«Իմ պատասխանն է՝ աղոթեցե՛ք».Երանելի Մայր Թերեզա
Իրաքում, Սիրիայում, Նիգերիայում և այլուր տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները անտարբեր չեն թողնում բազում քրիստոնյաների, ովքեր անդադար աղոթում են այդ երկրներում խաղաղության համար: Աղոթքի և ծոմապահության միջազգային կոալիցիան (International Coalition of Prayer and Fasting) աղոթքի և ծոմապահության շաբաթ է կազմակերպում սեպտեմբերի 20-28-ը, Վաշինգտոնում, Անարատ հղության ազգային սրբավայրի տաճարում: Աղոթքներին ու ծոմապահությանը կմիանան թե կաթողիկե և թե այլ Եկեղեցիների քրիստոնյաներ, ովքեր կմասնակցեն Սբ. Պատարագների, այլ միասնական աղոթքների, կլսեն ելույթներ, վկայություններ աղոթքի և ծոմապահության անհրաժեշտության և ազդեցության մասին, ներկա կլինեն Սբ. Հաղորդության երկրպագության ժամերի, շատերը ծոմ կպահեն: 9-օրյա այդ աղոթքների դիտավորությունները կլինեն աշխարհում կյանքի մշակույթի կառուցմանը, խաղաղության հաստատմանը նպաստելը: «Խաղաղությունը չի հաստատվի իշխանավորների համաձայնությամբ, այլ՝ միայն այն դեպքում, երբ մարդկությունը վերադառնա Աստծուն, ինչին կոչված ենք աղոթքի, ծոմապահության և ապաշխարության միջոցով: Աղոթքն ու ծոմը կարող են կանգնեցնել պատերազմները».ասել է կոալիցիայի նախագահ Մորին Ֆլինը և օրինակ է բերել Վարդարանի աղոթքի միջոցով 1571թ. Լեպանտոյի մոտ թուրք զավթիչների նկատմամբ քրիստոնյաների հաղթանակը: Կոալիցիայի անդամները Աստվածածնի նվիրյալներ են և շատ են կարևորում Վարդարանի աղոթքները: Աղոթքի և ծոմապահության միջազգային կոալիցիան նախաձեռնվել է 1990թ. Միացյալ Նահանգներում՝ Միացյալ Նահանգներում քրիստոնեական կյանքից հեռու ապրող կաթողիկներին Եկեղեցի բերելու և նրանց մեջ հոգևոր կյանքն արթնացնելու նպատակով: Կարճ ժամանակում կոալիցիայում ընդգրկվել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, քրիստանեկան արժեքներ տարածող և կյանքի իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տարբեր մասնագիտությամբ ակտիվ անհատներ ու կազմակերպություններ: Կոալիցիան երկու անգամ ստացել է Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի օրհնությունը: