Զմմառի վանքի միաբանական ժողովն ավարտվել է
Օգոստոսի 4-9-ը Զմմառի վանքում օրհնությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, տեղի է ունեցել Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության ժողով, որին մասնակցել են Զմմառի միաբանության անդամներ՝ աշխարհի տարբեր անկյուններից՝ եպիսկոպոսներ և վարդապետներ: Ժողովը քննարկել է Միաբանությանը, Հայ Կաթողիկե Եկեղեցուն հուզող հարցեր, Մերձավոր արևելքում ապրող քրիստոնյաների վիճակը: Ժողովի փակման հաղորդագրության մեջ նշված է, որ հարկ է գործնական քայլեր կատարել և Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին բախտի քմահաճույքին չթողնել.Եկեղեցու դերն այսօր առավել մեծ է քան երբևէ, վստահ են ժողովականները: Ի շարս այլ խնդիրների, ժողովում քննարկվել է քահանայական կոչումների պակասի խնդիրը և Հայաստանում դպրեվանք ունենալու հնարավորությունը: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերպծ. Ռաֆայել Արք. Մինասյանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում շենք տրամադրել դպրեվանքի և Զմմառի Միաբանության առաքելության համար: Քննարկվել է նաև Զմմառի Միաբանությունը Հայաստանում գրանցելու ներկայիս գործընթացը, որն ավարտին հասցնելու համար դեռ ժամանակ է հարկավոր: Ժողովականներն իրենց գնահատանքն են արտահայտել նաև եկեղեցական հաղորդակցության միջոցների աշխատանքին, Հռոմի Լևոնյան վարժարանի ձեռքբերումներին: Միաբանական այս համաժողովի միջոցով սկիզբ է առնում մի նոր շրջան, որը պետք է հատկանշվի թեմակալ եպիսկոպոսների, Առաջնորդների և Զմմառի Միաբանության միջև ավելի անկեղծ, եղբայրական հարաբերություններով.ասված է ժողովի հաղորդագրության մեջ: