Ինչպիսի՞ն պետք է լինի ընտանիքի հայրը.Սրբազան Քահանայապետի նկարագրությունը, 4 Փետրվարի, 2015թ.
Քահանայապետն իր ընդհանուր ունկնդրությունների վերջին երկու ելույթները նվիրել է ընտանիքի հոր կերպարին: Երկու ելույթներում էլ մեկ առանցքային միտք ասեղի նման թելում է ամբողջ քարոզը.հայրը պետք է միշտ ներկա լինի ընտանիքում: Հայրը պետք է միշտ լինի կնոջ հետ՝ կիսելով նրա ուրախությունն ու տխրությունը, ջանքերն ու հույսերը, պետք է լինի երեխաների կողքին, երբ նրանք մեծանում են, երբ խաղում են, երբ զբաղված են, երբ անհոգ են, կամ ընկճված, երբ ինքնարտահայտվում ենք կամ լռում, երբ համարձակվում են և երբ վախենում են, երբ սխալ քայլ են անում և երբ դարձյալ ճիշտ ճանապարհն են գտնում: Բայց միշտ ներկա լինելը չի նշանակում վերահսկել, բացատրում է Սրբազան Քահանայապետը.երբ հայրերը չափից դուրս վերահսկում են զավակներին, թույլ չեն տալիս նրանց աճել, զարգանալ: Քահանայապետը որպես հոր կերպարի կատարյալ օրինակ մատնանշում է Հայր Աստծուն և հիշեցնում է անառակ որդու վերադարձի մասին առակը, որտեղ մեր առջև է ներող ու անսահմանորեն սիրող մի հոր կերպար, ով չի հոգնում սպասել, համբերատար է և ողորմած: Երեխաները կարիքն ունեն գտնելու մի հոր, ով միշտ սպասում է իրենց վերադարձին, նույնիսկ ձախողվելուց հետո: Եթե երեխան նման հայր չի գտնում, նրա հոգում չսպիացող վերքերն են հայտնվում: Լավ հայրը ունակ է սպասել և ներել, բայց ունակ է և հաստատակամորեն ուղղելու, նա թույլ չէ, հարմարվող կամ չափից դուրս զգացմունքային (sentimental) չէ, նա կարողանում է ուղղել առանց հուսահատեցնելու և միշտ անխոնջ պաշտպանել իր զավակին: Լավ հայր լինելու քաջությունը պահելու և չհուսահատվելու համար հայրերը կարիքն ունեն Երկնավոր Հոր շնորհին, աղոթքի միջոցով, վստահ է Քահանայապետը: