Աստծո կամքը կատարելը միակ ճանապարհն է դեպի սրբություն.Քահանայապետի քարոզը, 27 հունվարի, 2015թ.:
Սրբազան Քահանայապետն իր առավոտյան քարոզում, Սբ. Պատարագի ընթացքում, ուշադրություն է հրավիրել Աստծո կամքը կատարելու պարտականության մասին: Արդյո՞ք, որպես քրիստոնյաներ, մենք ջանում ենք կատարել Տիրոջ կամքը, կամ գիտե՞նք, թե ինչ է կամենում Տերը: Երբ Ադամը դրախտում չհնազանդվեց Տիրոջ կամքին, չարիք բերեց մարդկության գլխին: Մեղքը ևս Աստծո կամքը չկատարելն է: Տիրոջ կամքը կատարելու գերագույն օրինակը երկնքում Որդին է, իսկ երկրիս երեսին՝ Մարիամը, ով Գաբրիելին պատասխանեց.«Թող լինի ինձ ըստ քո խոսքի», այսինքն՝ թող լինի Տիրոջ կամքը: Այդ անվերապահ «այո»-ով Տերն իր ճամփորդությունն ու փրկչական տնօրինությունն իրականացրեց մարդկության համար: Աստծո կամքին հետևելը շատ դժվար է, համոզված է Քահանայապետը, նույնիսկ Հիսուս դժվարանում էր, հիշենք Գեթսեմանիի պարտեզում Նրա աղոթքը, տառապանքը: Մեզ համար էլ դժվար է, հետևաբար պետք է խնդրենք Տիրոջ շնորհը, որը մեզ կզորացնի՝ կատարելու համար Տիրոջ կամքը: «Արդյո՞ք աղոթում եմ, որ Տերն ինձ ցանկություն տա՝ կատարելու իր կամքը, թե ուզում եմ զիջումների գնալ Տիրոջ հանդեպ վախիս պատճառով»: Աղոթել, որ Աստված շնորհ տա՝ իմանալու իր կամքը և հետևելու իր կամքին, որպեսզի մի օր Հիսուս կարողանա մեր մասին ասել նույնը, ինչ ասաց ի պատասխան նրանց, ովքեր հայտնեցին, թե իր մայրն ու եղբայրները սպասում են իրեն.«Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները: Ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը» (Մտթ., 12:49):