Եկեղեցին երկու նոր սուրբ կունենա
Սեպտեմբերի 17-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ստորագրել է որոշումներ, որոնք ճանապարհ են հարթում, որպեսզի Կաթողիկե Եկեղեցու սրբերի շարքը դասվեն ևս երկու նվիրյալ սրբակենցաղ անձինք՝ հնդիկ քահանա Երանելի Ժոզեֆ Վացը և իտալացի միանձնուհի Երանելի Մարիա Քրիստինան: Ժոզեֆ Վացն ապրել է 17-րդ դարավերջին և 18-րդ դարասկզբին, հայտնի է որպես Ցեյլոնի՝ այժմյան Շրի Լանկայի, կաթողիկե քարոզիչ: Վացը երանելիների շարքն է դասվել 1995թ., Հովհաննես Պողոս Բ Պապի կողմից: Վացը սրբերի շարքը կդասվի, հավանաբար, 2015թ. հունվարին, Քահանայապետի՝ Շրի Լանկա այցելության ժամանակ: Իսկ Երանելի Մարիա Քրիստինան միաբան էր Անարատ Հղիության միաբանության, ապրել է 18-րդ դարավերջին և 19-րդ դարասկզբին, հայտնի է իր խոր ջերմեռանդությամբ, Աստուծոյ հանդեպ անսահման սիրով և նվիրվածությամբ: Մարիա Քրիստինայի սրբադասման օրը դեռևս չի հայտարարվել: