«Մեր կյանքը ուխտագնացություն է, շարունակական ապաշխարություն»:
Ժողովրդական կրոնական ավանդույթներն անքակտելիորեն կապված են սոցիալական վկայության հետ. դեկտեմբերի 4-ին Սևիլյայում կայացած «Եկեղեցական եղբայրություններ և ժողովրդական բարեպաշտություն» համագումարի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հենց դա է ընդգծում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:
Նորին Սրբությունն ընդգծում է ավետարացման համար շատ կարևոր ժողովրդական բարեպաշտական ավանդույթների արժեքն ու կարևորությունը. եկեղեցական եղբայրությունների կողմից ավանդաբար կազմակերպվող տոնական երթերը «թույլ են տալիս Քրիստոսին դուրս գալ փողոց», իսկ դա հոգևոր գեղեցկության և ողորմության հրաշալի վկայություն է։
«Մեր կյանքը ուխտագնացություն է, շարունակական ապաշխարություն», – գրում է Սրբազան Քահանայապետը և մեջբերում սուրբ Մանուել Գոնսալեսին, ով խոսում էր «դեպի այնտեղ և ետ ճանապարհորդության մասին. ճանապարհորդությունը դեպի այնտեղ սկսվում է Քրիստոսով և ավարտվում ժողովրդի մեջ, իսկ հետադարձ ճանապարհը սկսվում է ժողովրդի մեջ և ավարտվում Քրիստոսի մեջ»։ Ապա Նորին Սրբությունը խոստովանում է, որ սուրբ Մանուել Գոնսալեսի այդ մեջբերումը նա վերցրել է մի աշխատությունից, որը չի վերաբերում ժողավրդական բարեպաշտությանը, այլ Եկեղեցու սոցիալական պարտականությանը, աշխարհականների՝ աշխարհը վերափոխելու պարտականությանը: Սակայն քրիստոնեական վկայության այս երկու ձևերի միջև ուղիղ կապ կա. փողոցային բարեպաշտ երթի ժամանակ մենք Քրիստոսին «տանում ենք» մեր ուսերի վրա, հետևաբար մենք կանչված ենք մեր ուսերին տանելու ճանապարհին հանդիպած եղբորը, ինչպես կաներ Բարի Հովիվը։
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը