• «Մի երեխա կրթելու համար մի ամբողջ գյուղ է հարկավոր».սովորեցնում է աֆրիկյան առածը

    «Մի երեխա կրթելու համար մի ամբողջ գյուղ է հարկավոր».սովորեցնում է աֆրիկյան առածը


    Խաղաղության հասնելու համար հարկ է ստեղծել երկխոսության, միմյանց հետ հանդիպման միջավայր, իսկ դրան կարելի է հասնել միայն երեխաներին ճիշտ կրթություն տալու միջոցով.համոզված է Սրբազան Քահանայապետը: Այս մասին նա ուսանելի մի զրույց է ունեցել Scholas կրթական ծրագրի մասնակից դպրոցների պատանիներին հետ: Scholas-ը դպրոցների և կրթօջախների միջազգային ցանց է, որը նախաձեռնել է Ֆրանցիսկոս Քահանայապետը և որը համակարգվում է Գիտությունների պապական ակադեմիայի կողմից: Նպատակը կրթության որակի բարելավումն ու հասանելիության ապահովումն է հատկապես թերզարգացած երկրներում, որտեղ շատ երեխաների համար կրթությունը հասանելի չէ: Ըստ այդ ծրագրի, դպրոցները օգնում են միմյանց տարբեր խնդիրներ լուծելու համար և համագործակցության ցանց զարգացնում: «Մի երեխա կրթելու համար մի ամբողջ գյուղ է հարկավոր».հիշել է Քահանայապետը աֆրիկյան մի առած: Երեխային ճիշտ կրթություն տալու համար դպրոցը և ծնողները պետք է միասին աշխատեն, չի կարելի թողնել երեխային միայնակ: Բոլորը պետք է ձեռք ձեռքի տան՝ երեխա կրթելու համար: Չի կարելի երեխային թողնել փողոցում, աշխարհի քմահաճույքին, որտեղ գերիշխում է փողի պաշտամունքը, բռնության և «դեն շպրտելու» մշակույթը: Երեխաները և ծերերը դեն են շպրտվում, որովհետև կրթված չեն, որովհետև ցանկալի չեն: Դա թաքնված էվթանազիայի համակարգ է: Երիտասարդության մի ամբողջ սերունդ՝ մոտ 75մլն երիտասարդ աշխարհում գործազուրկ է: Սա մեզ պարտավորեցնում է հեռանալ եսակենտրոնությունից և միայնակ չթողնել երեխաներին: Հարկ է ամրացնել մարդկային ջերմ հարաբերությունները, որպեսզի երեխաների զարգացման համար ներդաշնակ մթնոլորտ ապահովվի, որտեղ տնտեսական և սոցիալական հարաբերությունների կենտրոնում կլինի մարդկային անձը, ոչ թե՝ փողը, ասել է Քահանայապետը: Նա կոչ է արել ստեղծել մարդկային այն գյուղը, որտեղ երեխան ապագայի հույս կունենա, և որը կկարողանա երեխա կրթել և ոչ թե դեն շպրտել նրան:

Օրացույց

Օրացույց