Ո՞րն է քրիստոնյայի ID քարտը.Ֆրանցիսկոս Քահանայապետի քարոզը, 10 Փետրվարի, 2015թ.
Փետրվարի 10-ին Սուրբ Մարթայի տաճարում Սբ. Պատարագի ընթերցված հատվածի՝ Ծննդոց գրքի 1:20-2:4 համարների շուրջ խորհրդածելիս Սրբազան Քահանայապետը հրավիրել է մտածել բոլոր ժամանակների փիլիսոփաներին մշտապես հուզող հիմնական հարցի շուրջ.«Ո՞վ եմ ես»: Մարդու ինքնությունը կամ ID քարտը կարելի է գտնել միայն Աստծո պատկերի, Աստծո նմանության մեջ: Իսկ ինչպե՞ս գտնել Աստծո պատկերը: Պատասխանը համակարգչի կամ գրքերի մեջ չէ, վստահեցնում է Քահանայապետը, այլ հարկ է կատարել մի շատ առանցքային ներքին ճամփորդություն՝ գտնելու համար Աստծո դեմքը: Այդ ճամփորդությունը կատարելու համար հարկ է թողնել մեր ունեցած բոլոր կարծիքները Աստծո մասին, դա նշանակում է համարձակ ու բարդ մի քայլ կատարել: Աստծուն տեսնելու համար հարկ է դժվարին ճանապարհ անցնել, ինչպես օրինակ Եղիա մարգարեն, որ լեռը բարձրացավ: Հանգիստ նստած քրիստոնյան չի կարող գտնել Տիրոջ դեմքը, նա կարող է ասել.«Աստված այսպես է, կամ այնպես է…», բայց իրականում չգիտի Աստծուն: Պետք է անհանգիստ լինել ու միշտ փնտրել Տիրոջը: Քահանայապետը բերում է Հոբի օրինակը.ընկերներին լսելով նա չկարողացավ գտնել Աստծու իրական դեմքը, այլ տեսավ միայն այն ժամանակ, երբ թույլ տվեց, որ Աստված անմիջականորեն հարցեր ուղղի իրեն: Եվ այդ ժամանակ է, որ ասաց Աստծուն.«Ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան հենց Քեզ» (Հբ., 42:5): Աստծո պատկերը գտնելով մարդ գտնում է իր ճշմարիտ «ես»-ը, իր ինքնությունը: Սեփական անձի համար հարմարավետություն ստեղծելով, սեփական գաղափարներով ու օրենքներով Աստծու ճշմարիտ էությունը քողարկելով՝ լռեցնում ենք մեր ներքին անհանգստությունը. Աստծո ճշմարիտ դեմքը գտնելու ձգտումը, փափագը հանգում է, ինչպես եղել է փարիսեցիների, օրենսգետների պարագայում: «Աստծու պատվիրանը լավ անարգում եք, որպեսզի ձեզ ավանդությունը հաստատեք» (Մրկ., 7:9).ասում է Հիսուսը նրանց: Ուրեմն, ամփոփում է իր միտքը Քահանայապետը, հարկ է պահել Աստծո բոլոր պատվիրանները, սա է Աստծո դեմքը: Մարդը պետք է այս աշխարհում սկսի փնտրել Տիրոջը և մի գեղեցիկ օր կտեսնի Նրան դեմ առ դեմ:
Թարգմանությունը կատարված է L’Osservatore Romano թերթի կայքի անգլերեն հրապարակման տեքստից: