Ֆրանցիսկոս Քահանայապետը ցանկացավ պատասխան այց կատարել՝ արտահայտելու իր մտերմությունը, աջակցությունն ու բարեկամությունը:
Հայերը «զգայուն» ժողովուրդ են. չեն մոռանում եւ՛ ստացած բարիքները, ե՛ւ իրենց հասցված չարիքը, հատկապես մեծագույն չարիքը՝ Մեծ Եղեռնը, Հայոց ցեղասպանությունը (թեեւ այս բառը դեռ դժգոհություն է առաջացնում թուրքական կառավարությունում), որը նախորդ դարասկզբին խլեց մեկ ու կես միլիոն տղամարդկանց, կանանց, ծերերի եւ երեխաների կյանք:
Ֆրանցիսկոս Պապը կգնա սփոփելու այս ցավը, որ դեռեւս այրվում է մեկ դար անց, եւ իր ուղեւորության ընթացքում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հուզական այցի ժամանակ, կհանդիպի բնաջնջումից փրկվածների տասը ժառանգների հետ:
«Մի շատ կարեւոր պահ է նախատեսվում, – ասաց Հայր Ֆեդերիկո Լոմբարդին, ով լրագրողների հետ ճեպազրույցում նկարագրեց Պապի ուղեւորության ակնառու փուլերը՝ 14-րդ միջազգային ուղեւորությունը, առաջինը եվրասիական տարածաշրջանում, Հոգեշնորհ Անդրանիկ Այվազյանի հետ միասին, ով պատմության, մշակույթի եւ Հայաստանում Եկեղեցու վիճակի փորձագետ է եւ Երեւանի համալսարանում դասախոս:
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղեւորությունն իր տեղն է զբաղեցնում Հովհաննես Պողոս Երկրորդի դարակազմիկ այցից հետո 2001 թ.-ի սեպտեմբերին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու 1700-ամյակի առիթով: Ավելին, Հայր Լոմբարդին բացատրեց, որ Հայաստան ուղեւորությունը գտնվում է երկու փուլից բաղկացած Կովկաս կատարելիք ուխտագնացության շրջանակում, որը նախատեսում է այց նաեւ Վրաստան եւ Ադրբեջան սեպտեմբերի վերջին: Այս երկրորդ փուլը հնարավոր չէ իրականացնել հիմա Վրաց Պատրիարքի բացակայության պատճառով, ով մասնակցում է Կրետեյում ընթացող համաուղղափառ ժողովին: Հետեւաբար, չկա քաղաքական դավադրություն, առավել եւս չկան դրդապատճառներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի արյունալի հակամարտության հետ, որը բաժանում է երկու տարածաշրջանները:
Սակայն, հայ ժողովրդի հետ հանդիպումը չէր կարող հետաձգվել: Ի դեպ, Սրբազան Քահանայապետը ցանկանում էր ուղեւորությունը կատարել Մեծ Եղեռնի ապրիլյան տարելիցին հնարավորինս մոտ ժամանակահատվածում, որի հարյուրամյակը նշվեց անցյալ տարի Սուրբ Պետրոսի տաճարում Հայրապետի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
«Ֆրանցիսկոսը ցանկացավ պատասխան այց կատարել, – ասաց Հայր Լոմբարդին,- այցելել Կաթողիկե համայնք եւ խրախուսելու նրան, արտահայտելու իր մտերմությունը, աջակցությունն ու բարեկամությունը»: Միեւնույն ժամանակ, հայ ժողովուրդն անհամբեր սպասում է Հռոմի եպիսկոպոսի այցին:
«Զրույցի այլ թեմաներ չկան բացի Սրբազան Հոր այցից: Նմանատիպ նամակներ եւ ուղերձներ են ստացվում. «Եկե՛ք տեսնենք Պապին; եկե՛ք տեսնենք նրան գոնե մի քիչ մոտիկից», – բացատրեց Հոգշն. Հ. Անդրանիկ ծ.վ. Այվազյանը: «Որդիական զգացում կա Եկեղեցու համընդհանուր Հոր նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ բնակչության 90% – ը կաթողիկե չէ, հատկապես՝ Երեւանում: Ամեն ինչ արվում է ուրախությամբ, պարզությամբ եւ այն հույսով, որ Հայաստանի ապագան ավելի լավը կլինի, քան հիմա է»:
Օսմանյան կայսրության 1915-1916 թթ կոտորածների ծանրությունը դեռ զգացվում է: Ինչպես նշեցի, Ֆրանցիսկոսը հիշատակի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդի համալիրում, ինչը պարտադիր քայլ է բոլոր անձանց համար, ովքեր այցելում են Հայաստան», – ընդգծեց Հայր Լոմբարդին: Քահանայապետին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին այնտեղ կընդունեն ՀՀ Նախագահը եւ մի խումբ երեխաներ՝ ձեռքերին սպանդի լուսանկարներ եւ հիշողություններ:
Այնուհետեւ, «անմար կրակի» մոտ ծաղկեպսակ դնելուց, երգերից ու ընթերցումներից հետո, Պապը բարեխոսության աղոթք կասի իտալերեն լեզվով, որին կհաջորդի «Հայր Մեր»-ը, որը ամեն մարդ իր լեզվով կասի: Այցը կշարունակվի զբոսանքով հուշահամալիրի այգում, որտեղ ծառ կտնկվի ի հիշատակ այս այցի, ապա տեղի կունենա հանդիպում հալածվածների ժառանգների հետ:
Հաջորդ օրը Պպաը կգնա երկրի հյուսիս՝ Գյումրի՝ Հայաստանում Կաթողիկե համայնքի գլխավոր կենտրոն: Վարդանանց հրապարակում, որը նվիրված է հայ ժողովրդի նահատակված հերոսին, Ողորմության Ուխտի Պատարագ կմատուցվի: Սա նորություն է, քանի որ «Հայաստանում երբեք պատարագ չի մատուցվել հրապարակում, ըստ հայկական ավանդույթի մարդիկ աղոթում են միայն եկեղեցում», – բացատրեց Հայր Լոմբարդին: Մյուս նորամուծությունը պապամոբիլով շրջայցը կլինի, որից հետո Ֆրանցիսկոսը կգնա Տիրամայր Հայաստանի կենտրոն, որը նաեւ մանկատուն է:
Շաբաթ օրը կեսօրին նախատեսվում է այց նաեւ Հայ Առաքելական «Յոթ Վերք» եկեղեցի եւ ապա Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» աթոռանիստ եկեղեցի, որը օծվեց վերջերս՝ 2015 թ.-ի սեպտեմբերին, Կարդինալ Սանդրիի կողմից: Օրվա վերջում Սրբազան Հայրը կվերադառնա Երեւան՝ էկումենիկ աղոթքին, հանուն խաղաղության հանդիպմանը մասնակցելու հանրապետության հրապարակում: «Թվային տեսանկյունից դա ամենակարեւոր միջոցառումն է, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ են ակնկալվում», – ասաց Հայր Լոմբարդին:
Հունիսի 26-ին Սրբազան Քահանայապետը կգնա Խոր Վիրապի վանք, մտածելու տեղիք տվող վայր, որ մոտ է Արարատ լեռանը, սիրված է հավատացյալների կողմից, որովհետեւ, դա այն վայրն է, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված է եղել 13 տարի: Տաս մետր խորություն ունեցող սենյակում, որտեղ Սուրբը բանտարկված է եղել, Պապը կաղոթի ու արհեստական ջահ կնվիրաբերի:
Այնուհետեւ, Վանքի պատշգամբում, նայելով Արարատին, Թուրքիայի սահմանից մի քանի քայլ հեռու, Սրբազան Հայրը երկու աղավնի բաց կթողնի ի նշան «խաղաղության մեծ ցանկության»: Այնտեղից նա կգնա օդանավակայան եւ կվերադառնա Հռոմ:
Անշուշտ, ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարցրեցին «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել չցանկանալու մասին, նաեւ Հայր Լոմբարդիի կողմից, ով նախընտրեց օգտագործել Մեծ Եղեռն արտահայտությունը: Վատիկանի մամլո խոսնակի պատասխանն ուղիղ էր, ով որակեց հարցը «մոլուցք» մամուլի կողմից. «Մեզանից ոչ ոք չի հերքում, որ եղել են այդ կոտորածները, սակայն չենք ցանկանում այս քաղաքական-սոցիոլոգիական վեճերի մեջ մտնել: Դա հսկայական ողբերգություն է, եւ ես նախընտրում եմ օգտագործել Մեծ Եղեռն տերմինը, որն օգտագործում են իմ հայ եղբայրները, եւ որն ունի շատ ավելի զորեղ իմաստ»:
Հայր Այվազյանը բացատրեց, որ Մեծ Եղեռնն ունի «մեծ արմատականության, արյունակից ժողովրդի ամբողջ ներկայության ջնջման» իմաստ: Դա այն է, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Քրիստոսից մի քանի դար անց՝ հասնելով իր գագաթնակետին 1915 թ.-ին «պատմական սխալով», որի ճանաչումը Թուրքիայի կողմից դեռ սպասվում է: