«Շնորհակալ ենք Ձեր հոգատարության ու մոտիկության համար»:
2016թ. հոկտեմբերի 1-ին Թբիլիսիի Սուրբ Կույս Մարիամի Վերափոխման եկեղեցում քահանաների, միանձնուհիների և ճեմարանականների հետ Սրբազան Քահանայապետի հանդիպման ժամանակ Նորին Սրբությանը շնորհակալության խոսքով դիմեց նաև Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը:
Նրա խոսքը ներկայացնում ենք՝ իտալերենից հայերեն թարգմանությամբ (թարգմանեց Տ. Մաշտոց սրկ. Ղազարյանը):
«Սրբազնագույն Հայր,
Աստվածային Նախախնամության շնորհով՝ այս տարի արդեն երրորդ անգամն է, որ հանդիպում ենք Ձեզ։ Առաջին անգամը Հայաստանում էր, ուր Ձեզ՝ Սրբազնագույն Հայր, արտահայտեցինք այն, ինչ բխում էր մեր սրտից. սեր, ինքնություն, կյանք և վկայություն։ Մի հանդիպում, որն արդեն իսկ պտուղներ է հասունացնում հավատքի մի վերանորոգ ու քաջարի ընթացքում։
Երկրորդ անգամ, բարեգործական կազմակերպությունների և Լեհաստանի Եկեղեցու օգնությամբ՝ մեր թեմի 380 հայ երիտասարդների հետ կարողացանք իրականացնել Կրակովում Երիտասարդների Համաշխարհային Օրվան մասնակցելու երազանքը։ Այնտեղ հիշարժան օրեր ապրեցինք, հարուստ՝ հոգեկանությամբ, հավատքով, եղբայրությամբ, աղոթքով ու վկայությամբ։ Այնտեղից մեր հետ բերեցինք այն էական հուշումները, որոնք Դուք, Սրբազնագույն Հայր, հաղորդեցիք մեզ. կենդանի պահել անցյալի հիշատակը, ազգային պատմությունը, և քաջությունն ունենալ երազելու և կառուցելու մի լուսավոր ապագա, խաղաղության ու եղբայրության ապագա։ Բոլոր այդ երիտասարդներն ասում են Ձեզ «շնորհակալությու՛ն», Ձերդ Սրբություն, շնորհակալություն Ձեր տված խորհուրդների համար, շնորհակալություն Ձեր մոտիկության համար, և շնորհակալություն Ձեր տված վկայության համար իբրև Պետրոսի Հաջորդ։
Այսօր, Սրբազնագույն Հայր, որպես Վրաստանում Հայ Կաթողիկե համայնքի պաշտոնյա, անդամ լինելով կաթողիկե փոքրամասնության, ուրախությունն ունեմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու Ձեզ՝ Ձեր հոգատարության ու մոտիկության համար։ Ձեր ներկայությամբ քաջալերում եք մեզ անսասան մնալ մեր հայրերի հավատքի մեջ՝ ի Քրիստոս Հիսուս, և բոլորի հետ եղբայրաբար ապրել Տիրոջ կողմից օրհնված այս երկրում։
Հայ Կաթողիկեները Վրաստանում՝ սրտաբաց այս երկրում, որը միշտ ընդունել է մեզ սիրով ու հարգանքով, վառ հավատքի երկարատև պատմություն ունեն։ Վրաստանն այն երկիրն է եղել, ուր սուրբ մարտիրոս Շուշանիկ Մամիկոնյանն իր կյանքը զոհաբերել է՝ ի պաշտպանություն քրիստոնեական հավատքի։ Եվ այդ նույն հավատքն է, որ հազարավոր հայ կաթողիկեների մղել է Վրաստանի տարբեր գյուղերից գալու՝ այսօր առավոտյան հանդիպելու Պետրոսի Հաջորդին և արտահայտելու նրա հանդեպ ունեցած սերն ու երախտագիտությունը։ Հայ ժողովրդի այս զավակները, թեև տակավին եկեղեցի չունեն Թբիլիսիում, հավաքվել են՝ Ձեր կողմից հավատքի մեջ վերահաստատվելու և Ձեր օրհնությունը ստանալու համար, Սրբազնագույն Հայր, և երախտագիտություն հայտնելու Ձեզ այն ամեն ինչի համար, որ արել եք մեր՝ հավատքի մեջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժառանգներիս համար։
Շատ սիրելի Սրբազնագույն Հա՛յր, մինչ հայցում ենք Ձեր օրհնությունը, վստահեցնում ենք Ձեզ, որ եռանդագին աղոթելու ենք Ձեր համար, որպեսզի Տերը զորացնի Ձեզ և պահի առողջ, որպեսզի Եկեղեցու նավի ղեկը բռնած՝ առաջնորդեք դեպի նավահանգիստը խաղաղության, անդորրի, սիրո ու եղբայրության»:
Հիշեցնեմ, որ այս հանդիպմանը ներկա էին նաև Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանը և հայ կաթողիկէ այլ հոգևորականներ ու միանձնուհիներ: Հ. Միքայել վրդ. Խաչկալյանի խոսքից հետո Սրբազան Քահանայապետը հիշեց մի դրվագ Գյումրի կատարած իր այցելությունից, որին կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակման մեջ՝ ամբողջական տեսանյութի հետ միասին: