունն է: Իշխանություն, որն ստեղծեց երկինքն ու երկիրը, կյանք տվեց ամեն մի կենդանի արարածի: Այդ ուժն է, որ հրապուրում է տղամարդուն ու կնոջը՝ նրանց դարձնելով մեկ մարմին և էություն: Այդ ուժն է, որ ներում է հանցանքները, հաշտեցնում թշնամիներին և չարը վերածում բարու: Դա Աստծո իշխանությունն է: Սիրո այդ իշխանությունն էր, որ ստիպեց Հիսուս Քրիստոսին հրաժարվել իր փառքից ու մարդ դառնալ և այդ սիրո համար էր, որ խաչվեց ու մեռելներից հարություն առավ: Դա Աստծո թագավորության կողմից սահմանված ծառայության իշխանությունն է:

     

    Դրա համար էլ Հիսուսի ծնունդը ուղեկցվում է հրեշտակների երգեցողությամբ, ովքեր ազդարարում են.

     

    «Փա՜ռք Աստծուն բարձրունքներում, և երկրի վրա խաղաղությու՜ն և հաճությու՜ն մարդկանց մեջ» (Ղուկ. 2-14):

     

    Այսօր այս բարի ավետիսը թևածում է ամբողջ աշխարհով մեկ՝ ցանկանալով հասնել բոլոր ազգերին, հատկապես, նրանց, որոնք վիրավորված են սուր հակամարտությունների ու պատերազմների պատճառով և որոնց խաղաղության բաղձանքն ավելի զորեղ է:

     

    Խաղաղությու՛ն Սիրիայի տանջահար բնակչությանը, որտեղ շատ արյուն թափվեց, հատկապես Հալեպ քաղաքում, որը վերջին շաբաթների ընթացքում դարձավ արյունահեղ պատերազմների թատերաբեմ: Անհրաժեշտ է անհապաղ օգնություն ցուցաբերել և սփոփել Սիրիայի տանջված բնակչությանը՝ մարդկային իրավունքների համաձայն:

     

    Անհրաժեշտ է, որ վերջապես զենքերը լռեն, իսկ միջազգային հանրությունը սկսի գործնական քայլեր ձեռնարկել բանակցային ճանապարհով խաղաղությունը վերահաստատելու համար:

     

    Խաղաղություն Աստծո սիրած ու ընտրված Սուրբ Երկրի բնակիչներին: Իսրայելացիներն ու պաղեստինցիները քաջություն ու վճռականություն պետք է ունենան՝ պատմության մեջ նոր էջ գրելու համար, որտեղ ատելությունն ու ոխակալությունը կզիջեն միասին ներդաշնակ ապագա ստեղծելու վեհ գաղափարին: Թո՛ղ միասնականություն և համերաշխություն ձեռք բերեն Իրաքի, Լիբիայի ու Եմենի բնակիչները, ովքեր տառապում են պատերազմի և դաժան ահաբեկչական գործողությունների պատճառով:

     

    Խաղաղությու՛ն Աֆրիկայի տարբեր տարածաշրջանների և հատկապես Նիգերիայի բնակչությանը, որտեղ արմատական ահաբեկչությունը շահագործում է անգամ երեխաներին՝ նրանց ներգրավելով իրենց հանցագործությունների մեջ՝ մահ ու սարսափ սերմանելով: Խաղաղությու՛ն Հարավային Սուդանին և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, թո՛ղ, որ լուծվեն բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները: Թո՛ղ, որ բոլոր բարի կամքի տեր մարդիկ ճանապարհ հարթեն դեպի միասնություն ու զարգացում՝ անտեսելով հակամարտությունն ու նախըտրելով երկխոսության մշակույթը:

     

    Խաղաղությու՛ն բոլոր նրանց, ովքեր դեռ զգում են Արևելյան Ուկրաինայի հակամարտության հետևանքները: Անհապաղ անհրաժեշտ է ցուցաբերել միասնական օգնություն ու կատարել բոլոր ստանձնած պարտականությունները:

     

    Խաղաղություն ենք հայցում նաև Կոլումբիայի սիրելի ժողովրդի համար, որը ձգտում է բանակցությունների և հաշտեցման մի նոր ու համարձակ ուղի հարթել: Թող, որ այդ քաջությունը ոգևորի նաև Վենեսուելային՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու՝ ներկայիս լարվածությանը վերջ դնելու և միասնաբար հուսալի ապագա ստեղծելու համար:

     

    Խաղաղությու՛ն բոլոր նրանց, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում դիմակայում են անարդարությանն ու մշտական սպառնալիքներին: Թող, որ Մյանման  համատեղի իր ջանքերն՝ խաղաղ համակեցությունը հնարավոր դարձնելու համար և միջազգային հանրության օգնությամբ անհրաժեշտ պաշտպանությունն ու հումանիտար օգնությունը ցուցաբերի բոլոր նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն: Թո´ղ, որ Կորեական թերակղզին համագործակցության նոր ոգով հաղթահարի իրեն ճնշող լարվածությունն ու տարաձայնություները:

     

     

    Խաղաղությու՛ն մեր բոլոր մոռացված ու մերժված եղբայրներին և քույրերին, ովքեր տառապում են սովից ու բռնությունների զոհ են դառնում: Խաղաղությու՛ն փախստականներին, գաղթականներին, ապաստան փնտրողներին և բոլոր նրանց, ովքեր մարդավաճառության զոհ են հանդիսանում: Խաղաղությու՛ն բոլոր այն ժողովուրդներին, ովքեր տառապում են ոմանց հավակնությունների ու փողի հանդեպ ունեցած մոլուցքի պատճառով: Խաղաղությու՛ն բոլոր նրանց, ովքեր կրում են սոցիալական ու տնտեսական զրկանքներ և, իհարկե, բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել կրելու երկրաշարժի և մյուս բոլոր տարերային աղետների հետևանքները:

     

     

    Խաղաղությու՛ն երեխաներին այս առանձնահատուկ օրը, երբ Աստված դարձավ Մանուկ, հատկապես այն երեխաներին, ովքեր զրկված են մանկական ուրախություններից՝ սովի, պատերազմների և մեծահասակների եսասիրության պատճառով:

     

     

    Խաղաղությու՛ն բոլոր բարի կամքի տեր մարդկանց, ովքեր խոնարհ ու համբերատար աշխատում են՝ առավել արդար ու բարի աշխարհ ստեղծելու համար: Նրանք համոզված են, որ միայն խաղաղ պայմաններում է հնարավոր բարեկեցիկ կյանք բոլորի համար:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

    «Մեզ համար մի մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ»: Նա «խաղաղության Իշխանն է»: Ընդունե´նք նրան:

     

    Այս ուրախալի օրը մենք բոլորս պետք է խորհենք Մանուկ Հիսուսի մասին, Ով հույս է պարգևում բոլոր մարդկանց: Նրա շնորհի օգնությամբ կյանք տանք այդ հույսին՝ վկայելով համերաշխության ու խաղաղության մասին:

    Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ»:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց