• Գտնել Քրիստոսին` նշանակում է խաղաղություն ձեռք բերել սրտում

    «Անդադար փնտրել Հարուցյալ Քրիստոսին. Նա լիառատ կյանք է պարգևում Իրեն հանդիպողներին»


    Ապրիլի 5-ին՝ երկուշաբթի, «Թագուհի երկնի՝ Regina Caeli», աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Առաքելական պալատի գրադարանից մեկնաբանեց մի հատված Մատթեոսի Ավետարանից (Մտթ. 28, 1-15):

     

    Երկնքից իջած Տիրոջ հրեշտակը խնդրում է կանանց չվախենալ: Մենք կարող ենք արժեքավոր դաս քաղել նրա խոսքերից, ընդգծեց Նորին Սրբությունը. պետք է անդադար փնտրել Հարուցյալ Քրիստոսին. Նա լիառատ կյանք է պարգևում Իրեն հանդիպողներին: «Գտնել Քրիստոսին՝ նշանակում է խաղաղություն ձեռք բերել սրտում», և հավատացյալները կանչված են ընդունելու այդ բարի զատկական լուրը իրենց սրտերում, տներում և ընտանիքներում. «Հարուցյալ Քրիստոսը այլևս չի մահանում, մահն այլևս չունի իշխանություն Նրա նկատմամբ»: Այս զատկական օրերին մեզ համար օգտակար կլինի կրկնել. «Տերը ո՜ղջ է», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Աստծո կողմից ուղարկված հրեշտակը ոչնչացնում է չարի և մահվան տեսանելի կնիքը՝ ծանր քարը, որը կնիք դրեց Տիրոջ գերեզմանին, Հիսուսի հալածիչների և թշնամիների բոլոր ծրագրերը ապարդյուն էին: Գերեզմանաքարին նստած հրեշտակի կերպարը մարմնավորում է Աստծո բացարձակ հաղթանակը չարի նկատմամբ, Քրիստոսի հաղթանակն՝ այս աշխարհի իշխանի նկատմամբ, լույսի հաղթանակը՝ խավարի նկատմամբ:

     

    Դատարկ գերեզմանը մարդկանց մոտ հակասական արձագանքների տեղիք է տալիս, ընդգծեց Նորին Սրբությունը. Հարության զորությունը «մեծ ուրախությամբ» է լցնում վախեցած կանանց, բայց մահվան հաղթանակին ծառայած պահակներին  տապալում և սարսափ է ներշնչում:

     

    Պահակները գիտեին ճշմարտությունը, սակայն որոշեցին թաքցնել այն՝ ենթարկվելով իրենց հրամանատարների կաշառումին. ճշմարտությունը վաճառած և կաշառքն իրենց գրպաններում՝ նրանք գնացին պատմելու, որ Քրիստոսի մարմինը գողացել են Նրա աշակերտները: Փողի կուռքը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը,  նույնիսկ Քրիստոսի հարության ժամանակ, ձայն է բարձրացնում՝ Աստծո հաղթանակը ժխտելու համար:

     

    Սակայն Քրիստոս անվերապահորեն հաղթեց մահվանը և զրկեց իշխանությունից: Հենց այդ վստահությունն է խրախուսում մեզ աղոթել «Regina Caeli, laetare – Երկնքի թագուհի, ուրախացի՜ր».

     

    «Այժմ Սուրբ Կույս Մարիամի ուրախությունը լիակատար է. Հիսուս ողջ է, Սերը հաղթեց: Թող դա էլ լինի նաև մեր ուրախությունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց